Պարզաբանում է ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
-Պարոն Ազատյան համացանցում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրառում կատարեց, որով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման նախագիծը որակեց որպես ռումբ իշխանության տակ, Կենտրոնական բանկը մամուլի հաղորդագրություն տարածեց նպատակ ունենալով պարզաբանել նախագծի անհրաժեշտությունը, հղում կատարելով փողերի լվացման դեմ պայքարի ՀՀ հանձնառությանը և միջազգային այն կոնվենցիաներին, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, այնուամենայնիվ կցանկանայինք ավելի մանրամասն ներկայացնեիք այդ նախագծի անհրաժեշտությունը:
Դանիել Ազատյան – Սիրով: Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004թ. կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար, այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում:
-Իսկ Հայաստանը ե՞րբ է միացել այս կոնվենցիային:
Դանիել Ազատյան – Հայաստանի Հանրապետությունը այս կոնվենցիան վավերացրել է առանց վերապահման՝ 2007թ-ին։ Այս նպատակով դեռևս 2011թ-ից սկսած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից քննարկվել են դրա ներդրման հնարավորությունները։ Մասնավորապես, հարցը քննարկվել է Հանձնաժողովի 2011թ-ի 25-րդ, 2012թ-ի 26-րդ և 2013թ-ի 28-րդ նիստերում, իսկ 2016թ.-ի 32-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտի, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի գույքի օրինականության վերաբերյալ միջազգային նորմերի ներդրման հնարավորությունը Հայաստանում և վերջիններիս միջազգային փորձը աշխարհում։ Հանձնաժողովի 2017թ-ին կայացած 33-րդ նիստում ներկայացվել են կատարված աշխատանքները, ինչի արդյունքներով որոշվել է շարունակել շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկումները, և հարցը ևս մեկ անգամ քննարկել Հանձնաժողովի առաջիկա նիստում: Աշխատանքային խմբի շրջանակներում կազմվել և շրջանառվել են աշխատանքային փաստաթղթեր, կազմակերպվել են քննարկումներ, Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:
-Ովքե՞ր են ներկայացված Ձեր նշած հանձնաժողովում՝ բացի Կենտրոնական բանկից:
Դանիել Ազատյան – «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովը սկսած 2008թ-ից, շուրջ 11 տարի ղեկավարում է կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ անդամներ են հանդիսանում Գլխավոր դատախազի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալը, Վարչապետի օգնականը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, Ֆինանսների նախարարի տեղակալը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը և ևս 5 գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
-Իսկ այս հայեցակարգը ե՞րբ է մտել հանձնաժողովի օրակարգ:
Դանիել Ազատյան – 2018թ.-ի 34-րդ նիստում վերը նշված Հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչը, ըստ էության հանդիսանում էր բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ նախորդ տարիներին կատարված աշխատանքների ամփոփում։ 2019թ. մարտի 1-ի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ արդարադատության նախարարության գխավորությամբ, վերոգրյալ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար:
-Փաստորեն կարելի է ասել, որ սա մի նոր ինստիտուտի ներդրո՞ւմ է:
Դանիել Ազատյան – Այո և տարընկալումներից և համատեքստից դուրս մեկնաբանություններից խուսափելու համար, հարկ եմ համարում ընդգծել վերջինիս բնորոշ հետևյալ առանձնահատկությունները.
Առաջինը. առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը, այն իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, և ինչպես նշված է Համաշխարհային բանկի «Գողացված ակտիվների վերականգնման» նախաձեռնության կողմից հրապարակված «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ներդրման սկզբունքների ուղեցույց»-ում (ուղեցույցը հասանելի է հետևյալ հղմամբ) ինչպես նաև հայեցակարգում, իրականացվում է «գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ»:
Երկրորդը. կարևոր է նաև նշել այն, որ այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքը օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, այդպիսով նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, վերը նշված ուղեցույցի համաձայն՝ ինստիտուտի ներդրման կարևորագույն սկզբունքներից է նաև այն, որ «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը երբևէ չպետք է ներդրվի այն տրամաբանությամբ, որ հնարավորություն տա թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ հանցանք կատարած անձանց շրջանցել քրեական հետապնդման իրականացումը և քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն, որ հանցավորություն դեմ պայքարը առաջին հերթին պետք է իրականացվի քրեադատավարական գործընթացների շրջանակներում»:
Եվ երրորդը. առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով՝ երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Նշվածը ևս հստակ ամրագրված է Համաշխարհային բանկի վերոգրյալ փաստաթղթում:
-Ներողություն, իսկ որն է նման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը հենց այս փուլում, արդյոք այն որևէ քաղաքական ենթատեքստ չի՞ պարունակում:
Դանիել Ազատյան – Ամենևին, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված ՀՀ դատարանների, և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների/դատավճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար:
-Բայց ստացվում է, որ այս նախագիծը միայն փողերի լվացման դեմ ուղղված չէ:
Դանիել Ազատյան – Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փոխառնչությանը, արձանագրվել է առաջին հերթին մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում։ Իսկ դրանց հիման վրա միջազգային կառույցների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների կողմից իրականացված Հայաստանի գնահատումների արդյունքներին մանրամասն անդրադարձ է կատարվել այս թեմայի առնչությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված նախորդ պարզաբանման մեջ: Կարևոր է արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի կողմից դեռևս 2016թ․ իրականացված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի դրույթներին Հայաստանի համապատասխանության գնահատման հաշվետվությամբ, մասնավորապես՝ վերջինի 41-րդ պարբերությամբ հստակ նշվում է, որ ՀՀ-ն վավերացման պահին չի կատարել վերապահում կոնվենցիայի 3(4) հոդվածի ներդրման առնչությամբ, ուստի կրում է այս դրույթների իմպլեմենտացման իրավական պարտավորություն (փաստաթուղթը հասանելի է հետևյալ հղմամբ): Նշված հարցերը ներկայումս կարևորվում և քննարկվում են ինստիտուտների ներդրման նպատակով ՀՀ վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խմբում:
-Դուք պնդո՞ւմ եք, որ այս նախագիծը չունի քաղաքական ենթատեքստ և հետհեղափոխական շրջանում հաճախ շրջանառվող «անցումային արդարադատության» քողարկված դրսևորումներից չէ:
Դանիել Ազատյան – Այս նախագիծը որևէ կապ չունի ձեր նշած եզրույթի հետ, և այս ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը դեռևս տարիներ առաջ նախատեսած և ծրագրած է, և պրոցեսները այսօր զուգադիպել են քաղաքական իրադարձությունների հետ, ինչն էլ, ցավոք, որոշ շրջանակների համար հանրությանը մոլորեցնելու առիթ են հանդիսացել: