Այսօր առավոտյան Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 22 ընտանիք «շրջափակել» էին գյուղի դպրոցը, փակել մուտքը, որպեսզի խափանեն դասընթացը:
Լենուղի գյուղում բնակվող այս 22 ընտանիքը երկար տարիներ է՝ բնակվում են 4-րդ կարգի վթարային շենքում:
Բնակիչներն ասում են՝ դեռ խորհրդային տարիներ է շենքը վթարային ճանաչվել, մինչեւ այսօր բնակվում են կյանքի համար վտանգավոր պայմաններում, շենքն ամեն վայրկյան կարող է փլուզվել:
Այս վթարային շենքի բնակիչներից Մկրտիչ Սահարյանն Aravot.am-ին ասաց, որ նախորդ իշխանության ժամանակ բնակիչներին բնակարանով ապահովելու համար գումար է դուրս գրվել պետական բյուջեից, բայց իրենց այդպես էլ չի հասել:
Կառավարության նախորդ նիստին բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում:
Այս վաղ առավոտից վթարային շենքի բնակիչները փակել էին դպրոցի մուտքը, դասընթաց, ինչպես Սահարյանն ասաց, չի եղել: Բնակիչները մտան դպրոցի շենք, ոստիկանները ուժով փորձում էին հեռացնել նրանց եւ դպրոց մուտք գործելու համար ճանապարհ բացել աշակերտների համար: Մոտ 30 րոպե առաջ են բնակիչները դուրս եկել դպրոցից. պատրաստվում էին «տնավորվել» դպրոցում, այլընտրանք չունեին:
Մկրտիչ Սահարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր հանդիպել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ: «Մարզպետն ասաց, որ դիմել է կառավարություն, ու նորից կդիմի: Մենք ասել ենք՝ մեկ ամսվա ընթացքում եթե խնդիրը չլուծվեց՝ կտրուկ քայլերի ենք գնալու: Այս անգամ ամբողջ գյուղով ենք փակելու դպրոցը, նաեւ չենք թողնելու գյուղապետարանն աշխատի»:
Մարզպետի հետ հանդիպումից հետո բնակիչները որոշել են 1 ամիս սպասել, այս ընթացքում բողոքի ցույցեր չեն անի:
Մկրտիչ Սահարյանն Aravot.am-ին ասաց՝ հաշվարկ կա, թե որքան գումար է հարկավոր այս ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար՝ 145 միլիոն դրամ՝ 22 ընտանիքի համար: Մարզպետարանից, ինչպես Սահարյանն ասաց, մշտապես ասել են՝ գումար չկա, հնարավորություն չկա: Այս վթարային շենք նաեւ մարզպետն է այցելել եւ տեսել, թե՝ ինչպիսի պայմաններում են ապրում բնակիչները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ