Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելորդ հաղթանակներ (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Մարտ 16,2019 22:00

Ինձ վրա խորը տպավորություն թողեցին բոլոր այն երեխաները, որոնք տարիքն առած մարդիկ էին, տակավին ծերուկներ էին և կամ ծերունիներ զառամյալ:

Նրանք բոլորը պառկած էին պուճուր մանկասայլակների մեջ, և նրանց տանում էին հրելով:

– Կաթի՜կ, կաթի՜կ,- երբեմն հնչում էր ինչ-որ մեկի լալկան բարիտոնը, որ խորխ ուներ խորքում, քանզի անհաշիվ ծխախոտների մրուրն այլևս դուրս չէր գալու թոքերից:

– Կապույտ մեքենա՜ն եմ ուզում,- բղավում էր բեղ-մորուսով մեկ ուրիշը՝ տակաշորը մանկասայլակից դուրս շպրտելով:

– Ձա՛յնդ,- սաստում էին դայակները, որ համակենտրոնացման ճամբարների ծառայողներ էին: Նախկի՛ն ծառայողներ:

Ահա ժամն էր զբոսանքի: Հրաշալի, արևոտ եղանակ:

– Ախր մեզ ո՞ւր եք տանում,- հանկարծ թնկթնկում էին որոշ անատամ պառավներ, բայց դայակները սև ու սպիտակ լուսանկարներ էին շպրտում նրանց մանկասայլակների մեջ, և պառավները առժամանակ պապանձվում էին:

Ոմանց խաբում էին շքանշաններով, որ նրանք վաստակել էին երբևէ, և մանկասայլակներում մեջքի վրա պառկածներն իրենց մազմզոտ, ծանր աշխատանքից կոշտուկապատ թաթիկներով խաղում էին՝ շքանշաններ զրնգացնելով ու վայելելով ղողանջը բրոնզի: Նրանց մեջ լկստվածներ էլ կային, քանզի կամաց-կամաց սողում էին՝ վերմակների վրա դուրս գալով, և հանում էին իրենց գուլպաները, որպեսզի քացի-քացի անեն: Հմուտ դաստիարակները շրմփացնում էին նրանց կնճռոտ հետույքներին՝ հիշոցներ բղավելով, ու զառամյալ լակոտներն առժամանակ սսկվում էին:

Ես ճշմարտությունն եմ վկայում, սակայն դուք սրան չեք հավատում իհարկե, քանզի ամենաանհավատալին հենց ճշմարտություն կոչվածն է: Եկեք սկզբից սկսենք:

Եկան ժամանակներ, երբ իմ պետության ղեկավարները իսկապես մտածում էին լուսավոր ապագայի մասին՝ քաջ գիտենալով, որ մարդն ավելորդ է դառնում երբևէ: Տվյալ պահին, երբ նրանք իրոք մտածում էին, ինչը զավեշտական կարող է համարվել, ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը զառամել էր՝ համալրելով ավելորդ մարդկանց շարքերը: Փողոց դուրս գալ չէր լինում, որովհետև ամենուրեք, թե՛ պատերի տակ, թե՛ խանութներում, և թե՛ մայթերի վրա անպետք մարդիկ էին թափթփված: Եվ ահա, հանճարեղ մեկը, որ զզվում էր բոլոր պաշտոններից, հղացավ մի գաղափար, որն ի վերջո հասավ երկրի նախագահին, ու վերջինս հանդես եկավ աննախադեպ կոչով:

«Սիրելի ժողովուրդ: Քանի որ շատ-շատերը ձեզանում քաֆթառել են մարմնով ու բարոյապես, բայց չեն մեռնում համառորեն, պետությունն իր վրա է վերցնում նրանց հոգսը: Ահա ստեղծել ենք Ավելորդ մարդկանց նախարարություն և դայակների հզոր բանակ ենք կազմավորել, որպեսզի հավաքենք ամենուրեք թափթփված թափթփուկներին՝ նրանց հիշեցնելով, որ մարդ են եղել երբևէ»:

Դուք հասկանո՞ւմ եք, թե խոսքն ինչի մասին է:

– Ես, օրինակ, ես ոչինչ չեմ հասկանում,- վրդովվեց բենզին ծախողը, որ չոր պանիր էր գնում Պարսկաստանից, թրջում էր կտորներն ու վաճառում էր մի քանի օր անց, երբ կտորներն արդեն բավականաչափ ներծծված էին ջրով:- Ես մտավորական չեմ, կարող եմ և չհասկանալ, մանավանդ՝ հեչ պետքս էլ չի:

– Ի՞նչ ասեմ քեզ նմանին: Մեզանում ժողովրդավարություն է, և յուրաքանչյուր անշունչ առարկա ունի ձայն հանելու ազատություն, բայց դու լավ կլինի ձայնդ կտրես, քանի դեռ չես դատվել պանրապղծության հոդվածով:

– Դե լավ,- ֆշշացրեց առևտրականը:- Ամեն դեպքում, ես հարուստ եմ ու ջահել, իսկ սա ի՛մ երկիրն է:

Սույն խոսակցությունից հետո նա պանրի գլուխներն ավելի երկար էր պահում ջրի մեջ: Չէ՞ որ չարությունը ողջամտության կայծեր կարող է մարել՝ ծնելով օրենքին դեմ գնալու անհեթեթ պահանջմունք: Շրջանցենք այս դրվագն ու չշեղվենք թեմայից, քանզի երկրում մեծամեծ փոփոխություններ են սկսվել: Կարճ ժամանակ անց կառուցվեցին համապատասխան շենքեր, որտեղ մահճակալներ կային, և Ազգային անվտանգության աշխատակիցները օր ու գիշեր մարդ էին կրում՝ պատգարակները մահճակալների վրա բեռնաթափելով: Եվ ահա, փողոցներում հայտնվեցին առաջին մանկասայլակները: Դայակները, որ համակենտրոնացման ճամբարների պարեկներ էին եղել նախկինում, փողոց էին հանել տարիքն առած մարդկանց, որոնք խիստ զբաղված էին ծծակ ծամելով, սուտ մեռուկ ձևացնելով և համանման այլ օյինբազություններով: Քաղաքի երեխաները փուչիկ, շոկոլադ ու հիգիենայի պարագաներ էին նվիրում նրանց, որպեսզի երբեմն վերադառնան պարտության աշխարհից ու սափրվեն երբեմն:

– Անուշի՜ի՜ի՜կ, որտե՞ղ ես, ա՛յ կին,- հանկարծ որոտում էր ինչ-որ մեկի բասը,- ախր ճաշիկ եմ ուզո՜ւո՜ւո՜ւմ:

– Իսկ ես… Ես մածունիկ կուտեի՜…

Նրանք համընդհանուր ողբ էին բարձրացնում երբեմն՝ դայակներին համբերությունից հանելով, իսկ գիտակից քաղաքացիները պատվոգրեր, հին հրացաններ, պատի ռադիո, եռանկյուն նամակներ, փամփուշտներից պատրաստված խաչեր ու երկարաճիտ կոշիկներ էին կախում նրանց մանկասայլակներից, ինչ է թե՝ ձայնները կտրեն:

Ամեն օր, երբ մայրամուտն էր կախվում փողոցների վրա, դայակները զզվում էին կյանքից:

– Էլ չեմ դիմանում,- բողոքում էր ոմն մեկը,- մի օր կկախվեմ դարավոր կաղնու ճյուղերից, բայց պարան գնելու փող չունեմ ախր:

– Ես էլ ուզում էի կամրջից նետվել,- պատասխանում էր մեկ ուրիշը, որ աշխատանքի էր ընդունվել, որպեսզի աղքատության միտքը գլխից հանի:

Ահա այսպես, դայակները ծերանոց էին վերադառնում՝ ամեն օր հրելով բյուր մանկասայլակներ, որտեղ պատերազմի սերունդն էր պառկած:

Ճակատագրի հեգնանքով գուցե, և կամ զավեշտական այլ հանգամանքների բերումով թերևս, ավելորդ մարդիկ չեն մեռնում համառորեն:

Պաշտպանության նախարարը նրանց մի ժամվա մեջ գնդակահարելու առաջարկ ներկայացրեց հանրապետության նախագահին, բայց սա չլսված բան է, քանզի չի կարող գնդակահարվել ժողովրդի հաղթանակը:

Իհարկե:

Պետությունը չի կարող հրաժարվել հաղթանակներից, բայց պետությունը պիտի ստեղծի համապատասխան պայմաններ, որպեսզի հետագայում ավելորդ հաղթանակները վախճանվեն բնական մահով:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031