Մարտի 11-14-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան–ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվեց սեմինարների շարք, որը վարում էր Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջազգային ծրագրերի ղեկավար Անդրես Աբադը և նույն համալսարանի Բիզնեսի կառավարման բաժնի դասախոս Վիտա Ժուկովան: Սեմինարների շարքը նվիրված էր ԵՄ հնարավորություններին՝ ընթացիկ ծրագրեր, ֆոնդեր, նախաձեռնություններ, առկա ռեսուրսներ։ Այն նախատեսված էր ինչպես ԵՊԼՀ դասախոսների, այնպես էլ համագործակցող կազմակերպությունների՝ Գավառի պետական համալսարանի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչների համար:
ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար և ՍՄԱՐԹ ծրագրի հայաստանյան համակարգող Լևոն Բաբամյանը մեզ հետ զրույցում ասաց․ «ՍՄԱՐԹ ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականին։ Նպատակն է երիտասարդների համար ստեղծել մեկ միասնական հարթակ իրենց գաղափարները, ստարտափային առաջարկներն ու ծրագրերը ներկայացնելու, աշխատելու, իրենց սեփական բիզնեսը հիմնելու համար։ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, տալով ֆորմալ կրթություն և աջակցելով ոչ ֆորմալ կրթությանը, մեծ ուշադրություն է դարձնում նաև ձեռնարկատիրության զարգացմանը, և այդ գիտելիքների տարածմանը ուսանողների շրջանում, որպեսզի նրանք ավելի մրցունակ դառնան թե՛ տեղական, թե՛ միջազգային աշխատաշուկայում»։
Գավառի պետական համալսարանից Ռուզաննա Սարգսյանը Օտար լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ է, մանկավարժական գիտությունների թեկնածու։ Գավառի պետական համալսարանի կայքէջում տեղադրված հայտարարությունից տեղեկանալով դասընթացների մասին՝ որոշել է մասնակցել։ «Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են, որովհետև հնարավորություն են տալիս թե՛ հայաստանյան, թե՛ եվրոպական բուհերի ներկայացուցիչներին, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և բիզնես սեկտորի ներկայացուցիչներին հանդիպել, քննարկել նոր գաղափարներ, ստեղծել նոր կապեր հետագա համագործակցությունների համար», – ասաց Ռ․ Սարգսյանը և հավելեց, – «դասընթացների արդյունքում բացահայտեցի նոր օնլայն հարթակներ և գործիքներ, սովորեցի, թե ինչպես կարելի է օգտվել Եվրոպական Միության վիճակագրական պորտալներից, ինչպես նաև ձեռք բերեցի գիտելիքներ և հմտություններ՝ ինչպես ներկայացնել հաղթող ծրագիր»։ ԵՊԼՀ Անգլերենի ամբիոնի դոցենտ Լիլիթ Բադալյանի խոսքով՝ նմանատիպ դասընթացները բարելավում են կրթական մակարդակը և մի շարք հնարավորություններ են ընձեռում թե՛ ուսանողներին, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմին։ Այս դասընթացների շրջանակներում ծանոթանալով ծրագիր գրելու գործիքակազմին և այն պատշաճ ներկայացնելու նրբություններին՝ այժմ արդեն հեշտորեն և ավելի մեծ հաճույքով կիրականացնի իր գաղափարները։ Լիլիթ Բադալյանը գտնում է, որ սա թիմային աշխատանք է, և որքան շատ մարդ տեղական գործիքակազմի մասին, այնքան գործընթացը կհեշտանա։
Դասընթացավար Անդրես Աբադը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ զգացված է հայ ժողովրդի ջերմությամբ և հյուրընկալությամբ, ապա անդրադառնալով ՍՄԱՐԹ դասընթացներին՝ ասաց, որ մասնակիցները շատ ակտիվ են, և հետաքրքիր է աշխատել նման մարդկանց հետ, քանի որ նրանց մոտ նկատում է ուսման և գիտելիքի ծարավ։ Ըստ Անդրես Աբադի՝ տեղեկատվությունը շատ մեծ է, կարծես մի օվկիանոս լինի, և իր խնդիրը մասնակիցներին ճիշտ ափ հասցնելն է, այսինքն՝ տեղեկատվությունը ճիշտ և հասանելի կերպով մատուցելը։ Նա գտնում է, որ այս գործընթացում հաջողության հասնելու գաղտնիքը համբերությունն է։
ԱՄԱՐԹ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Բելառուսը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ Սեմինարները ընդամենը ՍՄԱՐԹ ծրագրի մի մասն են։ Հիմնական նպատակն է մոտիվացնել բուհերի ուսանողներին, շրջանավարտներին և հետազոտողներին զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները, ակտիվացնել բուհ-գործատու համագործակցությունը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով։ ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար և ՍՄԱՐԹ ծրագրի հայաստանյան համակարգող Լևոն Բաբամյանը լիահույս է, որ ս.թ. հունիսի 24-ին Երևանի Վ․ Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ ԿԱՖԵ կենտրոնը, որից կկարողանան օգտվել թե՛ ուսանողները, թե՛ շրջանավարտները և թե՛ այլ երիտասարդներ։
Սեմինարների շրջանակներում մարտի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ բաց դասախոսություն ՀՀ մի շարք բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչների, դասախոսների և ուսանողների համար:
Արևիկ Հովհաննիսյան