Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամփոփվել են զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները․ 2018 թ․-ին հանցագործությունները նվազել են 3,7%-ով

Մարտ 16,2019 16:07

Այսօր Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ներկայացրել է հանցավորության վիճակը զինված ուժերում:

Ըստ այդմ՝ 2018 թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հաշվառվել է 1762 հանցագործության դեպք` նախորդ տարվա 1830-ի դիմաց: Վիճակագրական տվյալները վկայում են, որ հանցագործությունների թվաքանակը նվազել է 68-ով կամ 3,7%-ով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նվազումը պայմանավորված է հիմնականում սպանության / 13-ով/, սպանության փորձերի /37-ով/, թմրանյութերի ապօրինի շրջանառության /28-ով/, պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու /42-ով/ և զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու /33-ով/ դեպքերի նվազմամբ:

2018 թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 4872 քրեական գործ կամ Կոմիտեի քննիչների վարույթում քննված ողջ քրեական գործերի / 25 675-ի/ 18. 9 %-ը:

Արձանագրված դեպքերից չբացահայտված են մնացել ընդամենը 49-ը:

2018 թվականին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 39 անձ, որոնցից 32-ը եղել են զինծառայողներ, այդ թվում՝ 14 սպա, 3 ենթասպա, 1 պայմանագրային և 14 պարտադիր ժամկետային զինծառայող:

Զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 273 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 178 անձ: Դատի է տրվել 92 անձ, որոնցից 1-ը գտնվել է կալանքի տակ:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 416.935.665 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 415.355.946 ՀՀ դրամը:

Դատարան ուղարկված, վարույթը ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով և քրեական գործ հարուցելը մերժված նյութերով պետությանը պատճառված վնասը կազմել է 485.685.000 դրամ, որից 465.892.000 դրամը՝ պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերականգնվել է 418.889.000 դրամ կամ 89,9 %-ը , բացի այդ, կալանք է դրվել մեղադրյալների՝ 169.000 դրամ արժողությամբ գույքի վրա: Հարկ է նշել, որ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննված միայն մեկ քրեական գործով 2017 թվականին հայտնաբերված հանցագործությամբ պետությանը պատճառված շուրջ 398.620.500 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Պետք է նշել, որ վարույթում քննված բոլոր քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասից 2018 թվականին վերականգնվել է 421.643.000 դրամ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի խոսքով՝ բավականին նվազել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար հետախուզվող անձանց թվաքանակը և եթե 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել էր 1170, ապա 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն նվազել է մինչև 993:

ՔԿ ԶՔԳՎ տասը կայազորային քննչական բաժնի պետերը ևս հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով նախորդ տարի իրենց բաժիններում քննվող քրեական գործերի ընթացքը:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նիստի ընթացքում քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:

ՔԿ նախագահն անդրադարձել է նաև զինված ուժերում հանցագործություններ ծնող պայմանների և պատճառների վերացմանը, ծառայության ընթացքում հայտնաբերված տարատեսակ խախտումները չկրկնելուն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուն:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծել է զոհված զինծառայողների իրավահաջորդների հետ շփման անհրաժեշտությունը.«Տուժողի իրավահաջորդների հետ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ և կազմակերպվեն պատշաճ մակարդակով»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի ղեկավարությունը նիստի ընթացքում մի շարք աշխատանքային հարցեր է քննարկել Պաշտպանության նախարարի և միջոցառմանը ներկա ստորաբաժանման ղեկավարների հետ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ոլորտում առկա խնդիրները կարգավորելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Պաշտպանության նախարարին առաջարկություններ է ներկայացրել՝ հանցագործությունների նախականխման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինքնասպանությունների դեպքերը հնարավորինս կանխելու,ՊՆ և ԶՈՒ ունեցվածքի պահպանության, զորային տնտեսության ոլորտում գնումների գործընթացն առավել թափանցիկ կազմակերպելու և հնարավոր չարաշահումները կանխելու, զինված ուժերում ծառայելն առավել գրավիչ դարձնելու, այս ոլորտում ծագած օրենսդրական և կազմակերպչական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև՝ զինծառայողների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՔԿ նախագահը կարևորել է գործընկեր գերատեսչությունների հետ սերտ համագործակցությունը և հայտնել իր պատրաստակամությունը՝ առկա հարաբերությունները խորացնելու և առավել սերտ համագործակցություն ձևավորելու մասին:

 

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031