Սոկրատեսի ու Պլատոնի ժամանակներից մինչև մեր օրերը կրթական գործընթացը հազար ու մի ճանապարհ է անցել: Բայց այդ ժամանակներից մինչև հիմա կրթական գործընթացը եղել և մնում է հաղորդակցություն: Կատարյալ տարբերակում այն հաղորդակցություն է գիտելիք փնտրողների և նրանց ուղղորդողների միջև: Հիմա շատերը այստեղ կընդհատեն` մեզանում գիտելիք փնտրելու ցանկության կորսված լինելու վրա իրողության կանգ առնելով:
Բայց մարդու սովորելու ցանկությունը բնությունից տրված է նրան նույնքան, որքան հաղորդակցվելու պահանջը: Եվ մենք կարող ենք կրթության անհագ ցանկությամբ շնչող կրթական միջավայրը մեր երազանքից դարձնել իրականություն: Կրթական համակարգը ի զորու է վերագտնելու սոկրատյան զրույցների հմայքը` որպես կրթության շարժիչ ուժ: Եվ դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը կրթական գործընթացում բաց սահմաններ, կամուրջներ, հաղորդակցություն ստեղծելն է:
Ի ՞նչ ունենք այսօր: Նախ հանրակրթության մեջ ունենք որոշակի թվով աշակերտներ, որոնք մարզերում որոշ առարկաների գծով զրկված են անգամ անմիջական ուղղորդողից (ուսուցչից): Եվ ապա կրթության բոլոր օղակներում` հանրակրթություն, միջին մասնագիտական, բուհական, հիմնականում ունենք իրենց դասաժամի սահմաններում փակված սովորողներ և դասավանդողներ: Այդ սահմանները եթե բացվում էլ են, այն ծավալով չեն բացվում, որ համակարգային ազդեցություն ունենան կրթության որակի և կրթական մթնոլորտի վրա: Կրթական ռազմավարության համար բեկումնային կլինի լավագույն փորձի շրջանառումը և դրա միջոցով ներքին շարժունակություն ստեղծելը:
Խորհրդանշական է, որ Սոկրատեսը իր աշակերտների հետ իմացական զրույցները քայլելով էր վարում: Տարածական շարժումը զուգորդվում էր մտածական շարժմանը: Խորհրդանշական է նաև, որ մենք էլ ապրիլին փորձեցինք իրավիճակը բեկել` տարածության մեջ շարժվելով: Ի ՞նչ կարելի է անել մեր կրթական համակարգում մտքի շարժում սկսելու, կրթական զրույցները և հաղորդակցությունը զարգացման կամուրջներ դարձնելու համար: Կամուրջներ իրական տարածության և վիրտուալ տարածության մեջ:
- Հանրակրթություն: Համապատասխան կարողություններ բացահայտող մրցույթով և չափանիշներով ընտրվի մենթոր ուսուցիչների խումբ: Հեռավոր մարզերում բացակայող ուսուցիչների համալրման համար կազմակերպվի նվիրյալների հավաքագրում մեր բուհերի շրջանավարտներին, արտերկրում և Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին ոգեշնչելով, որ իրենց կյանքի թեկուզ մեկ տարին նվիրաբերեն հեռավոր գյուղերի երեխաներին և իրենց կյանքի հրաշալի փորձառությանը: Մենթորների խմբի միջոցով հնարավոր կլինի ապահովել ոչ միայն ընտրությունը, այլև այդ նվիրյալներին շարունակական մասնագիտական օգնությունը: Մի քանի անգամ առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանում «Դասավանդիր, Հայաստան» նախագիծը լավագույն փորձառությունն է` որպես հոյակապ մոդել, այս հարցը լուծելու, կրթական մթնոլորտը հեղափոխելու համար: Եթե մեկ կազմակերպություն կարողացել է շատ հաջող իրագործել հեռավոր վայրեր կրթության դեսպաններ հասցնելու հարցը, պետությունը առավել ևս կարող է դա կազմակերպել: Սրա ռազմավարական նշանակությունը մեկնաբանության կարիք չունի:
- Կրթական կամուրջներ ստեղծելու քայլ կլինի միջին մասնագիտական հաստատությունների համար ոլորտային գործարարների, մասնագետների, իսկ բուհերի համար սփյուռքում և Հայաստանում գիտնականների, դասախոսների համար ազատ դասախոսությունների հայտերի ընդունումը, ընտրությունը և անցկացումը: Մենք գիտենք, թե անգամ մեկ դասաժամը մտքի ինչ հետագիծ կարող է առաջացնել և ինչ հեղափոխական ազդեցություն ունենալ կրթական մթնոլորտի վրա: Երկարատև պլանում կարող են մշակվել ավելի կանոնակարգված մեխանիզմներ, ինչը, սակայն, չի խանգարում, որ սփյուռքի և ներսի մտավոր ներուժը թեկուզ մեկանգամյա դասախոսություններով ու քննարկումներով արագ ներարկվի կրթական գործընթաց: Սփյուռքի մեր կապերով հնարավոր է նաև օտարազգի հետազոտողների ներգրավում: Միջին մասնագիտական հաստատությունների ու բուհերի ներսում ստեղծվեն բաց դասախոսությունների հայտ-ծրագրերը հաստատող կամ մերժող խմբեր, որոնց միջոցով էլ այս համահայկական ձեռնարկը կազմակերպվի: Դրանք կարելի է կազմակերպել նաև վիրտուալ: Թեև սփյուռքից հայրենիքը տեսնելու և այս նախաձեռնությանը իրենց նպաստը բերողներ վստահաբար կլինեն: Այս քայլով ենթադրվում են նաև մեր միջբուհական բաց դասախոսությունները դարձյալ նախապես ներկայացրած հայտ-ծրագրով: Համապետական մակարդակով միաժամանակյա նախաձեռնությունը իրապես շատերին կոգևորի:
- Հանրակրթության ոլորտում դասավանդողների միաժամանակ ներքին և արտաքին փոխատեղումները ևս կրթական մթնոլորտի և որակի արագ դրական ազդեցություն կապահովեն:Սրա համար ևս մինչև երկարատև կանոնակարգված մեխանիզմ մշակելը լիովին հնարավոր է արագ կազմակերպել համապետական համակարգային իրագործում: Որևէ դպրոցի ուսուցիչների խումբ իր նախապես մշակած դասապլաններով մեկ-երկու դասով «գործուղվում» է մեկ այլ դպրոց կամ տվյալ դպրոցի ներսում ուսուցիչը մեկ դասով գործուղվում է մեկ այլ դասարան: Ուսուցիչների միջև այս դասերի հետադարձ քննարկումներն էլ կսզբնավորեն մեզ այդքան անհրաժեշտ կրթական թեմաներով արդյունավետ զրույցները:
Կրթության բոլոր մակարդակներում հնարավոր է կազմակերպել ոչ միայն կոնկրետ մասնագիտական դասընթացների, այլև ընդհանրապես կրթության վերաբերյալ դասախոսություններ հենց դասավանդողների միջոցով դասավանդողների համար: Օրինակ` եթե մի ուսուցիչ կամ դասախոս ցանկություն ունի անցկացնելու «Ինչպես խթանել սովորելու մոտիվացիան» թեմայով թրեյնինգ, իր ծրագրով հայտ ներկայացնելու հնարավորություն ունենա:
- Կրթությունը որպես գերակա ուղղություն ընդունելու քայլ կլինի ուսուցիչների և դասախոսների ակտիվ գործուղումները արտասահման` կրթական գործընթացը դիտարկելու, հետո այստեղ դրանք ներկայացնելու համար: Պետական պաշտոնյաների և պատգամավորների չափ, դրանից առավել մեր դասավանդողները հնարավորություն ունենան արտասահմանյան փորձին, դրսի կրթական գործընթացին անձամբ առնչվելու: Պետական պաշտոնյաների գործուղումների զգալի մասը փոխարինվեն դասավանդողների գործուղումներով: Սփյուռքի մեր կապերը օգտագործելը կազմակերպչական և ֆինանսական առումով կհեշտացնի սրա իրագործումը` սկսած հարևան Վրաստանից մինչև եվրոպական երկրների կրթական հաստատությունները: Սկզբնական փուլում մասնակիցների ընտրությունը կարելի է անել պարզ վիճակահանությամբ` օտար լեզվի իմացությունը հաշվի առնելով մինչև այլ նախագծերով ամբողջական չափանիշներ ունենալը: Վերադարձողները կբերեն գաղափարներ, այլ մթնոլորտ և կփոխանցեն տեղի գործընկերներին:
Բոլոր նրանց, ովքեր սա կարդալիս հետո կմտածեն, որ կրթական համակարգում մարդկանց մոտիվացնելը մարտահրավեր է այս քայլերը իրագործելու համար, վստահեցնում եմ, որ կրթությունը աշխարհում ամենամոտիվացնող ոլորտն է: Յուրաքանչյուր դասավանդող դպրոցում թե բուհում միայն երջանիկ կլինի, որ իր աշխատանքը դառնա ստեղծագործական, հաճելի, ունենա լիարժեք կրթական իրականության մեջ աշխատելու հնարավորություն: Մենք պարզապես կարիք ունենք աշխարհին մեր պրագմատիզմի պրիզմայով չնայելու:
Համակարգի ներսում այս նախաձեռնությունների արդյունքում մենք կունենանք բաց սահմաններով կրթական գործընթաց: Բացված կամուրջները դասավանդողներին և ուսումնառողներին կմղեն նոր հայացքների, նոր նախաձեռնությունների: Կրթական հաստատությունների ներսում կրթական մթնոլորտը որակական նոր մակարդակի կհասնի: Կկարողանան դրսևորվել և երևան գալ դասավանդողների ստեղծագործական կարողությունները: Մենք կունենանք շարժվող ու զարգացող կրթական իրական տարածություն: Իսկ վիրտուալ կրթական տարածության մասին հաջորդիվ:
Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ