Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում»

Մարտ 18,2019 11:30

Պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանն ամռանը վերջնականապես կվերադառնա Հայաստան

«Բալետի պրիմա պարուհի» արտահայտությունը շրջանառության է դրվել 19-րդ դարից: 20-րդ դարում ամենասկանդալային պրիմա պարուհի եւ «ճակատագրական կին» հռչակվել է Պետերբուրգի թագավորական բալետի արտիստ Մաթիլդա Քշեսինսկայան: Ընդ որում, որպես օրենք, նման արվեստագետները ապրում էին իբր «մութ» անձնական կյանքով, ինչը, սակայն, մութ չէր մնում: Օրինակ, ժամանակագիրները պնդում են, որ Քշեսինսկայայի սիրեկանը Նիկոլայ Երկրորդ կայսրն էր: Թեեւ փոխվում են ժամանակները, սակայն պրիմա պարուհիների անվան շուրջ խորհրդավոր խոսակցությունները այսօր էլ կան: Վերջին տարիներին ռուսական բալետում դրանք պտտվում են Անաստասիա Վոլոչկովայի շուրջ: Հիշեցնենք, որ «Առավոտի» հետ զրույցում այս դիտարկմանն ի պատասխան ժամանակին պարուհին «արդարացել» էր, թե ասեկոսեների հիմնական պատճառը իր բարձրահասակ լինելն է եւ դժվար է համապատասխան զուգընկեր գտնելը:

Հայկական բալետն էլ բացառություն չէ. վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, թեեւ արդեն 5 տարի է, ինչ արտիստը հեռացել է բեմից, այնուամենայնիվ, տարբեր առիթներով հոլովվում է Ժակլին Սարխոշյանի անունը, անկասկած՝ առաջին հերթին որպես բարձրարվեստ պարուհի: Նրա առաջին բեմելը 1991թ. Նինայի դերապարն էր Խաչատրյանի «Դիմակահանդեսում», որին հաջորդեցին համաշխարհային եւ հայկական բալետային գրականության առաջնային այլ կերպարներ: Անվանի խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչը 2009թ. Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում իրականացնելով Խաչատրյանի «Սպարտակը», Ֆրիգիայի կերպարում տեսել էր Ժակլին Սարխոշյանին, ավելին՝ պրեմիերայի օրը հայ պարուհին հանդես եկավ Գրիգորովիչի տիկնոջ՝ աշխարհահռչակ Նատալյա Բեսսմերտնովայի զգեստով, որ հատուկ բերվել էր Մեծ թատրոնի թանգարանից: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ռուս խորեոգրաֆը պատասխանել էր, որ Ժակլինը ոչ միայն իրեն բավարարում է իբրեւ բարձրարվեստ բալետի արտիստ, այլեւ ինքը սիրահարվել է հայ արվեստագետի մարդկային տեսակին. «Նա ինձ հիշեցնում է տիկնոջս՝ Նատալյային»:

Ժակլին Սարխոշյանի բեմական գործունեության ողջ ընթացքում եղել են ինտրիգներ, նույնիսկ առողջությանը սպառնացող. 2004թ. Խաչատրյանի «Գայանե» բալետի պրեմիերային, որտեղ պարուհին հանդես էր գալիս Նունեի դերապարով, կուլիսներում սպասելով իր մուտքին, զգում է, որ աջ ոտքի պուանտի՝ բալետային կոշիկի մեջ ինչ-որ բան կա, պարզվում է՝ ոչ ավել-ոչ պակաս՝ մախաթ՝ ասեղ… Անձնականն էլ մինչ օրս քննարկվում է: Եվ սա այն դեպքում, երբ նա արդեն տարիներ շարունակ ամուսնու՝ պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի նախկին փորձավար Կարեն Մակինյանի հետ աշխատում է Բեյրութում: Վերջերս մեծ հանդիսավորությամբ Բեյրութում նշվեց Համազգային միության 90, «Քնար» պարախմբի 60, «Գայանե» պարի դպրոցի 35-ամյակները: Ի դեպ, հոբելյանների առիթով վերջերս Լիբանանում էին դերասան, Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը, դերասանուհի Տաթեւիկ Ղազարյանը, երգչուհիներ Զարուհի Բաբայանն ու Սոնա Ռուբինյանը: Իսկ ինչն էր պատճառը, որ պրիմա պարուհին հայտնվեց Բեյրութում: Մասնագետներին հայտնի այս ինֆորմացիան փոխանցենք նաեւ լայն ընթերցողին. Ազգային օպերային թատրոնի նախկին տնօրինությունը նրան «ուղարկել» է թոշակի՝ տարիքի պատճառով, մոռանալով, որ մեր ժամանակներում գործում է մեկ օրենք բոլորի համար՝ թոշակային տարիքը 63-ն է եւ վաղուց չի գործում խորհրդային տարիների օրենքը, երբ պարողները թոշակի էին անցնում 20 տարի աշխատելուց հետո:
Մեզ հետ զրույցում Ժակլին Սարխոշյանը հայտնեց, որ թեեւ ընդամենը մի քանի օր է լինելու Հայաստանում, այդուհանդերձ, օրերս նա օպերային թատրոնում դիտել էր «Գայանե» բալետը: Հիացմունքով խոսեց կորդեբալետի եւ մենապարողների մասին: Հարցին՝ ում է տեսնում այսօր մեր թատրոնի պրիմա պարուհի, Ժակլին Սարխոշյանն ասաց. «Սիրում եմ բոլորին, նրանցից որեւէ մեկին չեմ կարող առանձնացնել: Այդուհանդերձ նշեմ Սյուզի Փիրումյանի, Մերի Հովհաննիսյանի, Սոնա Վարդանյանի անունները: Ամենակարեւորը՝ հանգիստ եմ այսօրվա մեր բալետի համար, գիտեմ, որ խումբը վստահելի ձեռքերում է՝ ի դեմս ղեկավար Արմեն Գրիգորյանի: Կուզեի մինչ վերջնական վերադարձս հայրենիք հանդիսատեսը Երեւանի թատրոնում հնարավորություն ունենար կրկին դիտելու Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ, ժամանակակից խորեոգրաֆիայով իմ «Երազ» բեմադրությունը: Ուրախությամբ նշեմ, որ տեղեկացված եմ երեւանյան բալետային անցուդարձին, գիտեմ, որ պարարվեստի քոլեջում մրցույթ է անցկացվել եւ իրենց արվեստով փայլել են նաեւ աղջիկները: Առավել աչքի ընկածներն էլ կմասնակցեն Վրաստանում առաջիկայում կայանալիք մրցույթին եւ այլն»:

Զրույցի ընթացքում արտիստը տեղեկացրեց, որ ամռանը պատրաստվում է վերջնական վերադառնալ հայրենիք, իսկ մինչ այդ լիբանանահայ իր սաների ուժերով եւ իհարկե՝ ամուսնու ղեկավարությամբ բեմ կբարձրացնեն Թումանյանի «Մի կաթիլ մեղրը», որից հետո կանդրադառնան Կոմիտասին, այսպիսով Սփյուռքում կայանալիք այլ միջոցառումների թվում նաեւ բալետի միջոցով նշանավորել մեր երկու մեծերի հոբելյանները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031