Մարտի 15-ին, «Ալբերտ եւ Թովէ» ցուցասրահում բացվեց ֆրանսիաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի եւ կանադահայ նկարիչ քանդակագործ Գեւորգ-Ջորջ Քասսաբյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի նախաձեռնությունը Գեւորգ Քասսաբյանինն է, ով ծնվել է Հալեպում, ապա կյանքի մեծ մասն անցկացրել Կանադայում, իսկ 2012 թ․-ից հաստատվել Հայաստանում։ Անցյալ տարվա հոկտեմբերին Գեւորգը մեկնել է Փարիզ, այցելել 90-ամյա Դադերյանին եւ Հայաստան վերադարձել վերջինիս 1980-90-ականների գրաֆիկական ավելի քան 20 աշխատանքներով։
«Շատ եմ ցավում, որ Դադերյանի մասին Հայաստանի արվեստասեր հասարակությունը, մեղմ ասած, տեղյակ չէ, այն դեպքում, երբ Փարիզում ինքը բավականին հայտնի է։ Դադերյանի աշխատանքները հատուկ ուշադրության են արժանի, դրանք Հայաստանում ներկայացնելը կարեւոր է այնքանով, որքան սփյուռքահայ անցյալ դարի մնացած այն արվեստագետներին, ովքեր համապատասխան երկրներում ունեն ճանաչում, համբավ եւ եղանակ են ստեղծում»․ նշում է Քասսաբյանը՝ անդրադառնալով ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարին։
Տիգրան Դադերյանը ծնվել է Բեյրութում 1929 թ.-ին: Մանկության տարիներն անցկացրել է Զահլեում: Սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, ապա Փարիզի արվեստների ազգային դպրոցում, Գեոցի ակադեմիայում եւ Գրան Շոմիեր ակադեմիայում: 1957 թ.-ից սկսած հանդես է եկել մի շարք անհատական եւ այլ նկարիչների հետ համատեղ ցուցադրություններով Հայաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում եւ այլուր: Դասավանդել է Գեոցի ակադեմիայում, որն 1983 թ.-ին վերանվանվել է Գեոց-Դադերյան ակադեմիա (Académie Goetz-Daderian):
Դադերյանի աշխատանքները գտնվում են Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի ազգային գրադարանում, Հայաստանի ազգային պատկերասրում, «Գյուլբենկյան» հիմնադրամի պահոցում, այլ պատկերասրահներում եւ անձնական հավաքածուներում։
Գեւորգ-Ջորջ Քասսաբյանը ծնվել է Հալեպ քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյանի եւ Գալուստ Գյուլբենկյանի անվան ավագ դպրոցը, 1967 թվականին՝ Բրիտանական Ուսուցողական ինստիտուտի ճարտարագիտություն բաժինը, 1969 թվականին՝ Տորոնտոյի համալսարանի Համակարգչային ծրագրավորում բաժինը, 1973 թվականին՝ Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գեղարվեստի բաժինը։
1977-1981 թթ. եղել է Tempo and screen printing center-ի, 1981-1999 թթ.՝ Manufacturing polyurethane injection machinery-ի, 1999-2003 թթ.՝ Canadian Polyurethane & Solar research center–ի սեփականատեր եւ գործադիր տնօրեն։ 1975 թվականից Կանադայի քանդակագործների հասարակության անդամ է։ Ցուցադրվել է Կանադայում, Բեյրութում, Դամասկոսում, Լոնդոնում, Բեռլինում, Երեւանում եւ այլն։
Սփյուռքահայ երկու արվեստագետների գրաֆիկական աշխատանքները ներկայացնող ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ (հասցեն՝ Իսահակյան 36, Ալբերտ եւ Թովէ ցուցասրահ)։
Լուսանկարները՝ Քասսաբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից
Աննա ՄԱԼԽԱՍՅԱՆ