«Հայ կոլայի» ու լիմոնադի արտադրությամբ զբաղվող այլ արտադրամասերի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կառավարության առաջ Նիկոլ Փաշինյանին հիշեցրին՝ թե ինչ ոգեւորությամբ են մասնակցել երկրում տեղի ունեցած հեղափոխությանը, սակայն մտքներով անգամ չի անցել, որ «ժողովրդի կառավարությունն» իրենց անգործ կթողնի:
Ի նշան ակցիզային հարկի բարձրացման դեմ բողոքի՝ արտադրամասերի աշխատակիցները բողոքի ցույց արեցին՝ ֆիննախից ու մասնավորապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից պահանջելով վերանայել այդ որոշումը:
Բողոքի ցույցն ուղեկցվում էր թմբուկներով, ծափերով ու «Հու-հա»-ներով, ճիշտ այնպես, ինչպես հեղափոխության օրերին՝ ձեռքները վեր բարձրացրած:
Սկզբում կառավարությունից փոխանցեցին, որ Մհեր Գրիգորյանը նիստի է, վերջացնի՝ կիջնի ցուցարարներին լսելու, ավելի ուշ՝ մոտ մեկ ժամ սպասելուց հետո, երբ «Հայ կոլայի» տնօրեն Տիգրան Հովսեփյանը բարձրախոսով հայտարարեց, որ «ժողովուրդը մրսում» է եւ պահանջում են, որ փոխվարչապետը իջնի, դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ Նաիրի Սարգսյանը ՝ փոխանցելով Մհեր Գրիգորյանի ասածները. «Պարոն Գրիգորյանն ասաց, որ ձեզ անպայման կընդունի, մինչեւ չընդունի, վերջնական որոշում չեն կայացնի եւ այս հարցով առաջ չեն շարժվի: Այսօր իր մոտ է հրավիրել ֆինանսների նախարարության աշխատակիցներին, լրացուցիչ քննարկելու համար»:
Տիգրան Հովսեփյանն ի պատասխան ասաց, որ լուծումը պետք է արագ գտնել, քանի որ դրանից է կախված իրենց բիզնեսի բնականոն աշխատանքը. «Մենք իրար հետ եղել ենք մի դաշտի մեջ, մի ընդհանուր նպատակ ենք հետապնդել, որ այս երկիրը զարգացնենք, այսօր գալիս ենք՝ կանգնում ենք այստեղ: Մենք խնդրում ենք, որ մեր հարցը ճիշտ լուծում ստանա»:
«Հայ կոլա»-ի տնօրենի խոսքով, հիմնավորումը, թե որպես վնասակար խմիչք է հարկը բարձրացվում, արանքից հանել են եւ մնացել է ֆիսկալ խնդիրը՝ պետությանը գումար է պետք եւ գազավորված ըմպելիք արտադրողները պարտավոր են ավել հարկ վճարել. «Թեզ են առաջ բերում, որ ասպարտամ նյութը վտանգավոր է: Ասպարտամը վտանգավո՞ր է 6 հազար անուն ապրանքների մեջ ասպարտամը օգտագործվում է՝ սկսած դեղորայքից»:
Տիգրան Հովսեփյանը վստահեցնում է, որ հարկի բարձրացման դեպքում իրենց արտադրամասը կփակվի, 100 աշխատակից անգործ կմնան: Նրա խոսքով, եթե նույնիսկ փորձեն աշխատեն էլ, ապա իրենք ոչ շահույթ կստանան, ոչ եկամուտ, հետեւաբար պետության հարկերն էլ չեն կարողանա վճարել. «եթե աշխատակիցներին ազատենք, եկամտահարկի գծով չենք ունենա վճարում, եթե այդ ամբողջ ցիկլը նայում ենք, ավելի շատ վնաս է տալու ակցիզային հարկի կիրառումը, քան օգուտ: Ես ուզում եմ, որ այս ամենը հասնի վարչապետին, քանի որ նրան այդ ողջ թվաբանությունը ճիշտ չեն ներկայացնում: Մեկ ասում են՝ 3 միլիարդ են հավաքելու, բայց այդ երեք միլիարդը չի հավաքվում, որովհետեւ գազավորված ըմպելիքների շուկան Հայաստանի հանրապետությունում 2018-ի համար կազմել է 70 միլիոն լիտր: եթե 30 դրամ ակցիզային հարկ եք կիրառում, ստացվում է 2 միլիարդ 100 միլիոն, ոնց ուզում եք հաշվեք»:
Լիմոնադի արտադրությամբ զբաղվող «Մարի» ընկերության աշխատակից Անահիտ Հախվերդյանի խոսքով, իրենք այդ աշխատանքով են ապրում եւ չեն ուզում աշխատանքը կորցնել. «Ամբողջ աշխարհն է լիմոնադ խմում, 21-րդ դարում բարձրացնել այդ հարցը իմաստ չունի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ