Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. Փորձ է՝ մամուլի խնդիրները լուծել հեղափոխական ճանապարհով, ամբոխի պահանջով, շրջանցելով օրենքը եւ իրավական մեխանիզմները

Մարտ 18,2019 10:29

Տարվա սկզբին իշխանությունների կողմից մամուլի դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում ճակատային հարձակումների մի քանի փորձերից հետո իշխանություններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարությանը։ Իշխանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, նրանց կից վերլուծաբանները իրենց կողմից կերտված «սեւ» եւ «սպիտակ» մամուլի ռազմաճակատի տարբեր հատվածներից հարձակումներ են գործում մամուլի վրա, կրկին բարձրացնելով նույն, բազմիցս ծեծված թեմաները՝ լրատվամիջոցների ֆինանսավորման, «կեղծ լուրերի», նախկին իշխանությունների հետ կապի մասին։ Պարտավոր ենք հիշեցնել, որ նման բոլոր հարցերը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, եւ եթե «մտահոգ» իշխանականները այստեղ խնդիրներ են տեսնում, ապա կարող են դիմել իրավապահ մարմիններին։

Ավելին, իշխանավորները, իշխանությունների ազգականները եւ նրանց կից կառույցները իրենց պարտականությունն են համարում ոչ միայն լրագրողներին «ճիշտ» լրագրություն սովորեցնել, այլեւ դասդասում են լրատվամիջոցները «ճիշտ» եւ «սխալ» մեդիայի՝ այն լրատվամիջոցների, որոնք պետք է կարդալ «ճշմարիտ» լրատվություն ստանալու համար, եւ որոնք չպետք է կարդալ։ Սրանով «պարտիզանները» ոչ միայն վարկաբեկում են իրենց համար անցանկալի լրատվամիջոցներին, այլեւ վնաս են հասցնում նրանց գործարար համբավին, ինչն ուղղակի խոչընդոտ է մամուլի գործունեության համար։

Պարտավոր ենք նկատել եւ հիշեցնել, որ լրատվամիջոցները միշտ էլ կատարել եւ կատարում են իրենց ֆունկցիան՝ թե հեղափոխությունից առաջ, թե հեղափոխության ժամանակ, եւ թե հեղափոխությունից հետո։ Այլ հարց է, որ օրվա իշխանություններին թվում է, թե այժմ մամուլն իրենց պետք չէ, եւ նրանք վարկաբեկում են լրատվամիջոցներին եւ փորձում են թուլացնել նրանց դերը՝ ճանապարհ հարթելով հաղորդակցության ավելի պարզունակ, բայց անպատասխանատու միջոցների՝ սոցցանցերում լայվերի ու ստատուսների համար։

Ցավոք, տեսնելով օրվա իշխանությունների գործելակերպը, լուրջ կասկածներ են առաջանում, որ նման հարցերի շահարկումը բխում է ոչ թե խոսքի ազատության մասին մտահոգությունից, այլ փորձ է՝ մամուլի խնդիրները լուծել հեղափոխական ճանապարհով, ամբոխի պահանջով, շրջանցելով օրենքը եւ իրավական մեխանիզմները։

Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031