Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում տնտեսության մասին մտածող մարդ չկա։ Բոլոր լծված են միայն բյուջե փող բերելու գործին։ Դրա համար աջ ու ձախ ավելացնում են հարկային բեռը` առանց կշռադատելու հնարավոր հետևանքները։
Իսկ որ այդ հետևանքները ցավոտ են լինելու` կասկած չկա։ Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք կառավարությունն է առաջարկում, չեն բխում տնտեսության ոլորտի բազմաթիվ մասնակիցների շահերից։ Տուժելու են նաև սպառողները, որոնց վրա էլ ծանրանալու է հարկային բեռը։
Ու դեռ հարց է, թե ի՞նչ է շահելու այս ամենից կառավարությունը։ Հարկային բեռի մեծացումից բյուջեի մուտքերն ավելանալո՞ւ, թե՞ պակասելու են։ Հատկապես որ, դրա հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ դուրս են մնալու դաշտից։
Մինչ Ֆինանսների նախարարության պաշտոնյաները քափ ու քրտինք կտրած պաշտպանում են բյուջեն Հարկային օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների հնարավոր կորուստներից, տնտեսական հատվածի մասնակիցների շահերը պաշտպանող չկա։ Թվում էր, թե դա պետք է աներ տնտեսական զարգացումների ու ներդրումների նախարարը, բայց վերջինս ծպտուն չի հանում։ Այնպիսի տպավորություն է, որ դա իրեն չի էլ վերաբերում։ Մինչ տնտեսական հարցերի նախարարը մի կողմ է քաշվել, տնտեսական հատվածի մասնակիցներին այլ բան չի մնում անել, քան փողոցում պայքարել իրենց խնդիրների լուծման համար։
Որ բյուջեի մուտքերի ապահովումը կարևոր է կառավարության համար, կասկած չկա։ Բայց պետք է հասկանալ, որ դրա աղբյուրը տնտեսությունն է։ Եթե տուժում է տնտեսությունը, տուժում է նաև բուջեն։ Այստեղ այլ տարբերակ չկա։
Փոխարենը մտածելու ստվերային շրջանառությունները հարկելու ճանապարհով բյուջեի եկամուտների հնարավոր կորուստները փոխհատուցելու մասին` կառավարությունն այս ու այն կողմ ընկած՝ ավելացնում է հարկային բեռը, երբեմն՝ առանց որևէ հիմնավորման և տրամաբանության։ Բա ո՞ւր մնաց ստվերային տնտեսությունը, որն այսօր էլ մեծ ծավալների է հասնում։ Իշխանափոխությունն այս առումով շատ բան չի փոխել։
Միջազգային կառույցների գնահատումներով՝ ստվերը Հայաստանում տատանվում է 30-40 տոկոսի սահմաններում։ Այսինքն` հսկայական գումարներ դուրս են մնում պետական գանձարանից։ Խոսքը տարեկան առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է, որը ժամանակին, երբ դեռ իշխանություն չուներ, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր բերել բյուջե։ Այսօր, սակայն, այլ բան է անում։
Կառավարությունը չի կարողանում նույնիսկ բյուջեի նախատեսված փողերը նորմալ հավաքել։ Դա նշանակում է, որ ստվերում պտտվող եկամուտները շարունակում են շրջանցել պետական գանձարանը։
Նախկինում ընդունված էր ասել, որ այդ գումարների մի մասն էլ մտնում է իշխանությունների գրպանը։ Իսկ թե ո՞ւր են գնում դրանք իշխանափոխությունից հետո, երբ վերացել է կոռուպցիան ու հովանավորչությունը, այդպես էլ անհայտ է մնում։
Մի բան փաստ է, որ բյուջեն այս ամենից չի շահել։ Առաջվա նման հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում շարունակում է չափազանց ցածր մնալ։ Այն գրեթե չի փոխվել նաև իշխանափոխությունից հետո։ Այդ ցուցանիշով Հայաստանը հետնապահների շարքում է, այդ թվում` նաև տարածաշրջանի որոշ երկրների համեմատ։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում