Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ մի քանի սրճարան քանդելով՝ տնտեսական վայրիվերումներ չեն լինի, բայց խնդիրն ազդելու է բիզնես միջավայրի վրա: «Եթե մի քանի տնտեսվարողների նկատմամբ նման գործողություններով փորձում ենք քաղաքի ոտնահարված իրավունքները վերականգնել, իսկ մյուսներին թողնում ենք աշխատել, ոչ արդար եւ ոչ մրցակցային պայմաններ են ստեղծվում»,- «Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժմանմանը՝ ասաց տնտեսագետը:
Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ նման խնդիր դնելուց առաջ քաղաքային իշխանությունը պետք է գոնե առաջիկա տարիների գործողությունների նախագիծ ունենար, որպեսզի բիզնեսն ու հասարակությունը կարողանային շտկել իրենց մոտեցումները. «Կանաչապատ տարածքները կարեւոր են, բայց միայն «Օպերա»-ին հարակից տարածքում չէ, որ կանաչ գոտի ունենալու խնդիր կա: Մանկական զբոսայգում, օրինակ, անմխիթար վիճակ ունենք: Առաջին հերթին կարելի էր նման գոտիների հարցը լուծել՝ միաժամանակ սրճարանատեր-տնտեսվարողներին տալով որոշակի ժամանակահատված, որպեսզի հարցն այսքան ցավոտ չլիներ»:
Ըստ Կառլեն Խաչատրյանի՝ կարելի էր փուլ առ փուլ հրաժարվել բետոնապատ տարածքներից. «Զիջումների չգնալու քաղաքային իշխանությունների դիրքորոշումն ինձ համար հասկանալի չէ: Տպավորություն չստեղծվի, թե ես կողմ եմ սրճարանների՝ «Օպերա»-ի տարածքում լինելուն, բայց շատ կանաչապատ տարածքներ անմխիթար վիճակում են, եւ այդ տարածքներում բիզնես-շահ չկա: Իշխանությունը կարող էր սկսել այդ տարածքներից»: Հիշեցնենք՝ հարցազրույցներից մեկում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քանդումից մոտ երկու ամիս առաջ ցանկացել են բանակցել սրճարանատերերի հետ, սակայն նրանք հիմնականում կոնտակտի մեջ չեն մտել, իսկ կանաչ գոտիները համայնքին վերադարձնելու գործընթացը լինելու է շարունակական:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/2207584206172153/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ