ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Աննա Ջուվանովան նամակով դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Փաստաբանը բարձրաձայնել էր մի հարցի մասին, որը լուծում չի գտնում երկար ժամանակ: Նամակում մասնավորապես ասվում էր. «Ով է ասել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձինք նստած են: Ոչ, նրանք կանգնած են, որովհետև աթոռ չկա, որ նստեն:.. Հումորը հումոր, բայց հարգելի պարոն Զեյնալյան, այդ հիմնարկի քննչական սենյակներում աթոռ չկա, որ մեղադրյալը, պաշտպանը, քննիչը, թարգմանը նստեն ու նստած գրեն: Կալանավորները ցուցմունքը կանգնած են գրում: Այն, ինչ որ կա, դա աթոռ չի, այլ հակահիգիենիկ փայտյա պարագաներ են, որոնք ուղղակի զզվելի են, ինչ մնաց նստես դրանց վրա: Ջեռուցման հարցը Արփինե Հովհաննիսյանը լուծել է, այդ առումով հարմարավետ է: Խնդրում եմ Ձեզ աթոռների հարց լուծել, ամոթ է, որ կալանավորները սեղանին են նստում»: Երեկ Ա. Ջուվանովային նախարարը պատասխան է ուղարկել. «Հարգելի Աննա, նախարարությունը տեղյակ է խնդրից եւ արդեն իսկ քայլեր է ձեռնարկում: Մասնավորապես, Քրեակատարողական ծառայությունը «Գնումների մասին» օրենքով սահմանել է համապատասխան ընթացակարգ. գնումը կկատարվի, եւ հարցը կկարգավորվի»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
16.03.2019