Լրահոս
Օրվա լրահոսը

«Թակարդ»-ի թակարդում

Մարտ 18,2019 11:00

Օրերս ընթերցեցի իմ լավ բարեկամ Ա. Աղաբաբյանի նոր` «Թակարդ» վեպը: Նախ այդ վեպը ինձ հիշեցրեց հեղինակի նախորդ գրքերը` «Ռեզիդենտը» եւ «Մենակը», որոնք, որոշակի առումով, կարծես դարձան մեկը մյուսի շարունակությունը: Դրանք բոլորը նվիրված են հետախույզներին: Սակայն «Թակարդ»-ի հերոսը մի կարեւոր առանձնահատկություն ունի, նա ծառայում է նորանկախ Հայաստանին:

Ես գրականագետ չեմ եւ չեմ կարող գեղարվեստական առումով գնահատել այդ ստեղծագործությունը, այլ պարզապես, որպես շարքային ընթերցող, կարող եմ ասել, որ, ինչպես ասում են, կարդացի մեկ շնչով, ընթացքում ուրախանալով հերոսի հաջողություններով:

Այդ տեսակետից, կարծում եմ, որ հեղինակին հաջողվել է գրավել ընթերցողին եւ, հետեւաբար, հասել է իր նպատակին` ըստ արժանվույն ներկայացնելով հետախույզի ծանրագույն աշխատանքը եւ նվիրվածությունը Հայրենիքին: Հետախույզը Հայրենիքի զինվորն է, այնպես, ինչպես յուրաքանչյուր զինվոր, որը պատրաստ է ինքնազոհողության: Բայց, եթե սովորական զինվորի (շարքայինից մինչեւ գեներալ) քաջությունը, հերոսությունը, նվիրվածությունը, որպես կանոն, հրապարակայնություն է ստանում, ապա հետախույզի կատարածը «դատապարտված» է լռության, այդ մասին գիտեն չափազանց սահմանափակ թվով մարդիկ եւ արխիվում գտնվող մի քանի հակիրճ տողեր, որոնք պետական գաղտնիք համարվող փաստաթղթեր են եւ հրապարակման ենթակա չեն:

Ես բախտ եմ ունեցել ծանոթանալ Սովետական Միության Հերոս Գ. Վարդանյանի հետ եւ մի անգամ, երբ նրա հետ գտնվում էի հետախույզներին նվիրված մի հատուկ թանգարանում, պարզվեց, որ նրա բազմաթիվ քաջագործություններից շատերը դեռեւս գաղտնազերծված չեն եւ հայտնի էլ չէ՝ դրանք երբեւէ կգաղտնազերծվեն, թե ոչ: Պարզվեց նաեւ, որ մեր հայրենակիցներից քանի-քանիսը մինչ օրս հանրությանը մնում են անհայտ: Այսպիսին է հետախույզի ճակատագիրը, նա հակառակորդի թիկունքում մնում է միշտ միայնակ, ինքն իր հետ եւ, դժբախտաբար, անգամ վերադարձից հետո, նրան ոչ ոք որպես հերոս, որպես անգամ սովորական զինվոր, չի ընկալում: Եվ մարդու ծիծաղն է գալիս, երբ որոշ հերոսներ եւ ցավալիորեն որոշ կեղծ «հերոսներ», ինչպես են աջ ու ձախ պատմում իրենց թե՛ կատարած, թե՛ չկատարած քաջագործությունների մասին:

Բա ի՞նչ ասեն հետախույզները: Արդեն այս տեսակետից չափազանց մեծ գնահատականի է արժանի «Թակարդը», որի թակարդում հայտնվեցի ես: Բանն այն է, որ կարդալով այս ստեղծագործությունը, հասկացա, որ խոսքը իմ իմացած մարդկանց մասին է, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել ժամանակին աշխատել: Որքան էլ վեպում այդ մարդկանց անունները փոխվել են, դարձել գրական կերպարներ, միեւնույն է, նրանց կատարած գործերի նկարագրությունը ինձ հիշեցնում է իրական մարդկանց, նրանց հարազատներին: Ես հիշում եմ հատկապես գլխավոր հերոսի մորը, որի փայլուն կերպարը ստեղծել է Ա. Աղաբաբյանը: Խեղճ մայրը, որը չգիտի ինչով է զբաղված իր որդին, որը ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ բացակայում է, երբեմն հայտնվում ու նորից անհետանում, նա չի կարող ուրիշ մայրերի նման հպարտանալ իր որդու քաջագործություններով, նրան բախտ է վիճակվել միայն տառապել: Նա գիտի, որ իր որդին հանցագործ չէ, բայց հայտնվել է բանտում: Դե արի ու դիմացիր, մայր, ինչպես իր որդին, այնպես էլ ինքը միայնակ է իր տառապանքի հետ:
Կարդալով վեպը, վերստին հիշողություններիս մեջ հառնեցին 90-ական թթ. իրադարձությունները եւ դրանց ամենատարբեր արձագանքները, որոնք շարունակվում են մինչ օրս: Առաջին հերթին նկատի ունեմ Ադրբեջանի քաղաքական շահարկումները: Այս պահին ձեռքիս են 90-ական թթ. ադրբեջանական մամուլում եւ լրատվության էլեկտրոնային միջոցներում զետեղված նյութերի պատճենները: Այդ նյութերում առկա են նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան անձանց հայտարարություններն ու միջազգային տարբեր ատյաններում ունեցած ելույթները: Այդ ամենին անգան թռուցիկ ծանոթությունը ակնհայտ է դարձնում ադրբեջանական պաշտոնական քաղաքականության եւ քարոզչության հիմնական ուղղվածությունը՝ Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր պետություն, որը չի խորշում գործադրել ոչ մարդկային, անբարոյական միջոցներ, եւ առաջին հերթին ահաբեկչությունները, որը դարձել է իբր այդ պետության պաշտոնական քաղաքականությունը: Դրան զուգահեռ, հայը ներկայացվում է որպես չարագուրծ, անբարոյական, անմարդկային, ամեն տեսակի կեղտոտ արարքների ընդունակ մի էակ, որին անհրաժեշտ է վերացնել երկրի երեսից: Էլ չեմ խոսում պատմության ադրբեջանական տարբերակի մասին, որտեղ հայը ներկայացվում է չգիտեմ որտեղից հայտնված մի էթնոս, որը պատմական անցյալում զբաղվել է միայն չարագործություններ կատարելով եւ յուրացրել իրենց պատմությունը:

Այս ամենը բոլորիս հայտնի է, էլ ինչո՞ւ եմ նորից հիշեցնում: Բանն այն է, որ «Թակարդ»-ում ներկայացված իրադարձությունները ընկած են ադրբեջանական տեղեկատվական քարոզչության հիմքում: Մյուս կողմից, ուզում եմ նշել, որ այդ քարոզչությունը իրականացվում է լավ մտածված եւ մշակված հայեցակարգով, ինչն անշուշտ պատիվ է բերում ադրբեջանցիներին: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ, ինչպես հայտնի է, 90-ականներին տարածված միջազգային ահաբեկչությունը, ինչը միջազգային հանրության շրջանակներում համարվում է անընդունելի, հայերին եւ հայկական պետությունը փորձում են ներկայացնել իբրեւ ահաբեկչական: Եվ ահա գրքում ներկայացված իրադարձությունները ներկայացվում են իբրեւ ապացույց: Դրան ի հավելումն ավելացվում են ԱՍԱԼԱ-ի գործողությունները, «Դրոյի գործը», հոկտեմբերի 27-ի, «Խոջալուի գործը» եւ բազմաթիվ այլ հնարովի ու շինծու «փաստեր»: Ընդ որում, եթե նախկինում հայերը նույնացվում էին «Ալ Քայիդայի» հետ, ապա ներկայումս նրանք դարձել են «Իսլամական պետության զավակները»:

Այս համայնապատկերում մտահոգիչն այն է, թե մենք ինչպես ենք հակադարձում այս ամենին, ինչ հայեցակարգային մոտեցում ենք մշակել: Մեր անհոգությունը, մեր ներքին համոզվածությունը, որ միեւնույն է, ճշմարտությունը ուշ կամ շուտ կհաղթի, մեր քաղաքական գործիչների անզգույշ, հաճախ չմտածված արտահայտությունները եւ բազմաթիվ այլ, մեծ ու փոքր թերացումները հաջողությամբ օգտագործում է մեր հակառակորդը: Ահա եւ վերջին դրվագը, երբ ՀՀ քաղաքացուն որպես ահաբեկիչ-դիվերսանտ ադրբեջանական դատարանում դատապարտելը նույնպես շատ շուտով կդառնա իբր նոր ապացույց հայկական ահաբեկչության, հայատյացության հիմնավորման համար: Եվ այսպես շարունակ: Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր քայլերը:

Առաջինը. իհարկե, անմիջապես ցույց տալ այդ քարոզչության «փաստական» հիմքերի սնանկությունը, ինչը հատկապես 2016թ. ապրիլյան պատերազմից հետո համեմատաբար հաջողությամբ իրականացվում է: Եվ այս ամենը պետք է կատարել ավելի համակարգված եւ ավելի հարձակողական ոճով: Այս համատեքստում չափազանց կարեւոր է ցույց տալ Նախիջեւանում կատարվածը, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ մյուս հայաշատ վայրերում կատարված, հատկապես այն վայրագ, անմարդկային մեթոդները, որոնք կիրառվել են եւ դրանց կատարյալ նմանությունը Մեծ եղեռնի տարիներին կատարված վայրագությունների հետ:
Մեր օրերում, երբ տարբեր երկրներում, տարբեր մակարդակներում ընդունվում են թուրքերի եւ ազերիների հակահայ քաղաքականությունը դատապարտող փաստաթղթեր, միջազգային հանրությանը դրանք ներկայացվում են որպես իրականության հետ կապ չունեցող, զուտ հայկական լոբբիի կատարած աշխատանք:

Մենք այդ դեպքում մոռանում ենք թուրքերին հիշեցնել, որ ավելի քան 500 տարի եւ հատկապես 1915թ. կատարված ցեղասպանության հետեւանքով են իրենք ջանադրաբար ստեղծել հայկական համայնքները եւ այսօր իրենք ստանում են իրենց կատարածի պատասխանը:

Պետք է հիշել, որ այս ամենը, ինչի մասին խոսում եմ, մարտավարական խնդիր է, ինչը չափազանց կարեւոր է, բայց եւ, ընդամենը, հիմնական ռազմավարական խնդրի մի բաղկացուցիչ մասն է: Ռազմավարական առումով, կարծում եմ, անհրաժեշտ է խնդրին մոտենալ շատ ավելի լայն հայեցակարգով, որում ադրբեջանական եւ նաեւ թուրքական քարոզչությանը հակադարձելը կդառնա միայն մի փոքր դրվագ:

Մեր հիմնական խնդիրը պետք է լինի միջազգային հանրությանը ներկայանալ արդի քաղաքակրթության զարգացմանը բերած նպաստով եւ ոչ միայն անցյալում, այլեւ այսօր: ԱՄՆ նախագահը հայերին ուղղված ուղերձում նշում է, որ հայերը ստեղծել են հզոր քաղաքակրթություն: Հասկանալի է, որ դա ո՛չ թե նախագահի տեսակետն է, այլ ԱՄՆ-ի քաղաքական մշակութաբանության պատկերացումների արտացոլումը: Իսկ մենք ունե՞նք, արդյոք, քիչ թե շատ մշակված հայեցակետ հայկական քաղաքակրթության վերաբերյալ, որքանո՞վ ենք կարողացել այն ներկայացնել աշխարհին:

Մեծ պոետ լորդ Ջ. Բայրոնը գրել է, որ հայերի ունեցած դրական հատկանիշները` իրենցն են, իսկ բացասականը` օտարինը: Կարո՞ղ ենք նախ եւ առաջ ինքներս մեզ` ապա նաեւ այլոց ապացուցել մեծ մտածողի ճշմարտացիությունը:

Ի դեպ, եթե Բայրոնի ասույթը մի փոքր ձեւափոխենք, ապա կարող ենք ասել, որ արցախցիների դրականը իրենցն է, իսկ բացասականը` սովորել են ադրբեջանցիներից: Ադրբեջանցին եւ թուրքը չեն կարող պատկերացնել, որ հայը չի կարող սպանել կնոջը, երեխային, քնած մարդուն, առհասարակ որեւէ անօգնականի, չի կարող օգտագործել այն վայրագ, անմարդկային միջոցները, որը հատուկ է իրենց: Թուրքական քարոզչամեքենան առաջին հերթին վնասում է իր ազգին, թույլ չի տալիս նրան դուրս գալ բարբարոսության կապանքներից, կարծելով, որ պայքարում է հայերի դեմ: Թե՛ ադրբեջանցին, թե՛ նրա ավագ եղբայրը չեն հասկանում, որ իրենք դեռեւս գտնվում են բարբարոսության դարաշրջանում, որ միայն ոչնչացնում են ուրիշների ստեղծածը, արածը` չստեղծելով ոչինչ սեփականը:

Այս տեսակետից, ասվածի համայնապատկերում պետք է ստանձնել մեր բիրտ հարեւանների դաստիարակության, քաղաքակրթելու խնդիրը: Այսօրվա ադրբեջանցին պատկերացում անգամ չունի, որ, ասենք, Բաքուն Բաքու է դարձել շնորհիվ հայերի, հրեաների, ռուսների, այնպես, ինչպես ադրբեջանական արվեստը, գիտությունը եւ մնացյալ ամեն ինչը: Դրա հետ մեկտեղ, մեր քաղաքակրթական պարտքն է՝ օգնել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին, մշակել նրանց պատմությունը, մշակույթը եւ այլն: Չեմ ցանկանում անդրադառնալ խնդրի մանրամասներին, որքանով դա չափազանց ընդգրկուն է, սակայն, կարծում եմ՝ անհրաժեշտ ուշադրության կարիք ունի, մասնավորապես դա կարեւոր է հենց մե՛զ համար:

Մյուս խնդիրը, որն ինձ համար դարձավ մտահոգիչ՝ այն է, թե ինչպես ենք մենք գնահատում մեր հերոսներին, մասնավորապես, անհայտ ճակատում միայնակ կռվող զինվորներին: Առաջին հերթին նրանց, որոնք զոհվել են, կամ դարձել են հաշմանդամ եւ անօգնական՝ հանուն Հայրենիքի:

Պետության եւ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի սուրբ պարտականությունն է հարգել նրանց հիշատակը եւ թիկունք դառնալ նրանց երեխաների ու ծնողների համար, անել այն ամենը, ինչ կանեին նրանք իրենց հարազատների համար: Խոսքը չի վերաբերում միայն մեդալներ ու շքանշաններ շնորհելուն, կենաց խոսքերին, այլ նրանց նկատմամբ ամենօրյա հոգածություն սահմանելուն: Դա զոհվածների համար չէ, այլ ողջերի, նրանց մարտական ընկերների համար, բանակի մարտունակությունը բարձր պահելու համար: Այս գործում անթույլատրելի է որեւէ խնայողություն, անտարբերություն, մոռացություն:

Այս ամենի մասին ինձ ստիպում է խոսել «Թակարդը», որտեղ նշվում է, թե ինչ է արել Հանրապետության առաջին նախագահը հերոսին ամեն կերպ աջակցելու համար: Ասվածը վերաբերում է նաեւ մի շարք այլ հետախույզների, որոնք նույնպես մեծ հետք են թողել, օրինակ, մարտական ինքնաթիռ են «նվիրել» մեր բանակին: Ծանոթ լինելով այդ հերոսներին՝ ցավում եմ, որ այսօր չեմ կարող նրանց անունը տալ, ցանկանում եմ հարցնել, թե ինչ են արել նրանց համար մյուս նախագահները, ԱԱԾ պետերը եւ մյուսները, որոնք ոչ միայն կարող էին, այլեւ պարտավոր էին կատարել: Այսօր էլ դեռ ուշ չէ:

Սա մեր սուրբ պարտքն է:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Գեներալ-մայոր

«Առավոտ» օրաթերթ, 

16.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031