«Արցախում համատեղ անվտանգության խորհրդի նիստ անցկացնելով՝ վարչապետը մարտահրավեր նետեց Բաքվին: Խոսքը խաղաղության նախապատրաստման խնդրի մասին է: Հասարակությունները պետք է սկսեն խոսել իրար հետ: Ալիեւը հայտնի է ատելության կոչերով եւ բարդ իրավիճակում կարող է հայտնվել, որովհետեւ ՀՀ-ում պետական մակարդակով ատելության քարոզ չի եղել, ինչը մեզ հնարավորություն է տալիս խոսել խաղաղության մասին»,- «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով օրերս կայացած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանը:
«Այլ է հարցը, որ մենք երբեք չենք համաձայնի խաղաղության՝ Ադրբեջանի պայմաններով: Ադրբեջանում խաղաղության նախապատրաստումը՝ քննարկումները, բացակայում են»,- փաստեց նա: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին՝ բավականին քննարկված հայտարարությանը (թե այն հասցեական չէ եւ խնդիրներ է ստեղծում հայկական կողմի համար), Տաթեւ Հայրապետյանը նշեց. «Համանախագահները հակամարտության կողմեր չեն եւ հաշտարարի դեր են խաղում: Իմ կարծիքով՝ պատահական չէր, որ ՄԽ հայտարարությունը տարածվեց Ադրբեջանում կազմակերպված զորավարժություններից առաջ՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ ապակայունացնող գործողություններից: Այս կամ այն հայտարարությունը եկեք չօգտագործենք պարտվողականության համատեքստում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ