Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անտեղի «օպտիմալացում»

Մարտ 17,2019 16:32

Օրերս մայրաքաղաքի Նոր Նորք համայնքի թվով 65 բնակիչ (հիվանդ թոշակառուներ, հաշմանդամներ) գրավոր դիմել են  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանին: Դիմումագիրներն ահազանգում են մի շարք անհանգստացնող փաստերի կապակցությամբ, որոնք իրենց և իրենց նման հազարավոր համաքաղաքացիների համար հղի են անցանկալի  լրացուցիչ բարդություններով:

Խոսքը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի ֆիզիոթերապիայի կաբինետի նախատեսվող լուծարման, ինպես նաև մանկական պոլիկլինիկայում լուծարված լոգոպեդի և դեռահասների կաբինետի լուծարման փաստերին է վերաբերում: Մարդիկ տասնյակ տարիներ այցելել են այդ պոլիկլինիկան, այժմ էլ են այցելում, միշտ գոհ են եղել բուժման արդյունքից ու վերաբերմունքից: Շատերը պարբերաբար հենց ֆիզիոթերապևտիկ բուժում են ստանում: Նման պրոցեդուրաներ ստանում են այն հիվանդները, որոնց գերակշիռ մասը թոշակառուներ և հաշմանդամներ են: Մեկ պրոցեդուրայի արժեքը 500 դրամ է: Իսկ ահա հիվանդանոցում այդ նույն սպասարկումը կիրականացվի արդեն 2000 դրամ և ավելի արժեքով: Տրամաբանական հարց է ծագում՝ դա ո՞ւմ համար և ի՞նչ նպատակով է արվում: Աղքատության, չքավորության եզրին մի կերպ գոյատևող թոշակառուների՞…

Հատկանշական է, որ, ինչպես հաղորդեց դիմումի հեղինակներից մեկը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանն իր հետ մասնավոր զրույցում ընդունեց խնդրի առկայությունը, ընդգծեց այդ խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, ինչի համար էլ, ըստ նրա, որոշ կարևոր ամբուլատոր ծառայություններ իրականացվելու են միայն ստացիոնարում՝ վճարովի հիմունքներով: Իսկ վերջում հարցրեց. «Ձեզ համար միևնո՞ւյն չէ արդյոք՝ պոլիկլինիկա՞ գալ պրոցեդուրաներ ընդունելու, թե՞ հիվանդանոց»,- բոլորովին անտեսելով սակագնի՝ առնվազն քառակի ավելացումը: Նման մոտեցումից հիրավի տարակուսում ես. մի՞թե Հայաստանի առողջապահական խոշորագույն հիմնարկություններից մեկի ղեկավարն անտեղյակ է բուժման կարիք ունեցողների մեծ մասի սոցիալական բարդ վիճակի մասին: Կամ էլ երևի նա այդ վիճակը, կոպիտ ասած, բանի տեղ չի դնում:

Փաստորեն, Երևանի Նոր Նորքի բոլոր 9 թաղամասերի, ինչպես նաև Բագրևանդի և Ջրվեժի տասնյակ հազարավոր բնակիչներ այլևս հնարավորություն չեն ունենա ստանալ մասնագիտական լիարժեք (և իրենց գրպանին հասանելի) բուժում պոլիկլինիկայում: Միաժամանակ, նախատեսված է կաբինետը սպասարկող մասնագետներին կրճատել՝ վերջիններիս հետագա «անպետքության» պատրվակով: Այդ ամենը մատուցվում է որպես «օպտիմալացում»: Բայց մի՞թե այդպիսին պետք է լինի իրական օպտիմալացումը:

Գործից հասկացող մասնագետների միահամուռ համոզմամբ, պոլիկլինիկայում ֆիզիոթերապիայի կաբինետի փակումը միանշանակորեն աննպատակահարմար է և անթույլատրելի: Նրանք մեծ սխալ են համարում բնակչությանը բուժօգնություն մատուցող առաջնային օղակից ֆիզիոթերապևտիկ ծառայությունները հանելն ու դրանք տեղափոխելը հիվանդանոց: Որովհետև առաջնային բուժսպասարկումը հենց կոչված է բուժել, որպեսզի հիվանդները հետագայում բարդություններով չընկնեն հիվանդանոց: Ուստի պոլիկլինիկաները պետք է հագեցած լինեն անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաև պրոֆիլային մասնագետներով, ներառյալ ֆիզիոթերապեւտները: Մինչդեռ ներկայումս հակառակն է տեղի ունենում, ինչը սպառնում է քայքայել պոլիկլինիկաների՝ որպես բուժօգնություն մատուցող առաջնային օղակների լիարժեք աշխատանքը:

«Եթե ուզում էք, հենց դա՛ է բուժման հիմնարար օրենքներից մեկը՝ սկզբից տեղում լիարժեք բուժում անցկացնել: Այցելուներից շատերը հենաշարժողական ապարատի խանգարումներով կամ այլ լուրջ հիվանդություններով են տառապում, և նրանց համար չափազանց դժվար է լինելու պրոցոդուրաներ ստանալու համար ամեն անգամ պոլիկլինիկայից հիվանդանոց գնալ-գալ: Չեմ կարող ասել, մյուս բժշկական կենտրոններում նման բան ևս նախատեսվու՞ւմ է, թե ոչ: Բոլոր դեպքերում, միանշանակ ցանկալի չէ, որպեսզի դա համատարած երևույթ դառնա»,- նշում է ֆիզիոթերապևտների հետ մեր զրույցին միացած հիվանդներից մեկը՝ Ա.Ս.-ն (նա այդպես նախընտրեց ներկայանալ), ով, ինչպես պարզվեց, ինքն էլ է բազմավաստակ բժիշկ է և առողջապահության բազմամյա փորձառու կազմակերպիչ:

Եվս մեկ կարևոր հանգամանք, որն անտեսել պարզապես չի կարելի: Բանն այն է, որ, եթե պոլիկլինիկայում չկա ֆիզիոթերապիայի կաբինետ, ապա այն ընդհանրապես իրավունք չունի գործել որպես պոլիկլինիկա: Այդ առանցքային նորմը մի՞թե անհայտ է ԲԿ-ի ղեկավարներին: Կամ գուցե պետական մակարդակով մտադրություն կա կաթվածահա՞ր անել պոլիկլինիկ ծառայությունը՝ մարդիկ պարզապես չեն հաճախի պոլիկլինիկա: Եթե այո, ապա ինչո՞ւ, ի՞նչ շահագրգիռ նպատակներով: Իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս է ճյուղային գերատեսչությունը պատկերացնում այդ բուժհիմնարկության հետագա  բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով խնդրի անվիճելի կարևորությունը համաքաղաքացիների մի ստվար զանգվածի համար, ակնկալում ենք բնագավառը կարգավորելու կոչված պետական կառույցի՝ ՀՀ առողջապահության նախարարության հիմնավորված արձագանքը: Քանզի ժողովուրդը տագնապի մեջ է ընկել (և այդ տագնապն, ըստ ամենայնի, անհիմն չէ), ներառյալ վերոնշված պոլիկլինիկայի մի շարք բանիմաց մասնագետների, ովքեր, բնավ ոչ իրենց մեղքով, հայտնվել են աշխատանքից հեռացվելու եզրին: Ստիպված ենք դնել բնավ ոչ հռետորական հարց՝ դա ո՞ւմ է ձեռնտու, ո՞ւմ շահերից է իրականացվում: Պատասխանն էլ, կարելի է փաստել, ինքնաբերաբար է առաջանում՝ այժմ ամեն ինչ «նաղդ փողն» է որոշում, բժշկական հոգատարությունը դեն է նետված, էլ ի՛նչ Հիպոկրատի երդում, ի՛նչ բան…

Վերջին ամիսներին բազմիցս արդեն համոզվել ենք, որ նորանշանակ իշխանավորների ընթացիկ գործելակերպի արդյունքում շատ հաճախ միտումնավոր նախաձեռնվում է բանիմաց կադրերի եթե ոչ ջարդ, ապա մի ինչ-որ անմաքրաբարո վերադասավորում: Որի արդյունքում վերջիններս, այսինքն՝ դեռ խորհրդային լուրջ, որակյալ ու հիմնավոր կրթություն ստացած և բազմամյա պարտաճանաչ աշխատանքով իրենց մասնագիտական բարձր որակավորումով մասնագետները շինծու պատրվակներով դուրս են մղվում բուժհիմնարկներից: Իսկ նրանց տեղն արագորեն զբաղեցնում են ինքնավստահ, հավակնոտ, սակայն բուն աշխատանքից քիչ բան հասկացող անձնավորություններ, որոնց «հաղթաթղթերն են» արևմտյան կրթօջախներում ուսանելը հաստատող վկայականները, անգլերենին քիչ թե շատ վարժ տիրապետելն ու ճարտար լեզուն: Հա՛, բարձրաստիճան պաշտոնյաներին մոտ կանգնած լինել էլ դե կա ու կա: Հարազատ բարեկամ-ընկեր-համակուրսեցի-համադասարանցիների մասին բա ինչպե՞ս չհոգան իշխանության լծակներին տիրացած նորաթուխ «գործիչները»: Մեծն Գրիբոեդովի թևավոր արտահայտությունը. «Ну как не порадеть родному человечку?» հիմա է՛լ է մնում արդիական…

Արդյունքում ի՞նչ ունենք: Օրինակ՝ այն, որ վերոնշված պոլիկլինիկայի վարիչ (այժմ՝ արդեն նախկին) Հովհաննես Հարությունյանը, այդ պաշտոնում ընդամենը 4 ամիս աշխատելուց հետո, վերջերս նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական: Հավաստի աղբյուրները վկայում են, որ դա ոչ թե պարոն Հարությունյանի բացառիկ մասնագիտական մակարդակի, այլ, ավելի շուտ, գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ընկերական և ազգակցական կապերի արդյունք է՝ նա պրն Թորոսյանի քեռադստեր ամուսինն է: Այլապես դժվար թե Գյումրուց նա սրընթաց գար-հասներ նախարարի խորհրդականի պաշտոնին: Ի դեպ, պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ է նշանակված Արսեն Թորոսյանի համակուրսեցի Հեղինե Պետրոսյանը, որը միաժամանակ վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է: Արսեն Թորոսյանի կողմից նշանակված ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը նույնպես իր համակուրսեցին է: Պարոն նախարա՛ր, ամոթ չհամարվի հարցնել՝ էլի քանի՞ բարեկամ և ուսումնակից ունեք: Երևում է, Ձեր սրբազան պա՞րտքն եք համարում բոլորին լավ աշխատանքի դասավորելը: Դրանո՞ւմ եք տեսնում Ձեզ վրա դրված երկրի առողջապահությանն առնչվող խնդիրների կարգավորման առաքելությունը:

Հակված ենք ենթադրել, որ նման աննախանձելի ապագա է սսպառնում նաև պոլիկլինիկայի այլ պրոֆիլային ծառայություններին: Այսպես, լուծարվել են նաև մանկական պոլիկլինիկայի բժիշկ-լոգոպեդի և դեռահասների կաբինետները: Միակ լոգոպեդին տեղափոխել են ստացիոնար, իսկ դեռահասների կաբինետի աշխատակիցներին՝ կրճատել:

Ստիպված ենք արձանագրել, որ պետական գերատեսչությունների ներկայիս որոշ ղեկավարներ անհասկանալի, շտապողական և անտրամաբանական նախաձեռնություններ են իրկանացնում, որոնք դրական տեղաշարժերով չեն պսակվում: Այդպես է ստացվում, մասնավորապես, առողջապահության ոլորտի նկատմամբ:

Այնուամենայնիվ, լիահույս ենք, որ քաղաքացիների (հենց այն հասարակ մահկանացուների, ում ծառայելը նոր իշխանությունները անդադար հայտարարում են գերագույն նպատակ) վերևում հիշատակված հուսակտուր դիմումն անպատասխան չի մնա: Իսկ դրա համար իմաստության տիպար բնավ պետք չէ լինել: Պարզապես «եվրոպական արժեքներ» տեղայնացնելով տարվելու փոխարեն ցանկալի է, վերջապես, անսալ ժողովրդի ռեալ կարիքներին: Այն ժողովրդի, որին դուք, ֆեյսբուքները «զուգահեռ աշխատավայր» դարձրած պարոնայք  իշխանավորներ, երդվել եք սիրել և հարգել: Որին դուք հաշվետու եք: Որի աջակցության ալիքի վրա էլ իշխանավորներ եք դարձել:

Թե՞ արդեն մոռացել եք դրա մասին:

 

Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031