Լրահոս
Օրվա լրահոսը

«6 տարեկան երեխային 18+ թվանշումով հեռուստաարտադրանքը մի թույլատրեք դիտել». Հրաչ Քեշիշյանը՝ հայկական սերիալների մասին

Մարտ 18,2019 16:29

Այսօր հայկական կինոյի խնդիրների մասին քննարկում էր կազմակերպվել ԱԺ-ում:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե եթերում ցուցադրվող ֆիլմերի հետ կապված ամենամեծ խնդիրը ո՞րն է, ըստ նրա՝ Քեշիշյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր արտադրող ինքը պետք է ունենա իր մասնագիտական պատասխանատվությունը եւ խիղճը եւ շարժվի ըստ այդ չափանիշների: Ես չեմ կարող որեւէ մեկին տալ գնահատական եւ ասել՝ արդյոք որակը կամ միտքը համապատասխանո՞ւմ են այն ցանկություններին, որ ունենք մենք եւ հեռուստադիտողը»:

«Փող չկա»-ով կարելի՞ է բացատրել ու արդարացնել այն որակը, որը հիմա կա՝ Քեշիշյանը պատասխանեց. «Հայկական հեռուստատեսությունը եւ կինոն այնպիսի իրավիճակում են, որ ստիպված են մեծ խնայողություններ անեն, շատ բաներից հրաժարվել արտադրանք ստեղծելիս: Սովորաբար բարդ իրավիճակներում ստեղծագործող մարդիկ միշտ կարողանում են գտնել ելքը: Այդ «փող չկան», իհարկե, ցավալի փաստ է, բայց ամեն դեպքում երբեմն մենք դաշտում տեսնում ենք այնպիսի լավ գործեր, որոնք արված են շատ սուղ գումարներով, փոքր ֆինանսավորմամբ, աչք են շոյում, հագեցնում են եւ դառնում են որոշակի պատմություն: Դրանք մեդալի հակառակ կողմերն են միշտ եւ միշտ կարող են իրար հետ եւ մրցել եւ կարող են իրար խանգարել»:

Խոսելով սերիալների մասին՝ Հրաչ Քեշիշյանը պատասխանեց. «Ես մեծագույն հաճույքով կարող եմ նայել այն սերիալները, որոնք բաղկացած են 16, 20, 25 մասից եւ որոնց մեջ կան ինձ հետաքրքրող թեմաներ, ես ուզում եմ հետեւել այդ թեմաներին ու հասկանալ այդ պատմության ավարտը»: Ըստ Քեշիշյանի, «Ասել, որ մեզ պետք չեն սերիալներ եւ դրանք են այն չարիքը, որ կործանում են մեզ եւ մեր երկիրը, մեծագույն սխալ է»:

Քեշիշյանն ասաց, որ սերիալը, Աստվածաշնչից սկսած, շարունակական պատմությունների հավաքածու է. «Հազար ու մի գիշերը սերիալի լավագույն պատմությունն է: Դա մեր մեջ մտած զվարճությունների, ժամանցի տեսակ է»:

Քեշիշյանը համաձայն չէ, որ հայկական սերիալներում քարոզում են բռնություն, բռնության տեսարաններ են, որոնցից վատ բան են սովորում: Դիտարկմանը, որ մանկահասակ երեխայի մոտ հայկական սերիալներում հարվածում են կնոջը՝ Քեշիշյանն արձագանքեց. «Գոյություն ունի տարիքային ռեյտինգի թվանշում: Եթե կա այդ թվանշումը, պետք է փորձել հետեւել դրան ու ասենք, 6 տարեկան երեխային 18+ թվանշումով հեռուստաարտադրանքը չթույլատրել դիտել: Ի վերջո, հենց այնպես չի ցուցադրվում բռնությունը, ցուցադրվում է ինչ-որ արարք խարազանելու եւ որոշակի պատմություն պատմելու համար, որպես կանոն, պատմության ավարտին չարը պատժվում է, ուսուցողական նշանակություն ունի: Հեռուստատեսությունը կարող է ունենալ ազդեցություն, բայց չի կարող լինել ուսուցման կամ քարոզելու տեղ: Հեռուստատեսությունը առաջին հերթին ինֆորմացիա է, երկրորդ տեղում է ժամանցը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031