Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւիկ Անափիոսյան. «Մանկավարժական կրթությունը ՀՀ-ում կարիք ունի ֆունդամենտալ բարելավման»

Մարտ 18,2019 13:22

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, ԵՄ-Հայաստան քաղաքականության ռազմավարական երկխոսության աշխատաժողովի ժամանակ, որտեղ քննարկում էին Հայաստանի կրթական բարեփոխումների ռազմավարությունն ու Թուրինի գործընթացը 2018-2020 թթ, խոսելով Հայաստանի կրթության համակարգի եւ դրա զարգացման ուղու մասին` անդրադարձավ նաեւ ներառական կրթությանը:

«Շուրջ 7 ամիս է գործում է առաջին միջգերատեսչական հանձնաժողովը, որը զբաղվում է ներառական կրթության հարցերով:Միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում քննարկվում են հարցեր եւ այսօրվա` մարզ առ մարզ ներառականության անցնելու օրակարգի վերաբերյալ եւ ավելի համակարգային հարցեր, որպեսզի նոր քաղաքականություն մշակվի ներառական կրթության իրականացման համար, որտեղ յուրաքանչյուր գերատեսչություն կկարողանա իր ճիշտ դերակատարությունն իրականացնել»,-ասաց նախարարի տեղակալը: Նա ընդգծեց քննարկման ժամանակ կարեւորված գրագիտության եւ չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի վերանայումը:

«Մենք այժմ սկսում ենք գործընթացը` չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի վերանայման, որի համակարգող հանդիսանում է ԵՄ-ի ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկը եւ ունենք նաեւ «Կրթության բարելավում» ծրագիրը, որը նույնպես Համաշխարհային բանկի վարկային ծրագիրն է: Այդ շրջանակներում էլ վերանայվելու են մյուս առարկայախմբերի ծրագրերը: Գործընթացը կմեկնարկի ապրիլի վերջին, մայիսի սկզբին: Այն հարցը, որ քննարկվում էր, թե գրագիտության մակարդակի, բոլորին ներառելու խնդիր ունենք, գալիս հանգում է նրան, թե ինչպես ենք ձեւակերպելու կրթության վերջարդյունքները»,-նշեց Արեւիկ Անափիոսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Տիկին Անափիոսյանը կարեւորեց նաեւ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Ասաց, որ այդ խնդիրն առկա է: «Ունենք հստակ հետազոտություններ, որոնք փաստում են, որ մանկավարժական կրթությունն այսօր Հայաստանի Հանրապետությունում կարիք ունի ֆունդամենտալ բարելավման: Եվ քանի մենք չենք կարողացել ամբողջությամբ բարելավել մանկավարժական կրթությունը, ուսուցիչների ընթացիկ վերապատրաստումները ժամանակավոր, սակայն շատ անհրաժեշտ լուծումներ են լինելու:

Այն բոլոր փոփոխությունները, որ նախատեսում ենք իրականացնել՝ չեն կարող որեւէ կերպ կյանքի կոչվել, եթե մենք չենք իրականացնելու ուսուցիչների վերապատրաստում»,-ընդգծեց փոխնախարարը: Ասաց, որ պիլոտային ծրագիր է իրականացվելու Տավուշի մարզի 80 դպրոցներում, հույս ունի, որ մեկ մարզից ավել դպրոցներում հնարավոր կլինի վերապատրաստումներ իրականացնել, եթե աջակիցներ ներգրավեն:

Մանրամասները` տեսանյութում:

Հավելենք, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրի ու կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում, կրթության քաղաքականության վերաբերյալ ԵՄ-Հայաստան երկխոսությունն ուղղված է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակներն ուրվագծելուն եւ դրանց իրականացման ճանապարհային քարտեզը գծելուն: Այս ամենին աջակցում է նաեւ Թուրինի գործընթացը, որը հետեւում է ԵՄ գործընկեր երկրներում մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի (ՄԿՈՒ) զարգացումներին: Թուրինի գործընթացի առանցքային սկզբունքը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունն է: Թուրինի գործընթացը գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս մշտադիտարկել ՄԿՈՒ բարեփոխումները, գնահատել առաջընթացն ու ազդեցությունը քաղաքացիների վրա եւ համաձայնեցնել ապագա գերակայությունները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sona says:

    Ի դեպ, Արևիկի հայրը՝ Էրեբունի ԲԿ-ի բժիշկ Վարդան Անափիոսյանւ քրեական գործով դատվում է 81-ամյա ծերունուն անգործությամբ սպանելու մեղադրանքով…http://www.1in.am/2305064.html

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031