Մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն հայտնի դարձավ, որ Ջրային կոմիտեն նախաձեռնել է 220 մլն ընդհանուր ծրագրի նախնական արժեքով 127 մլն խմ ընդհանուր ծավալով թվով 22 փոքր ջրամբարի կառուցման ծրագիր մշակել, որը, ըստ կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանի, արդեն պատրաստ է, որի իրականացման համար պետությունն ակնկալում է մասնավոր հատվածի մասնակցությունը ներդրումների տեսքով: «Նման ջրամբարների կառուցումը մեր երկրին շատ անհրաժեշտ է: Մենք սահմանել ենք առաջնահերթություններ, ըստ որոնց, օրինակ՝ Մարտունիում, Խնձորեսկում, Կողբում, Վերնաշենում, Հարթավանում, ջրամբարների կառուցման անհրաժեշտություն կա:
Եթե դրանք կառուցվեն, ապա տեղում ավելի շատ վարելահողերին ջուր հասցնելու խնդիրը կլուծվի», – նշել է նա՝ հավելելով, որ ներդրումներով ջրամբար կառուցելով՝ մասնավորին հնարավորություն կտրվի այն նաև օգտագործել կոմերցիոն նպատակով՝ ՀԷԿ-ի կառուցում, ձկնաբուծություն և այլն: Արդյունքում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ բազմաթիվ համայնքներում փոքր ջրամբարներ կլինեն:
Ի սկզբանե նախաձեռնությունը միանշանակ ընդունելի է՝ հաշվի առնելով երկրի ջրային ոլորտի կաթվածահար վիճակը և անհապաղ վերականգման ու կառուցման միջոցներ ձեռնարկելու գերագույն պահանջը: Այն, ըստ էության, առավել կարևորվում է առավել խնդրահարույց ջրավազանային տարածքների համար, որտեղ գետավազաններն առավել քան ծանրացած են և կարիք ունեն լրացուցիչ ջրային հանգույցների համալրման անհրաժեշտության: Այդ առումով, հատկապես, առաջնահերթային է Եղեգիս գետը, որը տարիներ շարունակ գտնվում է ճգնաժամային իրավիճակում: Մի կողմից տարիների ընթացքում այդ գետի ջուրն ապօրինաբար և անխնա ուղղվում է այլ ուղղությամբ՝ փոխելով գետի հունն ու ստեղծելով էկոլոգիական աղետի նախանշաններ, մյուս կողմից՝ ոռոգման համակարգի նպատակներով գետի ջրի վեց և ավելի ամիսներին մեծապես անհաշվարկ օգտագործումը, ինչը վերջ ի վերջո կարող է հանգեցնել անվերականգնելի հետևանքների:
Նախ և առաջ նպատակային է ցանկացած պարագայում ինչպես Եղեգիս գետի, այնպես էլ բոլոր գետերի գիտափորձագիտական ուսումնասիրություններ իրականացնելը՝ կոնկրետ հստակեցնելու դրանց ինչպես սեզոնային ջրապաշարները, այնպես էլ բնակլիմայական խնդիրները: Տվյալ դեպքում ջրաչափերի առհասարակ բացակայությունը չի կարող լուծել գետերի և ընդհանրապես ջրավազանների խնդիրները, նամանավանդ, երբ խոսքը վերաբերվում է Եղեգիս գետին՝ ավելացնելով անուղղակիորեն վերոնշյալ գործոնները:
Ըստ էության, Ջրային կոմիտեն նախանշել է Վերնաշենում նախաձեռնել ջրամբարի կառուցումը: Ի պատասխան դրան, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան, հենվելով իր մի շարք անդամների կողմից հնչեցրած կարծիքների և առաջարկությունների վրա, հայտատարում է, որ համապատասխանաբար մասնավոր հատվածի կողմից կա ինչպես հետաքրքրություն, այնպես էլ պատրաստակամություն իրականացնելու Եղեգիս գետի վրա ջրամբարի կառուցումը, որը կելնի բոլորի շահերից, որի համար ակնկալում է պետության աջակցությունն ու օգնությունը:
Տնտեսվարողները պատրաստակումություն են հայտնում պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության շրջանակներում կատարելու ներդրումներ, ինչը հնարավոր է նախ և առաջ Կառավարության տնտեսական հեղափոխության և Կառավարության կառուցվածքային փոփխությունների շրջանակներում, մասնավորապես՝ նախատեսվող Ջրային կոմիտեի կառավարման համակարգի փոխակերպման արդյունքում նոր նախաձեռնությունների ներդրման համատեքստում շահառու կողմերի հետ հանդիպումների, քննարկումների, կարծիքների և առաջարկությունների փոխանակման և լավագույն տարբերակների հաստատման հիման վրա:
Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն և առաջարկ, որը միտված կլինի երկրում ջրային ոլորտի բարելավմանը և բարեփոխմանը՝ ի շահ բոլոր ջրօգտագործողներին և բնապահպանական խնդիրների լուծմանը:
ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ