Այսօր հայկական կինոյի խնդիրների մասին քննարկում էր կազմակերպվել ԱԺ-ում: Քննարկմանը մասնակցում էր նաեւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Նա մեր հարցին, թե ինչո՞ւ են հնդկական սերիալներն այդքան մեծ պահանջարկ վայելում մեր երկրում, հնարավո՞ր չէ Հայաստանում այնպիսի սերիալ նկարել, որ մերը նայեն, ոչ թե հնդկականը՝ պատասխանեց. «Դա էլ է տենդենց, մարդիկ նորություն են ուզում: Հիշո՞ւմ եք, մի ժամանակ բրազիլական սերիալներն էին, հիմա՝ հնդկական: Ես հետեւում եմ վարկանիշներին, կարծում եմ, իհարկե, զիջում են հնդկականները, որպես արտասահմանյան…բայց պետք է դրա մեջ գտնել որոշակի տրամաբանություն՝ ինչո՞ւ են նայում հնդկական սերիալները, միգուցե կա մշակութային նմանություն, կենցաղային նմանություն, հայերեները եւ հնդկերենը նույն հնդեվրոպական լեզվաընտանիքի անդամ են, շատ բառեր կան, որ նման են, ուտեստներ կան, որ նման են: Կա մի կապ, որ հայկական հեռուստադիտողը, անկախ իրենից, նաեւ որոշակի ճաշակային կապով փորձում է դիտել»:
Քեշիշյանը չհամաձայնեց, որ հայկական կինոյի ամենամեծ դժբախտությունը ֆինանսներն են: Նա ասաց. «Իմ օրինակով, որպես պրոդյուսեր, պետական ֆինանսավորումից օգտվել եմ ընդամենը մեկ անգամ, այն էլ, որ կարողանամ արտասահմանյան գործընկերներիս հետ համագործակցություն ունենալ»: Նա ասաց, որ միշտ կարելի է գտնել ձեւ՝ ֆինանսավորելու ֆիլմը, կարելի է դրամ կուտակել, հետո ծախսել:
Կինոյի պրոբլեմը, ըստ նրա, մասնագետների պակասն է, ուսուցողական գործընթացների պակասը, տեխնիկական հագեցվածության պակասը, «Կինոյի մասին» օրենքի բացակայությունը:
Հարցին՝ այդ օրենքը կլուծի՞ դաշտի խնդիրները՝ Քեշիշյանը պատասխանեց. «Կլուծի, եթե կարողանանք ունենալ ճիշտ հարկային-մաքսային վերաբերմունք: Շատ երկրներ, օրինակ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, կինոարտադրության համար գրավիչ են, որովհետեւ մաքսային արտոնությունները թույլ են տալիս, որ դրսի ֆիլմարտադրողները գան, այդ երկրում կինո նկարահանելու: Ֆիլմի ընդհանուր բյուջեի որոշակի տոկոսները հետ է վերադարձվում ֆիլմարտադրողին: Այդ հարկային արտոնությունները պետք է ունենան տեխնիկական սարքավորումներ ներկրող մարդիկ նաեւ: Այդ պարագայում կավելանա ֆիլմի վրա ծախսվող գումարը: Ես չեմ ասում եկամտահարկը չլինի եւ աշխատողները չհարկվեն, խոսքը ԱԱՀ-ի մասին է, շրջհարկով աշխատողների համար շահութահարկի մասին է խոսքը, որը բավականին կթեթեւացնի ֆիլմարտադրողների կյանքը: Հետո ոչ բոլոր տեսաարտադրանքի վրա պետք է տարածել սա: Եթե նկարահանվում է գովազդ կամ տեղի սպառման հեռուստատեսային արտադրանք, այդ ամենը կարող է հարկվել: Ինչ վերաբերում է կինոյին, որը պետք է բարձրանա մեծ էկրան, այդ դեպքում կարելի է հարկային օրենսդրությունն ուղղել կինոյի զարգացմանը»:
Մեր հարցին՝ բոլորը հարկային արտոնություն են ուզում ու չեն ուզում հարկեր վճարել, այդ դեպքում տնտեսական հեղափոխություն ո՞նց է իրականացվելու՝ Քեշիշյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ հիմա իմ ասածը խաթարելու է տնտեսական հեղափոխությանը, եթե այդպիսին պետք է լինի: Սա մի ձեւ է, որ հնարավոր լինի զարգացնել կինոն: Երբ մաքսային արտոնության մասին ենք խոսում, այնմաքսիմալ կերպով պետք է տեխնիկական սպասարկում արտադրող ընկերություններին: Սա թույլ է տալիս, որ ես էժան գնով վարձակալեմ այդ սարքավորումները: Մաքսային արտոնությունները ավելի գրավիչ են դարձնում արտասահմանցիների համար: Ես ունեցել եմ այդ փորձը, երբ իտալական ընկերությունն եկավ այստեղ ֆիլմ նկարահանելու, իրենք ասում էին՝ վայ, ինչ լավ կլիներ, եթե մե ԱԱՀ-ն հետ տային,, որովհետեւ մենք բավականին մեծ գումար ենք ծախսել ձեր երկրում: Հաջորդ անգամ գալու համար դա իրենց կլիներ խրախուսման ձեւ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ