Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միևնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց, որ վերջին երկու տասնամյակում տանիքներում լայնորեն կիրառելի դարձած ձեղնահարկերի կառուցապատման դեմ պայքարն ավելի ծանր փորձություն է լինելու քաղաքային իշխանության համար, և, որ դրանք ոչ միշտ են հարստացնում շենքի արտաքուստ ճարտարապետական կերպարը: Ուստի, բացառված չէ, որ քաղաքապետարանն այս խնդրի լուծմանը փուլ առ փուլ գնա:
Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել: Այսինքն, այն դեպքերը, երբ ներկառուցված ձեղնահարկերը չեն ծառայում ընտանիքների համար՝ որպես առանձին կացարաններ, այլ՝ իրականում լրացուցիչ բնակելի մակերեսի հնարավորություն են տվել: Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հաստատեց մեր տեղեկությունը` պարզաբանելով, որ դեռ անցած տարվանից է այս հարցը քաղաքապետի օրակարգում: «Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռ նոյեմբերին մի անգամ հայտարարել էր, որ քաղաքի բնակելի շենքերում առկա կցակառույցների համար իրավակարգավորումների որոշակի դաշտ է նախապատրաստվում, որպեսզի դրա հիման վրա հնարավոր լինի գործողությունների անցնել: Մանսարդները հստակ մշակված ծրագրով պիտի ընդհանուր տեսքի բերվեն, գեղարվեստական լուծումներով դրանք հնարավորինս պիտի ներդաշնակեցվեն փողոցների ընդհանուր ճարտարապետական լուծումներին»,- ասաց նա:
Սյուզի ԲԱԴՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում