Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ԵԱՏՄ-ում. ապրանքաշրջանառությունն անդամակցությունից առաջ և հետո

Մարտ 16,2019 19:25

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում:

ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է գործել 2010թ. հունվարից, իսկ 2011թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012թ. հունվարի 1-ից ՄՏՏ (Միասնական տնտեսական տարածքի) ձևավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչև 2015թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով:

2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:

2014թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պայմանագիր է ստորագրվել ԵԱՏՄ պայմանագրին Ղրղզական Հանրապետության միանալու մասին (Ղրղզստանը ԵԱՏՄ անդամ է 2015թ. օգոստոսի 12-ից):

Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից անցել է 4 տարի, և կարելի է որոշակի հետևություններ անել, թե ինչպիսի տնտեսական ազդեցություն է ունեցել այդ կառույցին Հայաստանի միացումը, և հատկապես կարևոր է, թե ինչպես է այն անդրադարձել մեր ապրանքաշրջանառության վրա հատկապես ԵԱՏՄ շրջանակներում: Պետք է նշել, որ այդ կառույցում Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր է ՌԴ-ը, իսկ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը դեռևս չի գտնվում ցանկալի բարձրության վրա: Դիտարկենք ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն ըստ երկրների՝ հասկանալու համար, թե ինչ է տվել այն Հայաստանին 4 տարվա կտրվածքով:

Եթե դիտարկենք մինչև համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրանից հետո, ապա պետք է փաստել, որ ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը 2014թ. տվյալներով կազմել է 61 մլրդ 183 մլն դոլար, 2015թ.՝ 45 մլրդ 978 մլն, 2016թ.՝ 42 մլրդ 587 մլն,  2017թ.՝ 54 մլրդ 157 մլն, իսկ 2018թ. տվյալներով՝ 59,7 մլրդ դոլար: 2018թ., ի տարբերություն 2017թ., ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 9,7 տոկոսով:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության դիրքին ԵԱՏՄ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառության կառուցվածքում, ապա պետք է նշել, որ 2014թ. ԵԱՏՄ երկրներ Հայաստանի արտահանումը կազմել է 324 մլն դոլար, ներմուծումը՝ 1 մլրդ 114 մլն դոլար: 2015թ. այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 235,7 մլն և 1 մլրդ 302 մլն դոլար, 2016թ.՝ 393,9 և 985,1 մլն դոլար: 2017թ. տվյալներով՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 555 մլն 198 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 306 մլն դոլար: Ընդ որում արտահանման ամենամեծ չափաբաժինը եղել է դեպի Ռուսաստան՝ արտահանումը՝ 541 մլն 582 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 262 մլն դոլար։

2018թ. տվյալներով՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 127 մլն դոլար, որից արտահանմանը բաժին է ընկել 689 մլն-ը, իսկ ներմուծմանը՝ 1 մլրդ 438 մլն դոլար: Իսկ առևտրային հաշվեկշիռը բացասական է եղել 749,2 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2018թ. աճել է 12,8 տոկոսով, ընդ որում, արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը՝ համապատասխանաբար՝ 20,7 և 9,4 տոկոս: ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի առևտրային հաշվեկշիռը կազմում է ընդհանուրի 1,1 տոկոսը:

Հայաստանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի Հանրապետության հետ 2013-2018թթ.

Բելառուսի hետ Հայաստանը գտնվում է հիմնականում ներմուծողի դիրքում: Եթե դիտարկենք մինչև 2015թ. և դրանից հետո ապրանքաշրջանառության փոփոխությունը, ապա պետք է արձանագրել, որ Բելառուսի հետ 2013թ. գրանցված 49 մլն 436 հազար դոլար ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2018թ. դարձել է 50 մլն 326 հազար դոլար: Ընդ որում, 2017թ. համեմատ Հայաստանից դեպի Բելառուս արտահանումն աճել է 66,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 0,1 տոկոսով: Հայաստանից դեպի Բելառուս արտահանումն այնքան էլ դիվերսիֆիկացված չէ, քանի որ 2018թ. տվյալներով՝ արտահանման 78 տոկոսը բաժին է ընկնում  կոնյակին, ալկոհոլային խմիչքներին և ոսկերչական իրերին։

Հայաստանի  ընդհանուր ապրանքաշրջանառությունում Բելառուսի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 0,7 տոկոս, և 2013թ. համեմատ այդ ցուցանիշը նվազել է 0,1 կետով: Իսկ 2018թ. տվյալներով՝  ԵԱՏՄ շրջանակներում Հայաստան-Բելառուս  ապրանքաշրջանառությունը կազմում է 0,12 տոկոս, իսկ Հայաստանի արտաքին առևտրի ծավալում՝ 0,5 տոկոսը:Բելառուսից Հայաստանը հիմնականում ներմուծում է մեքենաների անվադողեր և կաթից պատրաստված արտադրանք, տրակտորներ, շարժիչային փոխադրամիջոցներ, փայտանյութ և փայտանյութից պատրաստված իրեր, դեղամիջոցներ, սառեցված մսամթերք, ստվարաթուղթ, պլաստմասսայե տարա, որոնք 2018թ.  տվյալներով կազմել են ընդհանուր ներմուծման մոտ 50 տոկոսը:

Ղազախստանը Հայաստանի առևտրային գործընկերների շարքում չնչին տեղ է զբաղեցնում, և 2018թ. տվյալներով՝ Ղազախստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է ընդհանուրի ընդամենը 0,2 տոկոսը: Պետք է նշել, որ 2017թ. Հայաստանից դեպի Ղազախստան արձանագրված արտահանման ցուցանիշը մոտ 33 տոկոսով զիջում է 2013թ. արձանագրված ծավալներին: Իսկ 2016թ. համեմատ 2017թ. Հայաստանից դեպի Ղազախստան արտահանումը նվազել է 1,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 8,3 տոկոսով:

Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ղազախստանի Հանրապետության հետ 2013-2018թթ.

Ընդ որում, կարևոր է նշել, որ թեև 2017թ. համեմատ Ղազախստանից դեպի Հայաստան արտահանումն աճել է 9,4 անգամ, սակայն այդտեղ մեծ է երրորդ երկրներից Ղազախստանի միջոցով դեպի Հայաստան ապրանքների ներմուծումը: Դա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ գործարարները նախընտրում են որոշակի ապրանքների մաքսազերծում իրականացնել Ղազախստանում և այնուհետև ներմուծել Հայաստան: 2018թ. տվյալներով՝ Հայաստանից դեպի Ղազախստան արտահանման զգալի աճ է գրանցվել՝ մոտ 2 անգամ, որը պայմանավորված է տրիկոտաժե և պատրաստի հագուստի արտահանման ծավալների մեծացմամբ: Մեծացել է նաև կոշիկի արտահանման քանակը: Ընդհանուր առմամբ, Հայաստանից դեպի Ղազախստան արտահանման գերակշիռը մասն է կազմում կոնյակը, որը 2018թ. կազմել է ընդհանուրի 1/3-ը:

Իսկ Ղազախստանից դեպի Հայաստան 2016-2017թթ. բարձր մաքսային արժեքով ներմուծվող ապրանքներ են համարվել ցորենն ու երկաթից հարթ գլանվածքը: 2018թ. տվյալներով՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստան-Ղազախստան  ապրանքաշրջանառությունը կազմում է ընդհանուրի 0,02 տոկոսը, իսկ Հայաստանի պարագայում՝ 0,4 տոկոսը: 2018թ., ի տարբերություն 2017թ., Ղազախստանից Հայաստան արտահանվող ապրանքների ընդհանուր ծավալը գումարային առումով նվազել է մոտ 13 տոկոսով: 2018թ. տվյալներով՝ Ղազախստանից Հայաստան է ներմուծվել անասնակեր, շոկոլադ և կակաո պարունակող մթերք, երկաթից հարթ գլանվածք և սև մետաղից առարկաներ:

ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր եղել և մնում է Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ, ի տարբերություն Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի, արձանագրվել է թե’ արտահանման, թե’ ներմուծման զգալի աճ: 2017թ. տվյալներով` Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառության 27,3 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը, իսկ 2018թ.` 26,1 տոկոսը: 2017թ. Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ ընդհանուր արտահանման 555 մլն 198 հազար դոլար ապրանքների 541 մլն 582 հազարը բաժին է ընկել հենց ՌԴ-ին կամ ամբողջի 97,5, իսկ 2018թ.՝ 96,7 տոկոսը:

Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի Դաշնության հետ 2013-2018թթ.

Պետք է նշել, որ 2013թ. համեմատ 2015թ. Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումը նվազել էր մոտ 27 տոկոսով, որը պայմանավորված էր նաև 2014թ. Ղրիմի միացումից հետո սահմանված արևմտյան պատժամիջոցների, նավթի գների անկմամբ, ինչպես նաև ռուբլու կտրուկ արժեզրկմամբ, որը հանգեցրել էր Ռուսաստանում գնողականության կտրուկ անկման: Սակայն նավթի գների և ռուբլու կուրսի կայունացումից հետո Ռուսաստանում գնողականության մակարդակի բարձրացումը նպաստել է նաև Հայաստանից դեպի ՌԴ ապրանքների արտահանման ցուցանիշի բարելավմանը: Հայաստանից դեպի ՌԴ արտահանումը  2015թ. համեմատ 2017թ. աճել է 2,2 անգամ, իսկ 2016թ. համեմատ՝ 45 տոկոսով: 2018թ. այդ աճը շարունակվել է, և Հայաստանից դեպի ՌԴ արտահանման աճը կազմել է 19 տոկոս:

Հայաստանից դեպի ՌԴ արտահանվող հիմնական ապրանքատեսականին պատրաստի սնունդն ու սպիրտային խմիչքներն են: Թեև պետք է նշել, որ վերջին երկու տարում դրան ավելացել են նաև տրիկոտաժի, կաշվե իրերի և պատրաստի հագուստի արտահանումը: Հայաստանից դեպի ՌԴ արտահանման ամենամեծ ծավալն ապահովում է կոնյակը, որը 2017թ. կազմել է 177 մլն դոլար, թեև 2018թ. կոնյակի արտահանումը, ի տարբերություն 2017թ., նվազել է 7,5 տոկոսով: Արագ տեմպերով աճում է  կանացի, տղամարդու, մանկական տրիկոտաժի և պատրաստի հագուստի արտահանումը, որը 2016թ. համեմատ 2017թ. աճել է 2,9 անգամ, իսկ 2018թ. այն ավելացել է ևս 50 տոկոսով՝ դառնալով երկրորդը ՌԴ արտահանվող ապրանքների ցանկում:

ՌԴ-ը հանդիսանում է նաև Հայաստանից արտահանվող մրգերի, բանջարեղենի, պահածոյացված ապրանքատեսականու սպառման գլխավոր շուկաներից մեկը: 2018թ., ի տարբերություն 2017թ., մասնավորապես աճել են թարմ լոլիկի և թարմ կամ պաղեցրած մրգերի արտահանումը՝ 47 և 64 տոկոսով: Հայաստանից դեպի ՌԴ արտահանվող ապրանքների ցանկն ընդլայնվել է, և ի հայտ են եկել նոր ապրանքատեսականիներ, որոնցից են լուսավորող սարքերը: 2017-2018թթ. ավելացել է նաև թարմ կամ պաղեցրած ձկան, ինչպես նաև ծխախոտի և մշակված քարի արտահանումը, ինչպես նաև նոր արտահանվող ապրանքատեսակներ, ինչպիսիք են՝ կտրտած ծաղիկները, քաղցրավենիքը և դեղերը:

Չնայած ապրանքատեսականու լայն լինելուն, ընդհանուր ներմուծման ծավալի մեջ ամենամեծ չափաբաժինը շարունակում են պահպանել նավթամթերքն ու բնական գազը, որոնց ներմուծումը գումարային առումով որոշակի անկում է ապրել, սակայն պահպանել են իրենց առաջատար դիրքերը: Այսպես, 2015թ. այդ ապրանքները կազմել են ընդհանուր ներմուծման 56, 2016թ.՝ 36,  2017թ.՝ 37, իսկ 2018թ.՝ 33 տոկոսը:Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան ներմուծմանը, պետք է նշել, որ այն ավելի բազմազան է և ներառում է մոտ 1100 ապրանքատեսակ: 2017թ. ներմուծումը ՌԴ-ից, ի տարբերություն 2014թ., աճել է մոտ 11 տոկոսով, իսկ 2016թ. համեմատ՝ 22,5 տոկոսով, և 2018թ.՝ 19 տոկոսով,  ի տարբերություն 2017թ.:  Պետք է նշել, որ ԵԱՏՄ մուտք գործելուց հետո, կապված երրորդ երկրներից ներմուծման վրա տարածվող մաքսատուրքերի բարձրացման հետ, շատ ապրանքներ սկսել են ներմուծվել հենց ՌԴ-ից:

Ընդ որում, 2018թ., ի տարբերություն նախորդ տարվա, գազի ներկրման ծավալները նվազել են 2,5 տոկոսով, իսկ նավթամթերքն աճել է 9,2 տոկոսով: Գումարային առումով ՌԴ-ից Հայաստան  ներմուծվող ապրանքների մեջ զգալի տոկոս են կազմում ցորենը, արևածաղկի հումքը և արևածաղկի ձեթը, շոկոլադը, չմշակված ալյումինը, կապի միջոցները, մարգարինը, ծխախոտը, մարդատար և բեռնատար ավտոմեքենաները և այլ ապրանքատեսակներ: Պետք է նշել, որ ԵԱՏՄ մտնելուց հետո ՌԴ-ից սկսել են ներմուծել նաև մեծ քանակության կենցաղային տեխնիկա և տնտեսական այլ ապրանքներ:

Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսականին եղել է ծխախոտը, որի մաքսային արժեքը կազմել է 1 մլն 29 հազար դոլար, արտահանվել են նաև կաշվե իրեր, քաղցրավենիք, պահածոյացված բանջարեղեն: 2018թ., ի տարբերություն 2017թ., Հայաստանից Ղրղզստան արտահանումը նվազել է 45 տոկոսով և կազմել է 970 հազար դոլար: Արտահանվել է մոտ 400 հազար դոլարի դեղամիջոց և 200 հազար դոլարի երկաթուղային կամ տրամվայի վագոններ: Իսկ ահա ներմուծումն աճել է 2,8 անգամ և հասել 404,8 հազարի, որի 191,9 հազարը կազմել են լոբազգիները:Ինչ վերաբերում է Ղրղզստանի Հանրապետության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությանը, ապա պետք է նշել, որ այն շատ չնչին է:

Այսպես, 2013թ. տվյալներով՝ Հայաստանից Ղրղզստան է արտահանվել 1 մլն 5 հազար դոլարի արտադրանք, իսկ ներմուծվել է 6,9 հազար դոլարի ապրանք:  2014թ. այդ ցուցանիշը կազմել է 376,5 հազար դոլար՝ արտահանում և 98,4 հազար՝ ներմուծում: 2015 և 2016թթ. Հայաստանից արտահանվել են դեպի Ղրղզստան համապատասխանաբար՝ 400 և 300 հազար դոլարի ապրանքներ և ներմուծվել՝ 100 և 200 հազար դոլարի ապրանքներ: Եվ միայն 2017թ. որոշակի աճ է նկատվել Հայաստան-Ղրղզստան ապրանքաշրջանառության մեջ: Արտահանումը կազմել է 1 մլն 782 հազար, իսկ ներմուծումը՝145 հազար դոլար:

Վերջաբան

Ինչևէ, չնայած ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության բազմաթիվ թեր և դեմ կողմերին՝ պետք է արձանագրել, որ Հայաստանից ապրանքների արտահանման համար ԵԱՏՄ երկրները, մասնավորապես ՌԴ-ը, մնում է հայկական պատրաստի արտադրանքի, այլ ոչ թե հանքահումքային արտադրանքի սպառման ամենամեծ շուկան: 2014-2018թթ. ընթացքում ԵԱՏՄ երկրներ Հայաստանի արտահանումն ավելացել է 53 տոկոսով՝ 324 մլն դոլարից հասնելով 689 մլն դոլարի: Եվ չնայած այդ արտահանման մոտ 97 տոկոսը գնում է ՌԴ, սակայն 2018թ. բավականին բարելավվել է Հայաստանի արտահանման տեմպերը դեպի Ղազախստան և Բելառուս: Հատկանշական է, որ աճում է այնպիսի արտադրատեսակների արտահանումը, ինչպիսին է թեթև արդյունաբերական արտադրանքը, ի դեմս պատրաստի հագուստի, տրիկոտաժի տարբեր տարատեսակների: Եվ հավանական է, որ այս խմբին կարող է միանալ նաև կոշիկի արտահանումը, որը 2018թ. տվյալներով՝ լավ ցուցանիշներ է արձանագրում:

Միաժամանակ աճել են ներմուծման ծավալները ԵԱՏՄ երկրներից: Սակայն այս պարագայում, թերևս, էական դեր է խաղացել այն հանգամանքը, որ երրորդ երկրների հետ մաքսատուրքերի բարձրացման հետևանքով ներկայումս ավելի ձեռնտու է որոշակի ապրանքատեսակներ ներկրել ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ ՌԴ-ից: Թեև այս պարագայում ևս Հայաստանն առավել շահել է, քան կորուստներ կրել, քանի որ 2014-2018թթ. ԵԱՏՄ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 23 տոկոսով, այսինքն արտահանումն ավելի առաջանցիկ առավելություն ունի:

ԵԱՏՄ շուկաներում ճիշտ դիրքավորման և ապրանքատեսակների որակի բարձրացման ու բազմազանության պարագայում հայկական արտադրանքն էլ ավելի կարող է մեծացնել իր արտահանման ծավալները: Մյուս կողմից, բոլոր ջանքները պետք է գործադրել կայուն երթուղիների ապահովման համար, քանի որ միայն Լարսի անցակետով արտահանումը ռիսկեր է ստեղծում արդեն իսկ ծավալային առումով արտահանման առավել ընդլայնման համար:

 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ) 

Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ, ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈՒ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՀՀԻ-Ի ԱՍՈՑԱՑՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031