ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 2010 թվականից Հայաստանի մասնագիտական ուսուցման ոլորտը մասնակցում է Թուրինի գործընթացին, որը 2 տարին մեկ թարմացվող Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող գործընթաց է: Այժմ մեկնարկել է 2018 -20 թթ փուլը:
«Թուրինյան գործընթացը Բոլոնյան գործընթացի նման մի գործընթաց է` մասնագիտական կրթության ոլորտում, որի հիմնական ուղղությունները հանդիսանում են տվյալների հավաքագրումը եւ դրանից բխեցնելով` հետագա բարեփոխումները: Եթե գնահատելու լինենք նախորդ տարիների գործընթացը, հենց այդ տվյալների հավաքագրումով եւ Ազգային զեկույցից են բխել մասնագիտական կրթության ուսուցման հետագա բարեփոխումները:
Սա Ռիգայի կոնվենցիայի շրջանակում իրականացվող 4 հիմնական սկզբունքների շրջանակում է տեղի ունենում: Մասնավորապես դա աշակերտության գաղափարն է, աշխատաշուկայի ուսումնասիրության, ցկյանս ուսումնառության, ձեռնարկատիրության»,- նշեց մեր զրուցակիցը:
Արտակ Աղբալյանը հավելեց, որ արդեն ունեն զարգացման ծրագիր, որը մեկ անգամ ներկայացրել են կառավարությանը, եւ որոշակի քննարկումների փուլում են գտնվում:
Նա անդրադարձավ նաեւ բյուջետային աջակցության ծրագրին, մասնավորապես aյդ շրջանակում 4 գյուղատնտեսական քոլեջների շինարարությանը, վերանորոգմանը, ենթակառուցվածքների ստեղծմանը եւ ամենաժամանակակից նյութատեխնիկական բազայի տրամադրմանը: «Քոլեջներից երկուսը գտնվում են Լոռու մարզում`Ստեփանավանի եւ Վանաձորի քոլեջներ են, մեկը` Գավառում, 4-րդ նոր ստեղծվող հաստատությունը կլինի Ապարանում, որտեղ որեւէ հաստատությունը չունենք, իսկ մարզը գյուղատնտեսական մարզ է իր բոլոր բաղադրիչներով»,- ընդգծեց Արտակ Աղբալյանը:
Նրա ձեւակերպմամբ, այս համատեքստում հատվում են երկու բան` Եվրոպական կրթական հիմնադրամի եւ Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ