Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» դժվար կացության մեջ է գցել Բաքվին. BBC

Մարտ 18,2019 14:12

Ադրբեջանում արդեն մի քանի ամիս է՝ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք քննարկումների տեղիք են տալիս՝ արդյոք դրանք լուրջ բարեփոխումների նախանշաններ են, թե՞ դրանց իմիտացիա, BBC-ի կայքում գրում է ադրբեջանցի լրագրող Լեյլա Ալիևան:

Նախագահ Իլհամ Ալիևը մի քանը հրաման է արձակել՝ ուղղված երկրի սոցիալական դրության բարելավմանը. նա կարգադրել է վարկեր տրամադրել խնդրահարույց ֆիզիկական անձանց, փոխհատուցում վճարել Ղարաբաղյան պատերազմի զոհերի ընտանիքներին, բարձրացնել ուսանողների կրթաթոշակները:

Տարեսկզբին համալրումներ են կատարվել 2017թ. նախագահական հրամանում՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ:

Կառավարությունը նաև ակտիվորեն խրախուսում է բնակչությանը օրինականացնել եկամուտները, փորձում է նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Օրինակ, ընդունվել է հարկահանության մասին օրենքի լրացում, որով մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցները 7 տարով ազատվում են եկամտահարկից:

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ նախագահը ծավալուն հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներից մեկին՝ պատմելով երկրի զարգացման իր տեսլականի մասին, այցելել է շրջաններ, որտեղ տեսախցիկների առաջ անսովոր մոտ շփվել է տեղի բնակիչների հետ՝ առանց թիկնապահների, և անգամ երգել է:

Փոխվել են նաև քաղաքական ակտիվիստների՝ սովորական դարձած ձերբակալությունները. երկարատև ազատազրկման փոխառեն նրանց ճաղերի ետևում փակում են մի քանի օրով:

Ոմանք, օրինակ, բլոգեր Մեհման Հուսեյնովը կամ ակտիվիստ Մամեդ Իբրահիմը, ազատ են արձակվել:

Որքանո՞վ է սա լուրջ

Որոշ հետազոտողներ կասկածի տակ են դնում այս փոփոխությունների լրջությունը: Նրանց մի մասին համար դրանք վկայում են նեղ «տեխնոկրատական մոտեցման» մասին, այսինքն փոփոխություններ՝ համապատասխան ոլորտների ղեկավար պաշտոններում մասնագետների նշանակելու, դրանով հանդերձ կառավարման էությունը չփոխելու ճանապարհով:

Մյուսները դա անվանում են PR-վարժություն և թղթարարություն, իսկ երրորդները հարց են բարձրացնում՝ որքանով կարող են իրավիճակը փոխել այդ հրամանները, անգամ եթե իրականացվեն:

Իրականում փոփոխությունները սկսվել են դեռ ավելի վաղ, երբ 2017թ. պաշտոնից, և հետևաբար ազդեցության գոտիներից ազատվեցին մի քանի նախարար-օլիգարխներ, օրինակ՝ տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը և հարկահանության նախարար Ֆազիլ Մամեդովը:

Միաժամանակ մի քանի պետական կառույցներ լուծարվեցին կամ միավորվեցին ուրիշների հետ: Տրանսպորտի նախարարությունը, օրինակ, լուծարվեց և միավորվեց կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ:

Նավթ. օրհնա՞նք թե անեծք

Փորձագետներն ու պաշտոնյաները համաձայն են մի բանում. Ադրբեջանը թևակոխել է հետնավթային ժամանակաշրջան:

Նավթային արտադրության անկումը և համաշխարհային շուկաներում նավթի գնի նվազումը առաջ հանգեցրել են մի շարք տնտեսական և սոցիալական հետևանքների, որոնք ստիպել են կառավարությանը գիտակցել, որ տնտեսության դիֆերսիֆիկացումը կենսական կարևորություն ունի:

Սակայն, համաձայն անկախ փորձագետների, բացի օբյեկտիվ գործոններից, նավթային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարությունը թույլ չի տալիս, չնայած արդեն ծախսված 100 միլիարդավոր նավթադոլարներին, երկրի հարստությունն օգտագործել առավելագույն շահույթով՝ ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ բնակչության բարեկեցիկության համար:

Ադրբեջան կամ ԱՄՆ. ով առաջինը սկսեց հորատել նավթահորերը

Նավթից կախվածություն ունեցող երկրների գլխավոր բնութագրիչներից մեկն է անդունդը մի կողմից էլիտայի և կառավարության, մյուս կողմից՝ բնակչության միջև (դրա վառ օրինակը Վենեսուելան է):

Որպես կանոն, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պետությունը (կամ քաղաքական էլիտան) գոյություն են ունենում հարկերի հաշվին, ոչ թե նավթային ռեսուրսների վաճառքից ստացված ռենտաների:

Դա, ըստ քաղտնտեսության դասականների, հանգեցնում է նրան, որ կառավարությունը կորցնում է կախվածությունը հարկ վճարող հասարակությունից և արդյունքում՝ նաև հաշվետվողականությունն իր գործողությունների և քաղաքականության համար:

Համաձայն Ռիչարդ Աուտիի «նավթային կամ ռեսուրսային անեծք» տեսության՝ նավթով հարուստ երկրներում նկատվում է ավելի ցածր տնտեսական աճ, ժողովրդավարության ավելի ցածր մակարդակ, զարգացման ավելի ցածր ցուցանիշներ, քան առավել քիչ ռեսուրսներ ունեցող երկրներում:

Թերի Լինն Կարլը ապացուցել է, որ դա վերաբերում է առաջին հերթին այն երկրներին, որոնք սկսել են իրենց ռեսուրսների ակտիվ առևտրային զարգացումը՝ նախքան իրենց մոտ դրվել են պրոֆեսիոնալ պետական և զարգացած ժողովրդավարական ինստիտուտների հիմքերը:

Ադրբեջանում աղքատությունը կոռուպցիայի, բյուրոկրատների կամայականությունների, քաղաքական հետապնդումների հետ վերջին շրջանում առաջ է բերում բավականին հաճախակի կրկնվող մասնավոր ցույցերի՝ բնակչության տարբեր շերտերի մասնակցությամբ:

Դրանց գագաթնակետը դարձավ 2019թ. հունվարի ընդդիմության ցույցը, որը, ըստ տարբեր հաշվարկների, հավաքել էր 3000-40 000 մարդ, որոնք պահանջում էին ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովի և մյուս քաղբանտարկյալներին: Բացի այդ, տեղի ունեցավ իր երկարատևության աննախադեպ զորակցության ակցիա՝ քաղբանտարկյալների հացադուլի տեսքով, որին միացել էին հայտնի ակտիվիստներ, բանտարկյալների ծնողները և լրագրողներ:

Չնայած ցույցի մասնակիցների վրա լուրջ ճնշումներին (բազմաթիվ ակտիվիստներ ձերբակալվել և կալանավորվել են, իսկ մյուսներին զգուշացնող հեռախոսազանգեր են կատարվել պետական մարմիններից՝ ճնշում գործադրելու փորձով), ցույցերն արդյունք տվեցին. բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ գործը փակվեց, և նա ազատ արձակվեց:

Արտասահմանը կօգնի, բայց ու՞մ

Հաշվի առնելով Ադրբեջանի կառավարման առանձնահատկությունները՝ առաջնորդի լեգիտիմության արտաքին աղբյուրները ոչ պակաս (եթե ոչ ավելի) կարևոր են, քան ներքինները:

Դա կարելի է տեսնել ռենտաների բաշխման օրինակով: Կառավարությունը շռայլորեն հովանավորում է մշակույթի ոլորտում մեծ թվով նախագծեր մի շարք եվրոպական երկրներում, աջակցում է լոբբիստական խմբերին և ներդրումներ է կատարում արտասահմանում արտադրության և ենթակառուցվածքների մեջ:

Ըստ հետաքննող-լրագրողների՝ միայն 2014թ. վարչակարգը 4 մլն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբինգի վրա:

Բայց այդ գործը բարդացել է Ադրբեջանի մասնակցությամբ մի քանի սկանդալների, ինչպես նաև Արևմուտքում կոռուպցիայի, փողերի լվացման, անօրինական եկամուտներն օֆշորներում թաքցնելու դեմ միջոցառումների խստացման պատճառով:

Ժամանակակից աշխարհում կոռումպացված պաշտոնյաների համար անհարմարությունները գնալով շատանում են: Անգամ Արևմուտքի և իր վաղեմի ու կարևոր գործընկեր Սաուդյան Արաբիայի հարաբերություններում նկատվում են լուրջ ճեղքեր:

Ոչ պակաս կարևոր է Ադրբեջանի վրա տարածաշրջանային ճնշումը: Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» և իշխանափոխությունը ծանր դրության մեջ է դրել Բաքվին, որտեղ ամենաքիչն էին սպասում իշխանափոխություն հարևան երկրում:

Տարածաշրջանում առաջինը լինելու մրցակցությունը և Արևմուտքի աչքում «կարևոր գործընկերոջ» դերակատարությունը նախկինի պես կարևոր գործոն է Հարավային Կովկասի երկրների քաղաքականության մեջ:

Եթե նախկինում Ադրբեջանն իրեն համարում էր Հարավային Կովկասում առաջատար Արևմուտքի անվտանգության շահերի (առաջին հերթին նավթային և կոմունիկացիոն) մատակարարման տեսանկյունից, ապա այժմ նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխության պատճառով էներգետիկայի ոլորտում նախագծերը կորցրել են կարևորությունը:

Դա նշանակում է, որ արտաքին գործոնների նշանակությունը իշխանության լեգիտիմության գործում թուլանում է, և երկրի առաջնորդը ստիպված է դիմել հասարակությանը՝ իր իշխանությունն ամրապնդելու համար:

Ներքին աջակցությունը կարևոր է Ադրբեջանի համար նաև նրա համար, որ դա ուղղակիորեն կանդրադառնա երկրի անվտանգության ամենակարևոր խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա:

Միաժամանակ Ռուսաստանի (ինչպես նաև Իրանի) ընկալումը՝ որպես հզոր տարածաշրջանային տերություն, թուլացել է միջազգային պատժամիջոցների ճնշման տակ:

Այս ամենը ստիպում է Ալիևին երկրի ներսում տիրող իրավիճակին ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան նախկինում: Բայց որքան հետու կարող է նա գնալ իր բարեփոխումներում:

Ի՞նչն է խանգարում փոխել Ադրբեջանը

«ՌԵԱԼ ТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը նկարագրել է երկրի տեսլականը՝ որպես ժամանակակից, ուժեղ և զարգացած պետություն՝ զարգացած սոցիալական քաղաքականությամբ, և որի քաղաքականության կենտրոնում մարդն է:

Նա խոսել է իշխանության թափանցիկության և այն մասին, որ սկսված բարեփոխումները կրում են համակարգային բնույթ:

Իհարկե, ուշագրավ է, որ խոսելով իր քաղաքականության մասին, նա երբեք չի արտահայտել «ազատություն» կամ «մարդու իրավունքներ» բառերը: Դա հիմքեր է տալիս ենթադրելու, որ այդ բարեփոխումները կավարտվեն այնտեղ, որտեղ կպահանջվի քաղաքական նորարարություն, կամ այնտեղ, որտեղ գործընթացները կարող են դուրս գալ իշխանության վերահսկողությունից:

Բացի այդ, երկրում կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ ստվերային տնտեսության մասը ամենաբարձրերից մեկն է աշխարհում (2007թ Ադրբեջանն այդ ցուցանիշով 151 երկրների շարքում 148-րդ տեղում էր) ենթադրում է հովանավորչական համակարգի աստիճանական ապամոնտաժում:

Բայց այդ գործընթացը հնարավոր չէ առանց «զսպումների և հակակշիռների» ինստիտուտների, որոնք կապահովեն որոշումների կայացման թափանցիկությունը. մամուլի անկախություն, անկախ դատական իշխանություն, ակտիվ քաղհասարակություն, արդար ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարան:

Այդպիսով, բարեփոխումների խորությունն ու իրատեսական լինելը կախված կլինի ինստիտուցիոնալ կարողություններից, ռեպուտացիոն և ներքին քաղաքական ռիսկերից:

«Մեգալվացքատան» սկանդալները

Չեր հասցրել մարել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալը, որում ներգրավված էին նաև մի քանի խորհրդարանականներ, երբ քննարկման թեմա դարձավ մեկ այլ թեմա, այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատունը»:

Փողերի լվացման այդ սխեմայի շրջանակում երկու տարում 2,9 միլիարդ դոլար է փոխանցվել Մեծ Բրիտանիայում գրանցված դրածո ընկերությունների հաշիվներին:

Պարզվել էր նաև, որ 2013թ. Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը մոտ 750 հազար դոլար էր ծախսել ԱՄՆ կոնգրեսականների այցը Բաքու կազմակերպելու վրա, ինչը համարվում է Կոնգրեսի կանոնադրության, ինչպես նաև ԱՄՆ դաշնային օրենսդրության խախտում:

Բացի այդ, Բրիտանիայում սկանդալ էր հասունացել Բաքվում կալանքի տակ գտնվող Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Հաջիևի կնոջ շուրջ:

Զամիրա Հաջիևան դատարանում ստիպված էր բացատրել այն եկամուտների աղբյուրները, որոնց շնորհիվ գնել էր անշարժ գույք և թանկարժեք հանրախանութում ծախսել ավելի քան 16 մլն ֆունտ սթեռլինգ:

Բացի այդ, Guardian թերթը հայտնել էր, որ նախագահ Ալիևի դուստրերը փորձել են Լոնդոնում ձեռք բերել մոտ 60 մլն արժողությամբ անշարժ գույք, իսկ ռուսական աղբյուրները հայտնել էին Ռուսաստանում Ալիևի որդու՝ Հեյդար Ալիև-կրտսերի բազմամիլիոն կարողության մասին:

Զարմանալի չէ, որ նախագահ Ալիևն այս իրավիճակում որոշեց ուշադրություն դարձնել իշխանության կայունության ներքին աղբյուրների վրա:

Հնարավոր է, որ կարիքը կստիպի իշխանություններին առնվազն առավել նուրբ արձագանքել հասարակական շարժումներին:

Մնացածը կախված կլինի նրանից, թե իշխանությունները որքանով կկարողանան կառավարել առանց կոնֆլիկտների և փոխհամաձայնության հասնել տարբեր ուժային կենտրոնների հետ, որոնք առաջանում են տնտեսության դիվերսիֆիկացման արդյունքում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031