2000 թվականի շախմատի աշխարհի փոխչեմպիոն, Իսպանիայի քաղաքացի Ալեքսեյ Շիրովը Եվրախորհրդարանի թեկնածու է առաջադրվել «Լատվիայի ռուսական միության» ցուցակով, որտեղ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Շիրովը Իսպանիայի քաղաքացիություն է ստացել 1996 թվականին եւ այդ երկրի դրոշի ներքո հանդես է եկել մինչեւ 2011 թվականը, որից հետո, ունենալով իսպանական անձնագիր, ներկայացրել է Լատվիան: Սակայն այս երկրի շախմատի ֆեդերացիայի հետ հակադրությունից հետո 2018 թվականից կրկին ներկայացնում է Իսպանիան:
Գրոսմայստերի խոսքով, քաղաքականություն մտնել իրեն դրդել է այն, որ անցած տարվանից Լատվիայում ռուս փոքրամասնության իրավունքները կտրուկ սահմանափակվել են: Ալեքսեյ Շիրովը նշում է, որ ինքը շատ է շրջագայում աշխարհում, լինում է տարբեր երկրներում եւ տեսնում, թե ինչպիսի վերաբերմունք պետք է լինի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: «Լատվիան, ցավոք, ուրիշ երկրների համար օրինակ չէ», – հայտարարել է շախմատիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ