Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պարոն Փաշինյանն այցելեր Աշոցքի ու Ամասիայի գյուղեր, ինձ թվում է՝ նա կսկսեր «տրագեդիաներ» գրել»․ քաղաքագետ

Մարտ 18,2019 17:26

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անակնկալ կերպով գյուղեր այցելելը համարում է PR-ի հին մեթոդ, որը դեռ 50-60-ական թվականներին բավական կիրառելի է եղել Եվրոպական երկրներում։

«Նոր մեթոդ չէ սա մեզ համար, եթե ուզում եք անկեղծ իմանալ, այս նույն մեթոդները 2003 թվականին Միխայիլ Սահակաշվիլին էր կիրառում վարդերի հեղափոխությունից հետո, նույն Յուշչենկոն էր կիրառում Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությունից հետո, Պորոշենկոն է կիրառել 2014 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո։ Այնպես որ՝ սա մեզ մոտ չկիրառված, բայց եվրոպաներում վաղուց կիրառված, հնուց եկած PR-ի մեթոդներ են։

Պետք է նշեմ, որ այս խայծը կարող է հասարակության՝ քաղաքական տեխնոլոգիաներից անտեղյակ զանգվածը կուլ տալ և զմայլվել։

Ինձ համար ավելի հետաքրքիր էր պարոն Փաշինյանի արձագանքն իր այցին Ռանչպար գյուղ և նրա հուզումնառատ ստեղծագործությունը․ ոտանավոր էր, չէ՞, գրել իր էջում։ Ես շատ զարմացած եմ, որ պարոն Փաշինյանը շատ զարմացած է․ նա եկել է իշխանության հեղափոխության ալիքներով, իսկ հեղափոխությունը տեղի չի ունենում այն երկրներում, որտեղ տնտեսական կամ քաղաքական վիճակը շատ լավ է։ Հեղափոխությունը տեղի է ունենում այն երկրներում, որտեղ կա կրիտիկական զանգված, որը դժգոհ է գործող իշխանություններից, իսկ գործող իշխանություններն էլ այդ դժգոհությանը զրո արձագանք են տալիս։ Շարունակում են հովանավորել իրենց ներկայացուցիչներին, շարունակում են «բեզպրեդելը», իսկ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը ծայրահեղ վատ վիճակում է գտնվում։

Հիմա հարց՝ պարոն Փաշինյանը տաս ամիս առաջ էր եկել իշխանության, ինքն ի՞նչ է արել այդ նույն դժգոհ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար, որ հիմա զարմանում է՝ գյուղում շատ տխուր վիճակ է։ Սա է խնդիրը։

Եթե նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս տաս ամիսների ընթացքում որևիցե քայլ է ձեռնարկել, որի շնորհիվ գյուղացին իր մաշկի վրա զգացել է դրական կողմերը և հիմա բողոքում է, իսկ իշխանությունները ունեն փաստ, որ այդ դրական որոշումների արդյունքում ժողովուրդը, հասարակության մեծ մասը, նույն ռանչպարցին պետք է զգար իր վրա, ապա ես կասեի՝ այո, պարոն Փաշինյանը շատ ճիշտ, տեղին է զարմանում։ Այդ նույն գյուղացին, որը նրա իշխանության գալուց առաջ էլ էր բողոքում բանկերի սարսափելի տոկոսներից, որ վերցնում ու չի կարող մարել, բողոքում էր գյուղապետարանի աշխատանքից, կրթության և գիտության նախարարության աշխատանքից, բողոքում էր տարածքային կառավարման նախարարության աշխատանքից, հիմա էլ է բողոքում։ Ի՞նչ են արել այս տաս ամիսների ընթացքում, որ ժողովուրդը չբողոքեր, ընդուներ ու ասեր՝ պարոն Փաշինյան, շնորհակալություն, որ իշխանության գալուց հետո շատ կտրուկ որոշեցիք, որ ասենք կառավարությունը պարտադրեց բանկերին տոկոսները նվազեցնել, ինչպես բոլոր նորմալ երկրներում։ Կամ ասենք հինգ օր հինգ հազարից ավելի բնակչություն ունեցող գյուղի դպրոցում գործադուլ է, վարչապետը զարմացած ասում է՝ բա ինչո՞ւ չեն գնում աշխատանքի։

Հետաքրքիր է, բա պարոն վարչապետին տեղյակ չե՞ն պահում, որ հինգ հազար բնակչություն ունեցող գյուղի դպրոցում գործադուլ է, տեսաք չէ՞ մարզպետի արձագանքը, գոնե ամոթ ունենար այդ տղան։ Բողոքող կինն ասում է՝ ուսմասվար են ընդունում մարզպետի մորաքրոջ հարսին, հարձակվեց այդ կնոջ վրա ու ասում է՝ նա իմ մորաքրոջ հարսն է։ Լավ, հետո այս կադրերով ո՞ւր ենք հասնելու»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանն այն քաղաքական գործիչներից չէ, որը տեղյակ չէ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակից։

«Պարոն վարչապետը եղել է թերթի խմբագիր և մինչ թավշյա հեղափոխությունը՝ ոչ միայն իր թերթում է տպագրել գյուղերի սարսափելի վիճակի մասին, այլ բարձրաձայնել է ԱԺ ամբիոնից։ Ես հիշում եմ, փառք ու պատիվ նրան՝ որպես ընդդիմադիր քաղաքական գործչի, ուղղակիորեն պարտադրում էր ԱԺ ամբիոնից, որպեսզի գյուղատնտեսության նախարարությունը զբաղվի Արարատյան դաշտավայրի խաղողագործների գումարների վերադարձման հարցով։ Ինքը շատ լավ գիտի գյուղի խնդիրների մասին, ինքը շատ լավ գիտի նաև քաղաքի խնդիրները, բայց շատ զարմանալի է, որ 10 ամիս լինելով իշխանության գլխին՝ փորձում է ներկայացնել, որ ինքը ամնեզիայով է տառապում կամ, տաս ամիսների ընթացքում իր ղեկավարած կառավարությունը դրական քայլեր է ձեռնարկել, բայց ժողովուրդը իր մաշկի վրա չի զգացել։

Լավ կլինի, որ պարոն Փաշինյանն անակնկալ գյուղեր այցելելուց հետո ոչ թե ոտանավորներ գրի, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկի։ Պարոն Փաշինյանին ավելի տխուր բան կասեմ՝ եթե ինքը այցելի Շիրակի մարզի գյուղեր, առավել ևս մարզի հյուսիսային շրջանների՝ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի, ինձ թվում է՝ ինքը սկսի «տրագեդիաներ» գրել։ Ինքը երևի նյարդային շոկի մեջ ընկնի, ամենայն հավանականությամբ այդ գյուղերում չի եղել, չի տեսել հյուսիսային Հայաստանի, հայ-վրացական սահմանի դատարկվող սարսափ գյուղերի տեսարանները, չի տեսել այն աղքատությունը, որն, ասենք, կա Գյումրու «Ֆանտան» կոչվող թաղամասում։ Կառաջարկեմ մի օր այդպես անակնկալ այցով գալ «Ֆանտան» թաղամաս, մտնել տնակներ և տեսնել, թե մարդիկ ինչպես են ապրում առնետների հետ միասին։

10 ամիս ղեկավարելով երկիրը՝ շատ վատ է, որ պարոն Փաշինյանը տխրում է, որովհետև 10 ամսվա մեջ այս փոքրիկ երկրում, որն ունի ընդամենը Մոսկվայի մեկ թաղամասի բնակչություն, կարելի էր շատ արագ, օպերատիվորեն ինչ-որ քայլեր ձեռնարկել»,-ասում է Գագիկ Համբարյանը։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գագիկ Համբարյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Որպես գիտակից քաղաքացի, օգնության կարգով, ուզում եմ հիշեցնել հարգելի քաղաքագետին, որ ինքը աչքատող է արել մշակութային արժեք ներկայացնող տաճարների և եկեղեցական համալիրների վերակառուցման խնդիրները, այն է՝
    Թալինի Կաթողիկե 4-20 դարեր, կիսավեր
    Սբ Գրիքոր Արուճի Կաթողիկե 5-7 դար, կիսավեր
    Կարմիր Վանք ավերված
    Եղիպատրուշի Վանք 13-րդ դար, կանգուն, գավիթը կիսավեր
    Արմոքի Սբ Ստեփանոս 13-14 դար, ավերակ
    Սպիտակ Վանք 1301 թ, կիսավեր
    Բայբուրդի եկեղեցական համալիր 5-7 դարեր, կիսավեր, պայթեցվել է գանձախույզների կողմից
    Խուցի եկեղեցական համալիր 10-13 դար, կիսավեր
    Զվարթնոց 5-7 դար
    «Կարմիր Եղցի» 9-12 դար, կիսավեր
    Շփրթանավանք 17-րդ դար, կիսավեր
    սա դեռ ամբողջ ցուցակը չէ: Հարգելի քաղաքագետ, ուշադրություն դարձրեք Բայբուրդի եկեղեցական համալիրի վրա, կարծում են, որ գանձախույզների գործունեությունը իրականացվել է թավշխա հեղափոխության օրերին, երբ երկրում անկայուն վիճակ էր:
    Միևնույն ժամանակ Դուք մոռացաք մատնանշել այնպիսի, ոչ պակաս կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ կիսավեր կրթական համակարգը, ավերված գյուղատնտեսությունը, ավերված գիտությունը, կիսավեր բժշկությունը, անցումային արդարադատությունը: Այս խնդիրների շարքում կարող ենք ներառել նաև Արցախի հարցը, արտաքին պարտքի խնդիրը, դատարկ բյուջեն և այլ մանր-մունր խնդիրներ: Ես, որպես քաղաքացի, միշտ պատրաստ եմ կանգնել, Ձեր նման արհեստավարժ և խորաթափանց նվիրյալների կողքին, որոնք այսպիսի ազգանվեր գործեր են իրականացնում, վեր հանելով ազգի կարևորագույն խնդիրները: Եթե Դուք, այս 10 ամիսների ընթացքում գյուղացիների կյանքում այսպիսի թաքնված խնդիրներ վեր հանեցիք, պատկերացնում եմ ինչ գործեր կանեիք, եթե լինեիք կառավարությունում: Չնայած, Ձեր տեղը «վեր հանելն է», իսկ իրենք, եթե վիզ են վերցրել, թող անեն: Մեր երկրի ծախկեցման և բարելավման համար մենք պետք է ավելացնենք մեր քաղաքագետների, մեկնաբանների և քննադատողների բանակը: Սա է մեր հաջողությունների գրավականը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031