www.aravot.am կայքում մարտի 17-ին հրապարակվել էր հոդված «Հավաստագրերը չկային. բերել էին միայն խրախուսական նվերները՝ գրքեր» վերնագրով, հեղինակը Արմենակ/ Արմեն/ Դավթյանն է, «Արմավիր» ՔԿՀ, ազատազրկված լրագրող:
Նյութի վերաբերյալ Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է պարզաբանում:
Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիչները «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունից անմիջապես հետո մրցանակները դատապարտված անձանց հանձնելու համար թույլտվության գրություն են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Թույլտվություն ստանալու օրը ՀԼԱ ներկայացուցիչները մուտք են գործել ՔԿՀ-ներ:
Արմենակ Դավթյանն արժանացել էր Հանրային լրագրության ակումբի կողմից խրախուսական դրամական մրցանակի (գումարը Արմենակ Դավթյանի տրամադրած հաշվեհամարին փոխանցվել էր մրցանակաբաշխությունից հետո), ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից հատուկ մրցանակի և DVV international-ի կողմից խրախուսական մրցանակի:
ՔՀԿ մուտք գործելու օրը հանձնվել են մնացյալ մրցանակները, որոնք եղել են գրքեր: ՔԿՀ-ում ՀԼԱ ներկայացուցիչները նկատել են, որ արտոնագիրը թողնվել է գրասենյակում և տեղում դա քննարկվել ու բացատրվել է: Հավաստագրերի փոխանցման վերաբերյալ նույն պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արմենակ Դավթյանի հետ՝ փոխանցել դրանք իր նախընտրած եղանակով՝ փոստով կամ իր ներկայացուցչին մեր գրասենյակում: Պայմանավորվածության համաձայն՝ Արմենակ Դավթյանը պետք է տեղեկացներ կազմակերպությանը փոխանցման ցանկալի տարբերակի մասին առաջիկա օրերի ընթացքում:
Տեղեկացնում ենք, որ Հանրային լրագրության ակումբը շարունակելու է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում ջանքեր չխնայել՝ նպաստելու փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։ Ծրագրի մասին մանրամասները տեսե՛ք այստեղ:
Ծրագրի բաղադրիչ հանդիսացող լրագրողական մրցույթի շրջանակում այս տարի նույնպես՝ Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար: Մրցույթի մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ:
Հանրային լրագրության ակումբ