ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան այցն, իրոք, ֆիասկո է համարում:
«Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան այցն, իրոք, համարում եմ ֆիասկո»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 4-5-ի Բրյուսել կատարած պաշտոնական այցը Արմեն Աշոտյանը մեկնաբանեց բովանդակության եւ ձեւի տեսանկյունից: Նա սկսեց բովանդակությունից. «Այցի ընթացքում պարզ դարձավ այն, ինչ հետո, ցավոք, վերահաստատեցին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությամբ. այն է, որ Եվրամիությունը չի աջակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված: Փաստացի այն անվանել է նախապայման»:
Հիշեցնելով ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հակադարձումները՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Մինսկի խմբի հայտարարությունը եկավ հաստատելու, որ, ցավոք, դա վերաբերում էր մեզ: Բովանդակային մասով որեւէ նոր նախագիծ ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման հետ կապված այդպես էլ չստորագրվեց եւ չազդարարվեց: Վարչապետը բավարարվեց միջբուհական կամ հետազոտական բնագավառում համագործակցության հուշագրերով, ինչն առավելագույնը նախարարի, բայց ոչ վարչապետի այցի արդյունք կարող է լինել: Այդպես էլ չվերջնականացվեց ՀՀ- Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի վերջնականացման աշխատանքը»:
Խոսելով բրյուսելյան այցի ձեւի մասին՝ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասուլիսի կեսից լքեց Նիկոլ Փաշինյանին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը համատեղ ասուլիսի կեսը նվիրեց Մակրոնի ծրագրային ելույթին եւ ոչ թե ԵՄ-ՀՀ հարաբերություններին, իսկ Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ ընդհանրապես հանդիպում չկայացավ: Արմեն Աշոտյանին հակադարձեցինք՝ բրյուսելյան այցից առաջ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, խոսելով CEPA-ի իրագործման ճանապարհային քարտեզի մասին՝ նշել էր, որ այն համապարփակ եւ տպավորիչ փաստաթուղթ է, եւ մինչեւ մարտի վերջ կունենանք համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը: Նա արձագանքեց. «Այդ համաձայնագրից բխող գործողությունների ծրագիրը պետք է հաստատվեր որպես կառավարության որոշում դեռ 2018-ի դեկտեմբերին: Այսինքն՝ մենք արդեն ունենք անգամ ուշացած ժամկետների հստակ խախտում: Դա ամենավառ ապացույցն է, որ այդ գործընթացը դանդաղած է: Եթե մարտի վերջ ԵՄ-ն կտա իր կարծիքը, լավագույն դեպքում դա կընդունվի որպես փաստաթուղթ ապրիլի մեկից: Արդեն չորս ամիս ուշացում է»: Մեր հիշեցմանը՝ անցյալ տարի երկրում տեղի էին ունենում լուրջ քաղաքական գործընթացներ, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց. «Քաղաքական գործընթացները չպետք է ազդեին պետական ապարատի աշխատանքի որակի վրա: Եվ քաղաքական գործընթացներն արդեն վաղուց՝ դեկտեմբերից ավարտված են: Մյուս փաստը, որը վկայում է՝ այդ համաձայնագրի իմպլեմենտացումը դոփում է տեղում, դա կառավարության հաշվետվությունն է իր նախորդ ծրագրի մասին՝ 2018-ին ընդունված, որտեղ ԵՄ-ՀՀ համաձայնագրի իրականացման հետ կապված ընդամենը թվարկված են կես էջից էլ քիչ ծավալով նիստերի եւ այցելությունների մասին տեղեկություններ եւ ոչ երբեք որեւէ կոնկրետ գործողություն կամ ձեռնարկված բարեփոխում: Ակնհայտ է, որ այդ համաձայնագրի իմպլեմենտացիան շատ ուշանում է: Մտահոգված լինելով այս խնդրով՝ ես երկու անգամ պաշտոնապես կառավարությանն առաջարկել եմ ընդգրկել CEPA-ն կառավարության ծրագրի մեջ, որպես ե՛ւ քաղաքական, ե՛ւ գործնական դրական քայլ, բայց չգնացին դրան: Այդ համաձայնագիրը մեր իշխանության օրոք ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, որի վրա հպարտությամբ հղում է անում նաեւ Նիկոլ Փաշինյանը: Մի կողմից մեղադրում է նախորդ իշխանություններին, մյուս կողմից բրյուսելյան այցի խոսակցությունների բացառիկ մեխը Սերժ Սարգսյանի օրոք բանակցված եւ Սերժ Սարգսյանի շնորհիվ ստորագրված փաստաթուղթն է»:
Վիզաների ազատականացման հետ կապված, ըստ Արմեն Աշոտյանի՝ որեւէ նոր բան Ժան-Կլոդ Յունկերը չի ասել. «Ավելին, 2017-ի նոյեմբերի Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ընդունված բանաձեւում, որին մասնակցել են Արեւելյան գործընկերության ղեկավար երկրները, Եվրամիության ղեկավարությունը՝ 18-րդ կետով հստակ ընդգծված է այն քաղաքական հանձնառությունը, որ ունի ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու հարցում: Եվ եթե դեռեւս անցյալ տարի կառավարությունն՝ ի դեմս ԱԳՆ-ի, գոնե ժամկետ էր նշում նախնական, որ դա կարող է լինել 2020-ից սկսած, վերջին բոլոր հայտարարությունները ե՛ւ եվրոպական ղեկավարների, ե՛ւ Հայաստանի ղեկավարության, այլեւս ժամկետ չեն նշում»:
Հիշեցրինք՝ Պյոտր Սվիտալսկիի այն հայտարարությունը, թե Հայաստանում էլ գիտեն իրենց մտահոգությունները եւ դիտարկմանը՝ հիմնական մտահոգությունը ըստ փորձագետների՝ կապված է խտրականության դեմ օրենքի չընդունման հետ, Արմեն Աշոտյանը հակադարձեց. «Պարոն Սվիտալսկիի հայտարարությունը գալիս է ապացուցելու իմ ասածը, որ Նիկոլ Փաշինյանի այցը, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը որեւէ նոր երանգ, առաջընթաց ԵՄ-ՀՀ եղած օրակարգին չեն հաղորդել: Պատկերավոր ասած՝ իշխանափոխությունը Հայաստանում չի կապիտալիզացվել նաեւ արտաքին քաղաքական այս ճակատում: Խնդիրն այդ օրենքը չէ, այլ այն, որ ԵՄ անդամ որոշ երկրներ հաշվի առնելով նաեւ միգրացիոն հոսքերի նկատմամբ ԵՄ քաղաքացիների խիստ մտահոգությունները, ինչպես նաեւ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի ոչ այնքան հաջողված փորձը, երբ տասնյակ հազարավոր այդ երկրների քաղաքացիներ չեն վերադառնում, ԵՄ-ն ունի որոշակի վերապահումներ ազգային կառավարությունների մակարդակով: Այդ վերապահումները կային նախկինում, փաստորեն իշխանափոխությունը չի բարձրացրել Հայաստանի վստահելիության մակարդակը, չի ավելացրել քաղաքական կամքը: Յունկերն իր ասուլիսին շատ պարզ ասաց՝ գնացեք, բանակցեք ԵՄ անդամ երկրների հետ»:
Զրույցի ավարտին Արմեն Աշոտյանը ներկայիս կառավարությանը խորհուրդ տվեց հռչակագրային հայտարարություններից իջնել ամենօրյա գործնական աշխատանքի մակարդակ, այդ թվում՝ ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կյանքի կոչելու տեսակետից: Այնուհետեւ մտահոգություն հայտնեց՝ նոր խորհրդարանն այս փուլում անգամ չունի ձեւավորված բարեկամական խմբեր, որ կարողանան խորհրդարանական մակարդակով իրականացնել ԵՄ-ՀՀ համաձայնագրի արագացման խնդիրները ԵՄ անդամ երկրներում: Այնուհետեւ նկատեց՝ մեր իշխանության կարեւորագույն խնդիրներից մեկը նաեւ այն է, որ չունենալով կոմպետենտություն, գիտելիք եւ փորձ՝ նրանք ունեն բավական մեծամտություն չլսելու օգտակար խորհուրդներ եւ կարծիքներ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
16.03.2019
Ինչու եք Ձեր սիրելի Աշոտյանի հոդվածը տպում իսկ իմ նամակը Փաշինյանին չեք տպում