Մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ ի դեմս պարոն Հայկ Մարությանի, ինչպես նաև Կենտրոն Վարչական շրջանի ղեկավարությանը՝ ի դեմս պարոն Վիկտոր Մնացականյանի՝ վերջին օրերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակա կանաչ տարածքը վերականգնելու և Երևանի քաղաքացիներին վերադարձնելու կարևոր և հայրենանվեր նախաձեռնության առնչությամբ։ Այս գործընթացում գնահատելի ենք համարում նաև ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացվող պրոֆեսիոնալ ծառայությունը։
Որպես Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժման ակունքներում եղած նախաձեռնություն՝ կարող ենք փաստել, որ կանաչ տարածքները հոշոտող բիզնեսների սեփականատերերը սովորաբար հանդես են գալիս հայտարարություններով այն մասին, թե իբր օրինականության վերականգնումից տուժելու են նրանց «հարյուրավոր աշխատակիցներ» և ուստի քաղաքի կենտրոնի ապականումն «անհրաժեշտ պայման» է աշխատատեղերը պահպանելու համար։
Այս առիթով հիշում ենք նախկին պատգամավոր Հ․ Նաղդալյանի այցը Մաշտոցի պուրակ, որտեղ նա փորձել էր ակտիվիստներին համոզել, թե պուրակում կառուցվող «բուտիկները» ոմանց համար ապրուստի «միակ միջոցն են» և ակնկալել էր քաղաքացիների խղճահարությունը։ Նման երեսպաշտություններն, իհարկե, ծիծաղելի են, եթե խնդիրներին մոտենում ենք իրավական պետության տեսանկյունից։
Նախկին իշխանությունների սահմանած ամենաթողության պայմաններում այլանդակվել են մեր քաղաքի բազմաթիվ զբոսայգիներ և պուրակներ, փոշիացվել են պատմամշակութային հուշարձաններ։ Այն, ինչը, ցավոք, հնարավոր չէ վերականգնել, պետք է բոլորիս զգոնություն ներշնչի, որպեսզի նախկինների գործելակերպը մեկընդմիշտ մնա անցյալում։
Օպերայի հարակից տարածքում այս օրերին թավալվող ջարդոնները շատերիս համար խորհրդանշում են ազատագրում օլիգարխիկ բռնապետության մնացորդներից։ Այդ հաճելի պատկերը (որն, ի դեպ, ցանկանում էինք տեսնել դեռևս վեց տարի առաջ, երբ ահազանգեցինք նշված տարածքների բետոնապատման մասին) ակնկալում ենք վայելել նաև Մաշտոցի պուրակի՝ Մաշտոց-Սարյան հատվածում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգում և այլ կանաչ տարածքներում, որտեղ հանգրվանած հոռի «ճարտարապետության» նմուշները անհամբեր սպասում են իրենց ապամոնտաժման պահին։
Շնորհակալ ենք քաղաքային իշխանություններին՝ հանրային տարածքների վերականգնման գործում ցուցաբերած վճռականության և հետևողականության համար։
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ՀԱՆՐԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ