Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանում տեղի ունեցող լոկալ հուզումները բնական երևույթ են ու արդյունք են նրա, որ հեղափոխությունը քաղաքացիներին վերադարձրել է ազատությունները, ցույցեր ու երթեր անելու իրավունքը։ Այս պնդումը մասամբ ճիշտ է, համենայն դեպս՝ հիմա մարդկանց չեն ահաբեկում բողոքի ակցիայի մասնակցելու համար։ Մյուս կողմից՝ բողոքի ակցիաներն ամենևին էլ չեն խոսում այն մասին, որ երկրում աշխուժացել է քաղաքական կյանքը կամ քաղաքացիական հասարակությունն ավելի պահանջատեր է դարձել։ Ճիշտ հակառակը՝ ինստիտուցիոնալ ընդդիմության վակուումը դարձել է մեր քաղաքական կյանքի հրատապ հարցերից մեկը, իսկ քաղաքացիական հասարակությունը նույնիսկ թուլացել է, որովհետև նրա ներկայացուցիչներից շատերն ինտեգրված էին «քայլողների» թիմին ու հեղափոխությունից հետո դարձան պետական պաշտոնյաներ։
Երկրում բողոքի լոկալ ակցիաները ոչ արդյունավետ կառավարման հետևանք են. նախկին համակարգի թողած տխուր ժառանգությանն ավելացել է հեղափոխության կադրերի ոչ պրոֆեսիոնալիզմը, թափթփվածությունը, որոշ դեպքերում՝ սուբյեկտիվիզմը։ Հետհեղափոխական ոչ արդյունավետ կառավարմանը պայմանականորեն տանք «ուկրաինազացիա» անվանումը. Ուկրաինայում Պետրո Պորոշենկոյի հետհեղափոխական իշխանության անարդյունավետ կառավարումը երկիրը վերածել է ակտիվ եռացող կաթսայի, որն ամեն րոպե կարող է պայթեցնել քաղաքական, տնտեսական համակարգերը, նաև ծնել է կոռուպցիոն երևույթներ, որովհետև ֆունկցիոնալ դեգրադացիան այլ հետևանքներ ունենալ չի կարող։
Երբ «Ռեստարտ» խումբն «աղբամանի» անհաջող փորձը, Հայաստանի «ուկրաինազացիայի» վտանգն ավելի իրական դարձավ, ու սա ահազանգ էր, որպեսզի ոստիկանությունը համարժեք արձագանքի կատարվածին։ Բայց պետության հարկադրանքի միջոցները բավարար չեն. եթե ուզում ենք զերծ մնալ բացասական հետևանքներից, Նիկոլ Փաշինյանը պետք է ձևավորի արդյունավետ կառավարման համակարգ, որը կարողանում է ընդունել հայեցակարգային որոշումներ ու հետևողականորեն իրականացնել դրանք։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում