«Սասնա ծռեր» կուսակցությունը սկսում է Արցախը ՀՀ-ի կազմում, մարզի կարգավիճակում, ներառելու գործընթաց: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
Արցախը ՀՀ կազմում ներառելու տարբեր առաջարկներ կան`հանրաքվե, երկու պետությունների խորհրդարանների որոշում, Հայաստանի կողմից Արցախի ներառում իր կազմ եւ այլն: «Սասնա ծռերը» որեւէ տարբերակի առաջնահերթություն չեն տալիս: Արցախը Հայաստանին միավորելու միջոցի որոշման համար, ըստ Վարուժան Ավետիսյանի, առաջին խոսքը պետք է պատկանի Արցախում նոր ձեւավորվելիք այն ղեկավարությանը, որի քաղաքականության հիմքում կլինի այս հարցը: Անկախ այս ամենից, «Սասնա ծռերը» կարծում են, որ սկիզբ պետք է դրվի Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների`հայաստանյան ընտրական գործընթացներին մասնակցելու հարցին: Այս առիթով ստորագրահավաք են սկսել`կուսակցության արցախյան կառույցի միջոցով:
Արցախյան «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Գեղամ Գրիգորյանը տեսակապի միջոցով ներկայացրեց կուսակցության հայտարարությունը: Դրանում, մասնավորաբար, ասված է. «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը, որպես Շարժման արցախյան բաղադրիչ, օրեր առաջ պաշտոնական գրանցում ստանալուց հետո, այդ առաջնահերթ խնդիրը լուծելու նպատակով նախաձեռնում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ստորագրահավաք-դիմում ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ ԿԸՀ-ին»։
Դիմումում նշվում է, որ Արցախում հաշվառված եւ դիմումը ստորագրող ՀՀ քաղաքացիները իրենց ընտրական իրավունքի իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունից եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով եւ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և ՀՀ հանրաքվեներին իրենց մասնակցությունն ապահովելու համար, այդ թվում՝
իրենց սահմանված կարգով ընդգրկել ՀՀ ընտրողների ռեգիստրում եւ սահմանված կարգով Արցախում ձեւավորել ընտրական տարածքներ եւ ընտրական տեղամասեր, ինչպես նաեւ կազմավորել համապատասխան ընտրական հանձնաժողովներ»։
2004-ին 14 հազար վերաբնակիչ կար Քաշաթաղի շրջանում, այսօր պաշտոնական տվյալներով, կեսից էլ մի փոքր քիչ է բնակչությունը: Մարդիկ սրտնեղում են երկու հայկական պետությունների միջեւ սահմանային անցակետի առկայությունից, քանզի համոզված են`Հայաստանն ու Արցախը մեկ պետություն են:
«Մենք վստահ ենք, որ արցախցիները կիսում են այս գաղափարը, վստահ ենք, որ սա բոլորի սրտով է»,- կարծում է «Սասնա ծռերի» ներկայացուցիչ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը`հավելելով, որ Արցախը Հայաստանի կազմում ներառելու իրավական գործիքակազմը կախված կլինի աշխարհաքաղաքական զարգացումներից, բայց հապաղել պետք չէ. «Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը: Օր առաջ այս վտանգը պետք է կանխել: Հուսով ենք, որ այս գործընթացին կաջակցեն այսօրվա երեւանյան իշխանությունները»:
Ժիրայր Սեֆիլյանն առայժմ չի մանրամասնում այն վտանգները, որոնք իրենց ստիպել են սկսել այդ գործընթացը: Դա կանի առաջիկայում: Մի բանում Ժիրայր Սեֆիլյանը վստահ է. «Արցախը երբեք չենք կորցնելու: Ավելին, դեռ մեր կորցրած հողերն ենք ետ բերելու»:
Ինչ վերաբերվում է արցախյան ներքաղաքական կյանքին, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, հասարակական համախմբումը Արցախում, մինչեւ 2020-ի մայիս պետք է կայանա Հայաստանին միավորվելու գաղափարի շուրջ: Միավորումը կծնի առաջնորդող խումբ, որն էլ հասարակությանը կհանի փողոց եւ կպահանջի արտահերթ ընտրություններ, նոր, լեգիտիմ իշխանության ձեւավորում: Եթե ինչ-ինչ պատճառներով իրենք չհասցնեն այս ծրագիրն իրագործել, ապա 2020-ի ապրիլ-մայիսին`ընտրությունների ժամանակ, կփորձեն մոբիլիզացիան իրագործել: Ժիրայր Սեֆիլյանն առայժմ չի հստակեցնում Արցախի նախագահի իրենց նախընտրելի թեկնածուն ո՞վ է, միայն ասում է, որ «երեւացողներից ոչ մեկին» չեն սատարելու, պարտադիր էլ չէ, որ «Սասնա ծռերը» թեկնածու առաջարկեն: Իրենք կաջակցեն այն թեկնածուին, որը «հին կլանի հետ» կապ չունի:
Ինչ վերաբերվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հավակնություններին`առաջիկա ընտրություններին մասնակցելու, Ժիրայր Սեֆիլյանը հստակեցնում է. «Մենք ողջունել ենք Սամվել Բաբայանի ակտիվությունը արցախյան ներքաղաքական կյանքում, բայց նաեւ հորդորել ենք`ճիշտ կլինի, որ ինքն աջակցողի դերում մնա`բոլորիս պատկերացրած նոր, որակյալ անձնավորությանը հասցնելու իշխանության»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սասնա ծռեռին ոչ մի մարդ Արցախում չի լիազորել հանդես գալ իր անունից և որոշել իր ապագան։ Անձամբ ես, իմ ընտանիքը, իմ շրջապատը նման բան չենք արել և չենք պատրաստվում անել։ Այնպես որ, խոսեք անձամբ ձեր անուններից ու այն մարդկանց, ում անձամբ ճանաչում եք։ Այսպիսով, Սեֆիլյանի վստահությունը անտեղի է, իսկ այդ կուսակցվության նպատակները Արցախում՝ բավականին մութ և մշուշոտ։ Սեֆիլյանը թող շրջի տներով ու կտեսնի, թե իրականում քանի արցախցի է կիսում իր տեսակետն ու քաղաքական հայացքները, եթե իրեն ընդհանրապես ցանկանան լսել։
ինծի ամէնաշատ խանգարողը, այս տարօրինակ խմբակին կապակցութեամբ, այն է որ՝ վատ անուն են տալիս «ազգայնականներին»…
եթէ իրենք են ազգայնականները, ուրեմն ես ալ Հայ Ազգի դաւաճան եմ, եալլա
ահա, յատկապէս Արցախի նիւթոէվ, դաւաճանութեանս անհերքելի փաստը՝
https://www.youtube.com/watch?v=yMMYxnzk2Ys&feature=youtu.be
ես 100% հակակարծիք եմ այս խմբակի արտայայտած ամէն մէկ խօսքին հետ. եւ 1000% դէմ՝ իրենց այդ անմիտ, արիւնալի արարքին, որ գործեցին Յուլիս 2016ին