Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Զելանդիայից Անկարային ուղղված եւ ընկալված ուղերձները

Մարտ 17,2019 23:55

Նոր Զելանդիայի ահաբեկչական գործողության դրդապատճառների մասին կատարվող վերլուծականները կենտրոնանում են ահաբեկչություն ընդդեմ ահաբեկչության հակազդեցության շղթայի գործընթացի զարգացման վրա: Այլ խոսքով, ծայրահեղականության դիմաց առաջացող հակազդեցության նույն ոճի որդեգրման անհատական թե քաղաքական մղումների վրա:

Համաշխարհային ներկա հասարակարգի դրվածքը բարդացրել է իրավիճակը այն իմաստով, որ բնակչությունների շարժունակ միտումները փոփոխությունների են ենթարկել ժողովրդագրական պատկերները: Աշխարհագրական միջավայրերն անվերջ ստանում են ժողովրդագրական հարափոփոխ պատկերներ: Ժողովուրդների տեղափոխության արդի միտումները չեն տարանջատում կրոնի եւ ազգության տարբերությունները: Նոր Զելանդան եւս ժողովրդագրական պատկերի արագ փոփոխության միջավայրի է վերածվել, նախապես թերեւս ամենամիատարրերից  այս իմաստով, ուր այժմ անմիջական շրջակայությունում գործում են երկու մզկիթ` դրանք էլ Քրայսթչըրչ անվանվող շրջանում:

Բնակչային մնայուն այս շարժունակությանն առընթեր ներկա աշխարհակարգը գծաքաշով սահմանազատում է իսլամն ու Քրիստոնյան, ահաբեկիչն ու հակաահաբեկիչը, իսլամիստն ու ցեղապաշտը կամ քաղաքական արդի եզրույթով` ծայրահեղ աջը: Ստացվում է այն, որ համախառն բնակչությամբ սահմանազատված համաշխարհային հասարակությունը այսօր ոչ միայն ընկերաբանական, այլ նաեւ զուտ ապահովական առումով ամենաբարդ կացությունում է գտնվում:

Իրաքից Սիրիա եւ Եմենից, Աֆղանստանից, Պակիստանից, Թուրքիայից ու Հեռավոր Արեւելքի երկրներից դեպի Եւրոպա ու ԱՄՆ արտահանված իսլամական ահաբեկչությունը ստանում է ոճանման հակահարվածներ: Եթե քաղաքական իմաստով ծայրահեղ աջակողմյանականությունը աշխույժ դրսեւորումներ է ունենում եւ գրավում խորհրդարանական աթոռներ, ապա գետնի վրա նույն մտայնությունը, անհանդուրժողականության գագաթներ է մագլցում` հավաքական սպանդներ իրականացնող գործողություններով:

Ուշագրավ է այս դեպքում այն, որ ահաբեկչություն արտահանած երկրներից ամենաշատը Թուրքիան է, որը լուսարձակի տակ է բերվել ավստրալիացի կազմակերպչի կողմից հրապարակված նոր Զելանդիայի գործողությամբ աշխարհին ներկայացող մանիֆեստով: Զինական գործիքների վրա բազմալեզու արձանագրությունները եւ հատկապես նշված պատմական ճակատարմարտերը շեշտված ձեւով ընդգծում են այն հանգրվանները, որտեղ Թուրքիան ճակատագրական պարտություն է կրել։

Զգուշացումը Թուրքիային ուղղվել է` դեպի Եւրոպա իր թափանցումները կասեցնելու կամ երթը չշարունակելու ընդհանրապես: Խնդիրը ըստ երեւույթին ոչ միայն Եւրոպայի իսլամացման, այլ թրքացման վտանգն է, որ մղել է գործողության կազմակերպիչներին այս ձեւով ուղերձ փոխանցելու:

Քաղաքականորեն նաեւ հասկանալի է թվում, որ Էրդողանը  ամենախիստ հռետորաբանությամբ եւ սպառնական ոճով է հակազդում Նոր Զելանդիայի արարքին: Փաստորեն, Եվրամիության, ԱՄՆ-ի, Մեծն Բրիտանիայի, սուննի բարձրագույն կրոնապետի, Ֆրանցիսկոս պապին Իրանի, Ֆրանստայի, Գերմանիայի, ՌԴ-ի, Հնդկաստանի (նշելու համար հիմնական երկրները) ցավակացական դատապարտագրերի բովանդակությունները ընդհանուր հայտարարներ ունեն:

Եվրամիությունը եվրոպական արժեքների հակոտնյա է նկատում վայրագության այս արարքը, մինչ ԱՄՆ ահավոր ջարդ  է որակում պատահածը եւ ցավակցում զոհերի հարազատներին: Մեծ Բրիտանիան ատելության մթնոլորտի տարածման դեմ  է խոսում եւ իսլամների թիրախավորումը քննադատում. Պապը իսլամ համայնքին իր խոր ցավակցություններն է հայտնում. Իրանի ոճը հատկանշվում է որոշ ուղղվածությամբ` երբ քննադատում է արեւմտյան կեղծավորությունը կարծիքի ազատության անվան տակ իսլամ կրոնի սատանայացման առումով: Ֆրանսիան ամեն տեսակ ծայրահեղականությունը մերժում է եւ իր գործընկերների հետ հակաահաբեկչական պայքարին հավելյալ կազմակերպման կոչ է անում: Գերմանիան` ցեղապաշտական մղումները խորապես դատապարտում է` ատելությամբ սպանված բոլոր մարդկանց դեմ, որոնք իրենց աղոթատեղիում աղոթում էին: ՌԴ-ն ահաբեկիչներին խստագույն պատժի ենթարկելու անխուսափելիությունն է ընդգծում. Հնդկաստանը ահաբեկչության բոլոր տեսակի դրսեւորումներն է  դատապարտում:

Թուրքիայի ղեկավարը իսլամ աղոթողների դեմ կատարված ահաբեկչությունը խորապես դատապարտելուց  հետո, այն նկատում է նորագույն օրինակ ցեղապաշտության եւ իսլամաֆոբիայի: Հավելելով, որ հստակորեն ահաբեկչիների առաջադրանքը արեւմուտքում ենթահող է շահում:

Քաղաքական իմաստով հակաարեւմուտք ուղերձ հղելու նույնություն գոյություն ունի Իրանի եւ Թուրքիայի պաշտոնական դատապարտանքներում: Հստակ տարբերությամբ, իհարկե, մինչ Իրանը խոսում է մարդու իրավունքների անվան տակ իսլամական կրոնի սատանայացման միտող Արեւմուտքի կեղծ քաղաքականության մասին, Անկարան շեշտում է ահաբեկիչների եւ Արեւմուտքի նույն առաջադրանքը ունենալու քաղաքական ամբաստանությունը:

Անկարայի առանձնացումը ահաբեկիչների  մանիֆեստում ունի քաղաքական տրամաբանություն: Հայտնապես ահաբեկիչները իսլամական ահաբեկչություն արտահանող գլխավոր երկիր են նկատում Թուրքիային։ Իսկ Էրդողանը, ահաբեկիչների եւ Արեւմուտքի միջեւ միացյալ առաջադրանք տեսնելու իր հայտարարությամբ պարզապես նվիրականացնում է այդ ընկալումը:

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«ԱԶԴԱԿ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Դաստիարակությունս թույլ չի տալիս հրապարակավ հեղինակին համեմատել հատուկ բուժական հաստատությունների պացիենտների հետ, կիրառելով համապատասխան բնորոշումները, բայց մյուս կողմից, ուրիշ ինչ ասես, երբ մարդը ընթերցողներին տգետ հիմարների տեղ դրած համոզում է, որ ահաբեկչությունը լինում է իսլամական, այլ ոչ թե իսլամիստական, իսկ դրանք շատ տարբեր բաներ են, և ամենակարևորը, որ Սիրիան կամ Յեմենը ահաբեկչություն են արտահանում ԱՄՆ, այլ ոչ թե հակառակը։ Իսկ Իսրայելի դերի մասին ընդհանրապես ոչ մի խոսք, կարծես նման պետություն գոյություն չունի՝ ոչ լավ, ոչ վատ առումներով։ Մի խոսքով, սա հոդված չէ, այլ ապատեղեկատվություն՝ սկզբից մինչև վերջ, այն էլ, գրված անհասկանալի, ՀՀ-ում գոյություն չունեցող հայերենով։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031