Կառավարության շենքի առջև գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են լինում, որոնց մասնակիցների մեջ քիչ չեն տնտեսվարողները: Օրինակ, «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծում առկա փոփոխությունները առաջացրել են գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների դժգոհությունը, քանի որ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազար դրամի փոխարեն՝ 3 մլն դրամ: Կան նաև բողոքներ որոշ ապրանքների ակցիզային հարկի բարձրացման դեմ: Օրինակ, բարձր շաքարայնություն պարունակող ըմպելիքի վրա ակցիզային հարկի կիրառման դրույթը առաջացրել է որոշ արտադրողների դժգոհությունը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով առհասարակ ներկայիս հարկային քաղաքականությանը ու դրա շուրջ ստեղծված մթնոլորտին, նախ ընդգծում է. «Թե որքանով են առկախված հարցերն այսօր արդյունավետ և օպերատիվ քննարկվում, տեղյակ չեմ: Սակայն հասկանում եմ, որ, ի դեմս նոր հարկային փոփոխությունների, կարծես, պետական եկամուտների ավելացում է ենթադրվում: Այդ մուտքերի մեջ են մտնում թե՛ ակցիզային հարկերը, թե՛ պետական տուրքը և թե՛ մյուս պետական մուտքերը, որոնք ապահովվում են հարկային քաղաքականության միջոցով: Ամեն դեպքում, հիմա, կարծեք թե, չկա ընդհանուր մոտեցում: Որոշ հարկատեսակների կտրվածքով չկա ընդհանուր մոտեցում իշխանության ներկայացուցիչների մոտ: Դա վերաբերում է եկամտահարկի համահարթեցմանը, վերաբերում է ակցիզային հարկով հարկվող ապրանքների տեսականին շատացնելուն, ինչպես նաև գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը բարձրացնելուն: Հիմա որևէ ձևով հասկանալի չէ, թե ռազմավարական, հիմնական մոտեցումը ո՞րն է: Եվ այս հանգամանքը, ըստ էության, առաջացրել է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը: Այս պահի դրությամբ կարող եմ գնահատել, որ հարկային քաղաքականության կոորդինացված, համակարգված մոտեցում հանդես չի բերվել: Եվ նույն կառավարությունը, կարծեք թե, չի շտապում Ազգային ժողովում սրա վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունել»:
Վարդան Բոստանջյանը անդրադարձավ նաև այն հայտարարություններին, որոնցով հաճախ մեղքը տնտեսվարողների ու քաղաքացիների վրա է բարդվում: Մասնավորապես, քիչ չեն այն դիտարկումները, թե մարդիկ պարզապես չեն ցանկանում հարկ մուծել. «Նման մոտեցումը կառավարողի դիտակետից խնդրի լուծման ամենահեշտ և պոպուլիստական տարբերակն է: Կառավարողը պետք է իր տեղում լինի, պետք է ունենա մասնագիտական մակարդակ: Ակնհայտ է, որ նշվածների բացակայության պարագայում տեղի է ունենում այն ամենը, ինչին հիմա ականատես ենք լինում»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում