«Հարցի պատասխանը նրանում է, որ նրանց ավելի «լավ» տեղ տեղափոխեցին: Նրանցից վերցրեցին հանրային-համայնքային տարածքը եւ տվեցին «ավելի վատը»՝ հանրային-համայնքային+զբոսայգի: Իսկ թե ինչ եղավ Մաշտոցի պուրակում, բոլորս գիտենք՝ «Տարոն ջան, սիրուն չի…»: Մաշտոցի պուրակի պայքարը Երեւանի պայքարի պատմության մեջ ուրույն տեղ ունի՝ ի պատիվ իմ ընկերների»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե իր դիտարկմամբ՝ տարիներ առաջ, երբ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Աբովյան փողոցի «բուտիկներն» ապամոնտաժվեցին, վերջիններիս սեփականատերերի եւ աշխատակիցների կողմից ինչո՞ւ չեղավ ընդվզում, ինչպիսին եղավ օրեր առաջ՝ օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման ժամանակ:
Վերջին իրադարձության միջադեպերի առնչությամբ Վիկտոր Մնացականյանը նշեց. «Եթե անձնական կարծիքս եք հարցնում, ճիշտ կլինի պարզեիք՝ ովքե՞ր են եղել սեփականատերերը: Քաղաքական դեմքեր ենք տեսել այդտեղ, որոնք, ասում են՝ ուղղորդված մարդկանց են բերել: Ոստիկանությունը հիմա ուսումնասիրում է տեսագրությունները: Ենթադրում եմ, որ փորձել են մարդկանց օգտագործել: Ի դեպ, որեւէ սեփականատեր, բացի մեկ սրճարանի ենթադրյալ սեփականատերերից, չենք տեսել: Ինքներդ նայեք տեսագրությունները: Տարբեր մարդիկ են եղել, ի՞նչ գործ ունեին այդտեղ, ինձ էլ է հետաքրքիր»: Իսկ թե ում է ակնարկում Վիկտոր Մնացականյանը, նա նախընտրեց հարցին չպատասխանել՝ հորդորելով տեսանյութերն ուսումնասիրել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ