Օպերային թատրոնի հարակից տարածքում երեկ շարունակվեցին սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ի տարբերություն նախորդ երկու օրերի, քաղաքապետարանի աշխատակիցները դիմադրության չհանդիպեցին:
Ի սկզբանե հայտարարվել է, որ կանաչապատում իրականացնելու նպատակով սրճարաններից ազատվելու է համայնքին պատկանող տարածքի առաջին գոտին: Մինչեւ այժմ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել միայն «Ատլանտիկե»-ում ու «Ջազզվե»-ում: Բացի այդ վերադարձվել է «Ռիչ» սրճարանի մանկական խաղահրապարակի զբաղեցրած տարածքը: Մյուս երկու սրճարանները, որոնք եւս գտնվում են նշված առաջին գոտում ու ենթակա են ապամոնտաժման, շարունակում են կանգուն մնալ: Խոսքը «Մոնտալ»-ի եւ «Շոկոլադնիցա»-ի մասին է: Դրանց անդրադառնալու իրավական հիմքեր քաղաքապետարանն առայժմ չունի, ինչը ստանալու համար դիմել է դատարան:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովսեփ Կուբատյանը տեղեկացրեց, որ համայնքը հայցերից մեկով դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Մերի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ)՝ գումարի բռնագանձման, հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, տարածքն ազատ վիճակում Երեւան համայնքին վերադարձնելու եւ կատարված իրավունքի պետական գրանցումը վերացնելու վերաբերյալ: Բանն այն է, որ 2002 թվականին քաղաքապետի եւ «Մերի» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով 258.5 քմ մակերեսով հողամասը 25 տարի վարձակալության ժամկետով հատկացվել է վարձակալին: Պայմանագրից ծագող վարձակալության իրավունքը նույն 2002 թվականին գրանցվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում եւ «Մերի» ՍՊԸ-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական: Նշված ընկերությանը պատկանում է «Մոնտալ» սրճարանը: Իսկ թե ինչ գումար բռնագանձելու մասին է խոսքը, քաղաքապետարանից չմանրամասնեցին:
Ինչ վերաբերում «Շոկոլադնիցա»-ին, այս սրճարանը շահագործող «Մագնոլիա» ընկերությունը 2 հազար 613 քմ մակերեսով հողամասը վարձակալել է մինչեւ 2026 թվականը: Երեւան համայնքը դատարանից պահանջում է վարձակալության պայմանագրից հրաժարվելու հիմքով այն լուծված համարել եւ որպես հետեւանք՝ վերացնել «Մագնոլիա» ՍՊԸ-ի անվամբ իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնել «Մագնոլիա» ընկերությանը ազատ վիճակում Երեւան համայնքին վերադարձնել համայնքային սեփականություն հանդիսացող 2 հազար 613 քմ մակերեսով հողամասը:
Այսպիսով, ստացվում է՝ թեպետ հողատարածքը համայնքի սեփականությունն է, դրա վրա գտնվող կառույցները սրճարաններ շահագործող ընկերություններին պատկանում են սեփականության իրավունքով, որոնց նկատմամբ քաղաքապետարանը որեւէ գործողություն անելու իրավունք չունի: Ու փաստորեն չի բացառում, որ դատարանը եւս չտա այդ իրավունքը: Իսկ այդ դեպքում կստացվի, որ կանաչապտման ենթակա տարածքը սրճարաններից կարող է ազատվել միայն մեկումեջ:
Օպերային թատրոնի հարակից տարածքում «Մագնոլիա» ՍՊԸ-ն շահագործում է երեք սրճարան: «Շոկոլադնիցա»-ից բացի «Մագնոլիա»-ն ու «Մեղեդին»: Հովսեփ Կուբատյանն ասաց, որ քաղաքապետարանը ցանկանում է ազատված տեսնել բոլոր երեք սրճարանների զբաղեցրած տարածքները: Նկատենք, սակայն, որ կանաչապատման ենթակա առաջին գոտում գտնվում է դրանց միայն մի մասը:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում