Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը գրել էր. «Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ օպերայի շուրջն այլանդակող սրճարանները ապամոնտաժելիս: Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը: Երանի մարդու իրավունքների ներկայիս պաշտպանին, որ այսօր անելիք գրեթե չունի»: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրոք համարո՞ւմ է, որ այս գործընթացում անելիք չունի՝ մանավանդ որ այլ իրավապաշտպաններ ահազանգում են ոստիկանության գործողությունների իրավաչափության, սեփականության իրավունքի խախտման մասին: Արման Թաթոյանը պատասխանեց, որ անելիքները շատ են. «Մի քանի ուղղությամբ՝ առաջինը, ապամոնտաժման որոշման կայացման հետ կապված հարցերը: Ես ստորագրել եմ Երեւանի քաղաքապետին ուղղված փաստաթուղթ, որտեղ հարցադրումներ են արված այդ առումով: Եվ այդ հարցադրումներն ուղղված են մեր մոնիթորինգի արդյունքների եւ այն մտահոգությունների առնչությամբ, որ տարբեր քաղաքացիներ, նաեւ այդտեղ սրճարաններում աշխատող մարդիկ էին հայտնում»: Խոսքը մասնավորապես աշխատատեղերի՝ մարդանց աշխատանքային իրավունքի մասին է: Հարցեր են առաջադրվել նաեւ սեփականության իրավունքի վերաբերյալ, Պաշտպանն անգամ պայմանագրերի օրինակներն է խնդրել ներկայացնել: Քաղաքապետարանից նաեւ հիմնավորումներ են խնդրել ներկայացնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել ապամոնտաժվող սրճարանները. «Քանի որ հանրային մտահոգություն կա, թե խտրականություն կա»: Եվ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել՝ ապամոնտաժման աշխատանքները սկսելուց անմիջապես հետո: Գրություն է հասցեագրվել նաեւ ՀՀ ոստիկանապետին՝ բողոքի ցույցի վայրում ոստիկանության գործողությունների առնչությամբ. «Այստեղ մենք շատ ավելի մանրամասն տեղեկություններ ունենք, քանի որ իմ ներկայացուցիչները հանդիպել են 30-ից ավելի մարդկանց, որոնք այդ օրը բերման էին ենթարկվել»:
Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք իրավաչա՞փ են քաղաքապետարանի գործողությունները՝ հաշվի առնելով, որ սրճարանների որոշ սեփականատերեր դիմել են դատարան՝ համայնքային հողամասն ազատելու և Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի առնչությամբ, մինչդեռ չսպասելով անգամ դատական նիստին ու որոշմանը՝ իրականացվել է ապամոնտաժում: «Քանի որ դատական կոնկրետ որոշում չկա որեւէ միջանկյալ միջոցներ կիրառելու, որոշման կատարման կասեցնելու հետ կապված՝ ես ենթադրում եմ, որ դրանով են պայմանավորված քաղաքապետարանի գործողությունները»,- մասնավորապես պատասխանեց պրն Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մանրամասն ներկայացրել էր իրենց գործողությունները բանտում մահացած HayNews.am կայքի սեփականատեր Մհեր Եղիազարյանի գործով՝ նրա հացադուլի ընթացքում: Սակայն դրանից հետո էլ HayNews.am-ը հրապարակավ հարցեր էր ուղղել, որոնցից մեկն էր. «Արդյոք Պաշտպանի՝ Մ. Եղիազարյանին անձամբ չայցելելը պայմանավորված է Մհերի՝ «ոչ բավարար հայտնի հանրային անձ» լինելով»: «Ինձ համար որեւէ նշանակություն չունի, թե հացադուլ հայտարարած անձը հանրային ինչ ճանաչում ունի: Դա բացառված է,- արձագանքեց պրն Թաթոյանը:- Մհեր Եղիազարյանի պարագայում անընդհատ իրականացվել են այցեր, առավելագույն բարձր չափանիշներին համապատասխան է մեզ մոտ վարվել քննությունը: Մենք նույնիսկ առաջարկներ էինք ներկայացրել դեռ 2018-ի դեկտեմբերին՝ նրա կալանավորումից գրեթե անմիջապես հետո, որ քննարկվի խափանման միջոցի փոփոխության հարց, որ կալանքի անհամատեղելիության հարց պետք է դրվի: Քննությունն իրականացնող մարմնին ներկայացրել էինք այդ բոլորը՝ հաշմանդամության փաստաթղթերը եւ այլն: Ցավոք, դրանք չէին դարձել քննության առարկա»:
Մարտի 13-ին հրապարակվեց ԱՄՆ Պետքարտուղարության «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցը: Այստեղ երկրորդած է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան այցի արդյունքում զեկույցի մի դրույթ: Հանձնակատարը, անդրադառնալով մարտի 1-ի գործի քննության զարգացումներին, ընդգծել էր. «Քայլերը պետք է արվեն զգույշ և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը՝ խուսափելու հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության մեղադրանքներից»: Ընդ որում՝ ավելի վաղ համանման ակնարկ արել էր նաեւ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք «հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության» ձեւակերպումը հուշո՞ւմ է, որ միջազգային կառույցներն այս առումով խնդիր են տեսնում: Մարդու իրավունքների պաշտպանն ի պատասխան տեղեկացրեց, որ Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող զեկույցն այժմ ամփոփվում է (պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել հանգամանալից անդրադառնալ այդ գործին զեկույցի հրապարակումից հետո): Իսկ առայժմ հիշատակեց, թե քանի որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով քրեական հետապնդման են ենթարկվում բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ՝ այդ հարցերը պետք է առաջանան. «Նման հարցադրումներ միջազգային կառույցների մոտ այդ պատճառով էլ առաջացել են: Սրանք այնպիսի գործեր են, որ պետք է վերին աստիճանի, ամենաբարձր աստիճանի իրավունքի գերակայության կանոնին համապատասխան առաջ շարժվեն: Մի քանի մտահոգություններ ինքս էլ էի հայտնել ՝ անմեղության կանխավարկածի, փաստաբանների նկատմամբ ճնշումների առնչությամբ եւ այլն»:
Կարդացեք նաև
Հիշեցրեց այդ հայտարարություններից մեկը. «Քրեական գործով ցանկացած ընթացակարգի անկյունաքարային պահանջ է անմեղության կանխավարկածի՝ որպես արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչի պահպանումը: Սա ենթադրում է, որ բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում: Իրենց հայտարարություններում առանձնապես պետք է զգույշ լինեն այն անձինք, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոն, ում քաղաքացին ընկալում է պետության, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի ներկայացուցիչ: Ընդ որում, որքան բարձր է անձի պաշտոնն ու ստանձնած պատասխանատվությունը, այնքան ավելի բարձր են պահանջները նրա վարքագծի ու խոսքի նկատմամբ»: Այժմ պրն Թաթոյանը հավելեց. «Պետք է միշտ նկատի ունենալ, որ պաշտոնատար անձի կանխակալ գնահատականները հետագայում կարող են դրվել այդ գործերով խախտումների հիմքում»: Սակայն նշեց, թե այս պահին. «Չունեմ որեւէ գործիքակազմ, ու հիմքեր էլ չունեմ պնդելու, թե քաղաքական վրեժխնդրություն կա եւ այլն»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բազմիցս նշել է, թե հաշվի առնելով այն, որ ինքը ՀՀԿ անդամ է՝ իր դեմ հետապնդումներն ունեն քաղաքական ենթատեքստ: Ի դեպ, նույն գնահատականը տվել էր նաեւ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը. «Ես 10 փաստ եմ նշում՝ սկսած այն հանգամանքից, որ Արամ Սիմոնյանը չի հանդիսանում գործող քաղաքական ուժի կողմնակից, վերջացրած նրանով, որ կարևորագույն ստուգող մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, պաշտոնը ստանձնելիս կարճ ժամանակ անց հայտարարում է, որ ստուգումներ է սկսելու համալսարանում։ Սկսում է մեծածավալ ստուգումներ, որոնք տևում են ամիսներ, մինչև ընթացակարգի ավարտը ինչ-որ թիվ է հրապարակվում, հանրային կարծիք է ստեղծվում, հետո հորդոր է հնչում՝ ռեկտորի հրաժարականի հետ կապված, հաջորդ օրը հարուցվում է քրեական գործ: Արդյոք սա քաղաքական հետապնդո՞ւմ չէ»: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունն այս առնչությամբ մասնավորապես հետեւյալն էր. «Ես շատ մտահոգիչ եմ համարում զարգացումները, որոնք ընթանում են՝ ԵՊՀ հեղինակությանը հասցվող վնասի տեսանկյունից»: Ըստ նրա՝ «Խիստ արատավոր երեւույթ է, որ համալսարանի ղեկավարը կարող է լինել կուսակցական՝ ես դա սխալ եմ համարում: Կրթական հաստատության ղեկավարը չպետք է լինի որեւէ կուսակցության ներկայացուցիչ»: Հարցին՝ արդյոք այդ պնդումը չի հակասում անձի՝ քաղաքական համոզմունքներ ունենալու իրավունքին՝ Պաշտպանը բացասաբար պատասխանեց: Նա անթույլատրելի համարեց նաեւ համալսարանի վերաբերյալ պաշտոնյաների «կանխակալ գնահատականները», որոնք արվել են մինչեւ ստուգումների ավարտը. «Դա ազդում է համալսարանի միջազգային հեղինակության վրա: Դա կարող է ազդեցություն ունենալ նաեւ կրթական գործընթացի վրա: Եվ առհասարակ՝ սա պետք է մեզ համար քաղած դաս լինի, որ ապագայում զերծ պահենք մեր բուհերը քաղաքական որեւէ ազդեցությունից»: Դիտարկմանը, թե այժմ էլ են բուհերի հոգաբարձուների խորհուրդը համալրվում իշխող կուսակցության ներկայացուցիչներով ու համակիրներով՝ պրն Թաթոյանը, որն ինքն էլ շուրջ 15 տարի դասավանդում է ԵՊՀ-ում՝ արձագանքեց. «Ես դա ճիշտ չեմ համարում: Համալսարանը չպետք է կուսակցականացման որեւէ գործընթացում հայտնվի»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփեց. «Ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո կարեւորագույն խնդիրը տեսնում եմ այն, որ իմ կարծիքով՝ շատ բարձրացավ պետական ապարատի հաշվետվողականության մակարդակը: Արագ արձագանքների, թափանցիկության աստիճանով մենք ունեցանք դրական ակնհայտ ձեռքբերումներ, ինչը շատ կարեւոր է եւ ինչը քաղաքական կամքով էլ է պայմանավորված: Բայց դեպքեր ունենք նաեւ, որ խնդիրներ են առաջ գալիս տարբեր վարույթներով՝ ստուգումներ կլինեն, թե ինչ, ընթացակարգերի, լրագրողների իրավունքների պաշտպանվածության, փակ հաստատություններում իրականացվող գործընթացների կամ իրավունքների պաշտպանության վիճակի առնչությամբ: Եվ ընդհանուր առմամբ, եթե գնահատական տանք՝ կարծում եմ, որ այն համակարգային խնդիրները, որոնք կային՝ դրանցից շատերը հիմա շարունակվում են: Եվ շատերը կապված են երկրի սոցիալական խնդիրների, ֆինանսական հնարավորությունների հետ: Օրինակ՝ նույն փակ հաստատություններում մարդկանց նորմալ չվարձատրելը, այդտեղ պահվողներին նորմալ պայմաններ չապահովելը եւ այլն: Կարծում եմ՝ առաջիկայում դրանք պետք է լինեն թիրախները մեր երկրում՝ հարցերի լուծման տեսանկյունից»:
Արման Թաթոյանին խնդրել ենք մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնության մեջ, որով առաջարկվում է գաղտնալսման իրավունք տալ նաև ոստիկանությանը: Զրուցել ենք նաեւ այն մասին, որ ՀՔԾ-ն կարճել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Ապարանում «Քաղաքացու որոշում» կուսակցության քարոզարշավի խոչընդոտման, կուսակցության անդամի նկատմամբ բռնության առնչությամբ քրեական գործը՝ հիմնավորմամբ, թե նախկին կասկածյալը իմացել է, որ «Եհովայի վկաների» հետ գործ ունի, ոչ թե նախընտրական քարոզչությանն է խոչընդոտում։
Խոսել ենք նաեւ Հատուկ քննչական ծառայության կայացրած մեկ այլ կասեցման որոշման մասին՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով, որի պատճառաբանությունն է, թե որպես մեղադրյալ ներգրավված անձինք հայտնի չեն։ Այն դեպքում, երբ 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում մի շարք լրագրողների և հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառողների լուսանկարները կան, լրագրող Թեհմինե Ենոքյանն անգամ նրանց շատերի անուններն է հրապարակել:
Հարցազրույցում նաեւ անդրադարձ է եղել այս փաստին՝ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում նշված է, որ հայաստանյան հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, թե կառավարությունը ճշգրիտ չի ներկայացրել բանակում (ոչ սահմանային) գրանցված մահվան դեպքերը։ Ենթադրելի է, որ նույն փաստը տեղ կգտնի նաեւ հաջորդ տարվա զեկույցում՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում էլ հայտնի դարձան դեպքեր մարդկային կորուստները թաքցնելու վերաբերյալ: Այս եւ այլ հարցերի մասին Արման Թաթոյանի առավել ամբողջական պատասխանները՝ տեսանյութում:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ