Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Փաշինյանը բանակցային գործընթացի ղեկը վերցնում է իր ձեռքը

Մարտ 16,2019 14:30

Կամ՝ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Հայաստանի վարչապետի ելույթի որոշ մտքերի չհավակնոտ մեկնաբանություններ

Այս օրերին քաղաքական և փորձագիտական շրջանակներում ամենից շատ քննարկվող թեման Ստեփանակերտում երկու հայկական պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն է: Ընդ որում՝ հանրային դիսկուրսի մասնակիցները, գլխավոր հարցադրումներում իրենց մոտեցումների ողջ բազմազանության պարագայում, կարծես թե մեկ բանում համակարծիք են՝ ելույթը, Փաշինյան-Ալիև առաջիկա սպասվող հանդիպմանն ընդառաջ, ձեռք է բերում առանձնահատուկ քաղաքական կարևորություն: Եվ այդ համատեքստում վարչապետի ելույթի գլխավոր դրույթների անաչառ մեկնաբանությունը կարող է նպաստել նաև ներքաղաքական բնականոն զարգացումներին: Սույն մեկնաբանությունները չհավակնելով լինել բացառապես անխոցելի, այդուհանդերձ, նպատակ ունեն նպաստել մեր պետության արտաքին քաղաքական գերակայության շուրջ բազմակարծության և առողջ բանավեճի մթնոլորտի ձևավորմանը:

Ելույթի անաչառ վերլուծության համար և գործնական քաղաքականությանը օգտակար լինելու տեսանկյունից անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու համար, կարծում եմ, պետք է հաշվի առնել մի շարք իրողություններ:

Բայց մինչ այդ, ըստ իս, մի կարևոր դիտարկում՝ վարչապետի ելույթի իրական հասցեատերը Հայաստանի և Արցախի հասարակությունները չեն և նրանում տեղ գտած դրույթները մեկնաբանելիս օգտակար կլինի առաջնորդվել «հայացք դրսից՛» մոտեցմամբ: Եվ երկրորդ, հաշվի առնելով Արցախի հիմնախնդրի կարգավորման առանձնահատուկ կարևորությունը մեր ժողովրդի անվտանգ ապագայի համատեքստում՝ այս հարցի շուրջ մեկնաբանությունները հնարավորինս պետք է զերծ լինեն ներքաղաքական կոնյունկտուրային մոտեցումներից:

Որո՞նք են այն իրողությունները, որոնք, ըստ իս, կարող էին նախապայմանավորել վարչապետի ելույթում տեղ գտած դրույթները:

1. Վերջին ժամանակներում տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց պայմանավորվածությունը գլոբալ անվտանգության ոլորտում հիմնական խաղացողների միջև առկա առճակատմամբ (ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Չինաստան) արցախյան հակամարտության աշխարհաքաղաքական կշիռը աննախադեպ մեծացրել են:

2. Դրա հետ մեկտեղ և այդ զարգացումների ֆոնին մեծացել է ռազմական ճանապարհով, այդ թվում նաև «կառավարելի քաոսի» դոկտրինի որոշ տարրերի կիրառմամբ, խնդիրները լուծելու գայթակղությունը:

3. Իրերի օբյեկտիվ ընթացքով պայմանավորված Հարավային Կովկասում Ադրբեջանը, Հայաստանի և Վրաստանի համեմատ, որակապես նոր և ավելի մեծ ազդեցություն ու կշիռ է ձեռք բերել (էներգակիրների ավանդական տարածաշրջանային ենթակառուցվածքներից զատ առանցքային դերակատարում ձևավորվող ՌԴ-ԱՀ-ԻԻՀ Հյուսիս Հարավ տրանսպորտային միջանցքում, Մեկ ճանապարհ-մեկ գոտի ծրագրում անփոխարինելի մասնակցություն, Կասպյան համաձայնագրում վճռորոշ դերակատարում և այլն):

4. Ադրբեջանի այդ «կարգավիճակը», ամրապնդված Թուրքիայի ամենասերտ աջակցությամբ, հաղորդել է նրան ինքնուրույն տարածաշրջանային խաղացողի ինքնավստահություն՝ զուգահեռված նրա վրա որոշ ազդեցիկ կենտրոնների (օրինակ՝ Ռուսաստանի) փաստացի ազդեցության նվազմամբ:

5. Արևմուտքի որոշ ուժերի կողմից Իրանը մեկուսացնելու և Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու ծրագրի իրականացման գործում տարածաշրջանում ռազմական գործողությունների հնարավորությունը նախապատվելի համարելը արցախյան հակամարտությունը դարձնում է առավել «օգտագործելի» (խաղաղություն տարածքների դիմաց) և օբյեկտիվորեն Ադրբեջանին դարձնում է վերը նշված ծրագրի իրականացման դաշնակից-մասնակիցը:

6. Արդյունքում ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական զարգացումները շոշափելի ապագայում թվում են առավել քան ռեալ, թեպետ միանգամայն կանխատեսելի է, որ դրանք չեն կարող ունենալ լոկալ ղարաբաղա-ադրբեջանական բախումների բնույթ և մեծ է դրանցում տարածաշրջանի այլ երկրների ներքաշվելու սպառնալիքը, ինչն ինքնին նվազեցնում է ռազմական սցենարի իրականացման հավանականությունը:

7. Ստեղծված իրավիճակը որևէ կերպ պայմանավորված չէ Հայաստանի վարչապետի անձով (վերը բերված որևէ գործոն պայմանավորված չէ հայաստանյան իշխանություններով):

8. Սա չի նշանակում, որ հայաստանյան իշխանությունները ազատ էին կամ ազատ են իրենց հայտարարություններում կամ մեկնաբանություններում, սա նշանակում է, որ այդ իրադարձությունների զարգացման ընթացքի վրա Հայաստանը էական ազդեցություն, ըստ էության, չէր կարող ունենալ:

9. Իրերի նման պարագայում այսօր Հայաստանի համար կենսական կարևորության խնդիր է դարձել ուժերի ներածի չափով չեզոքացնել պատերազմի հնարավոր սպառնալիքը և ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը՝ միաժամանակ ձգտելով փոխել բանակցությունների առարկայի ադրբեջանական մեկնաբանությունը (բանակցությունների նպատակը ադրբեջանական տարծքներից հայկական ուժերի դուրս բերումն է), քանի որ այն Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման գլխավոր քաղաքական-իրավական գործոնն է:

10. Բանակցությունների առարկայի նշված ադրբեջանական մեկնաբանմանը էապես նպաստում է այն իրողությունը, որ դրանք դե ֆակտո գնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև և այս հանգամանքը ձևավորում է բանակցությունների գլխավոր նպատակի ադրբեջանանպաստ ընկալման համար համապատասխան հենք, այն է՝ դրանք գլխավորապես միտված են տարածքների խնդիրը լուծելուն (ձեռքի հետ էլ կարող է անդրադարձ լինել Արցախի ճակատագրի հարցին):

11. Թեպետ հայկական կողմը բազմիցս բարձրացրել է Արցախին բանակցություններին անմիջական մասնակից դարձնելու անհրաժեշտության հարցը, սակայն պարագաների ընթացքը (որի պատճառները, ըստ իս, նույնպես վերլուծության կարիք ունեն) ժամանակի ընթացքում հայկական կողմի մոտ բթացրել է քաղաքական այդ պահանջի կարևորությունը: Մինչդեռ ստեղծված իրավիճակում Արցախին բանակցություններին անմիջական մասնակից դարձնելու հարցադրումը ստանում է բանակցային գործընթացն իր առարկայական նպատակին ծառայեցնելու և ուժի կիրառմամբ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի ձգտումը չեզոքացնելու իրական հնարավորություններից մեկը:

Սրանք են, ըստ իս, այն իրողությունները, որոնց մի մասի ոչ հայանպաստ ազդեցությունը չեզոքացնելու համար հայաստանյան իշխանությունները, ռազմավարական գործընկերոջ և հարավային բարեկամի աջակցությունից զատ, դրանց պետք է հակադրեն բանակցային գործընթացում քաղաքական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու իրենց կարողությունները: Նման պարագաներում նրանք ստիպված են փոխել բանակցության դիսկուրսը և նրան հաղորդել խաղաղ բանակցություններին բնորոշ քաղաքական բովանդակություն:

Որո՞նք են, ըստ այդմ, առաջիկայում մեր արտաքին քաղաքականության համար առանցքային դրույթները՝ Հայաստանի վարչապետի խոսքում:

– Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը ունի շատ կոնկրետ իմաստ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ:
Այս ձևակերպումը ժամանակի ընթացքում կարող է ստանալ բանակցային գործընթացի հասկացությունների համախմբում իր իմաստային զարգացումը այն ընկալմամբ, որ բանակցային գործընթացում հաճախ օգտագործվող «հայկական կողմ» եզրույթը այսուհետ պետք է ընկալվի որպես երկու իրավահավասար պետաիրավական ինքնուրույն սուբյեկտներ ենթադրող հասկացություն:

– Ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար:
Այս թեզը քաղաքական հուժկու ակցենտ է և կարող է հայաստանյան իշխանությունների լեգիտիմության ֆոնին օգտագործվել բանակցություններում դիրքային առավելություն ստանալու համար և քանի որ այն դժվար մերժելի գործոն է համանախագահողների համար, ուստի, քաղաքական այդ հիմնավորմամբ հայկական կողմի առաջարկությունները չեն կարող որակվել որպես դեստրուկտիվ, փակուղի տանող կամ քմահաճ:

– Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը:
Այս դրույթը, ըստ էության, արձանագրումն է այն փաստի, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը և պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը, սակայն այն ըմբռնումով, որ բանակցային սեղանի շուրջ Արցախին տեսնելը շարունակելու է մնալ մեր գլխավոր խնդիրը և Հայաստանը բանակցային օրակարգից այն չի հանելու:

– Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:
Այս թեզով հայաստանյան կողմը ազդարարում է, որ որևէ քննարկում կամ քննարկումների շարք չի կարող ընկալվել կարգավորմանն ուղղված փոխադարձ իրավաքաղաքական պարտավորություններ առաջացնող, եթե այդ քննարկումներում ձեռք բերված պայմանավորվածությունները շրջանցել են Արցախի իշխանություններին: Ի դեպ, նշված բանաձևումը, ներկայացվող մեկնաբանությամբ, կարող է բավականին ճկունություն հաղորդել հայկական կողմի մոտեցումներին բանակցությունների ընթացքում:

– Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում է շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից:
Այս կոնստանտացիան և դրան հաջորդող վարչապետի մեկնաբանությունները նույնպես ուժեղ են և դժվար մերժելի, առավել ևս ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի արձանագրմամբ առաջնորդվելու պարագայում:

– Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում և, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում:

– Այս բանաձևը հայաստանյան իշխանությունների հզոր ֆիշկան է բանակցություններում: Ուղղակի հարկավոր է այն օգտագործել շատ խնամքով, որպեսզի հակառակ կողմը չփորձի այն օգտագործել մեզ մեղադրելու համար՝ ներկայացնելով որպես բանակցությունները փակուղի տանող գործելաոճ: Որոշ դեպքերում այս արգումենտը կարելի է օգտագործել որպես դիմացինի վրա ճնշում գործադրելու հնարք: Ընդ որում՝ այս մեկնաբանությունները մեր դիվանագիտական կորպուսը առաջիկայում պետք է հետևողականորեն հրամցնի մեր գործընկերներին բոլոր մայրաքաղաքներում, այս գործին պետք է լծվեն հայկական լոբբիստական կառույցները և մեր պատգամավորները՝ միջազգային հարթակներում:

– Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:
– Թեպետ այս թեզը առաջին անգամ չէ օգտագործվում Հայաստանի իշխանությունների կողմից, սակայն մեկնաբանվող խոսքի կոնտեքստում՝ բանակցություններում Արցախին ներգրավելու պահանջի լույսի ներքո, կարևոր արձանագրում է, քանի որ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ մեկ անգամ ևս հայտարարվում է, որ Հայաստանը ոչ թե կոնֆլիկտի կողմ է, այլ ներգրավված կողմ՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր: Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում այս արձանագրմամբ Հայաստանը հրապարակավ հայտարարում է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների առարկան Արցախի կարգավիճակի խնդիրն է և ուրիշ ոչինչ:

– Իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է, արդյոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք:

Այս հարցադրումը, ըստ իս, շատ խորիմաստ է և բանակցություններում մանևրելու հնարավորություն տվող, քանի որ Վարչապետի հետագա մեկնաբանություններից պարզ է դառնում, որ հայաստանյան նոր իշխանությունները գտնում են, որ կարգավորման մադրիդյան սկզբունքների վերաբերյալ վերջնական դիրքորոշում կարելի է ձևավորել հինական հասկացություններում հստակություն մտցնելուց հետո: Թեպետ այս հարցում կարող է ընդունելի լինի նաև այլ մոտեցում, մասնավորապես այն, որ դիվանագիտական պրակտիկան հուշում է, որ անորոշությունները հաճախ հնարավորություն են տալիս բանակցելուն՝ աստիճանաբար կոմպրոմիսներին հասնելու նպատակով: Այնպես որ, այստեղ մտորելու հարց կա, բայց այն, որ վարչապետի հարցադրումը կարելի է օգտագործել բանակցություններում մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ավելի ճկուն մոտեցումներ ցուցաբերելու համար (հատկապես համանախագահողների վերջին հայտարարության ֆոնին,) դա ակնհայտ է:

– Առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության:
Այս հարցադրումը, ըստ էության, կարելի է գնահատել որպես առաջիկա բանակցությունների օրակարգի վերաբերյալ առաջարկություն, որով հայկական կողմը, ըստ էության, զրկում է Ադրբեջանին տարածքային խնդիրները բանակցային օրակարգ բերելու և դրանով իսկ պատերազմելու իրավունքը «լեգիտիմացնելու» որևէ հնարավորությունից:

– Ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա: Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ:

Այս թեզը նորույթ է բանակցային գործընթացում՝ կողմերի հանձնառության տեսակետից և գործնականում կարող է ունենալ շատ հետաքրքիր զարգացումներ: Այն իր մեջ պարունակում է ոչ երկիմաստ առաջարկ խորհրդարանական և ժողովրդական դիվանագիտության հարուստ զինանոցը գործի գցելու վերաբերյալ: Այս հայտարարությամբ վարչապետը, ըստ էության, զինաթափում է իր հակառակորդին: Այս հայտարարությանը Ալիևը ստիպված է համաձայնել, հակառակը՝ ոչ այլ ինչն է, քան բացեիբաց խոստովանել, որ բոլոր պարագաներում իր նպատակը պատերազմն է:

Ամփոփելով կարելի է արձանագրել.

1. Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացի ղեկը վերցնում է իր ձեռքը: Գնդակը այլևս համանախագահողների և Ալիևի դաշտում է:

2. Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացը վերադարձնում է քաղաքական քննարկումների դաշտ՝ տեղ չթողնելով ռազմատենչ հռետորաբանության և պատերազմական սցենարի իրականացման համար:

3. Ըստ էության, վարչապետը բանակցային օրակարգից բացառեց տարածքների հետ կապված քննարկումները՝ զրկելով Ադրբեջանին՝ պատերազմով խնդիրը լուծելու իրավունքը «լեգալացնելու» որևէ հնարավորությունից:

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական

Միության նախագահ

14.03.2019թ.

Հ.Գ. Արտաքին քաղաքական ոլորտում դժվարություններին հաջողությամբ դիմագրավելու համար ներքին կյանքում իշխանությունները պետք է զերծ մնան հանրությանը պառակտող և ներքին խժդժություններ հրահրող քայլերից՝ հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելուց մինչև չհիմնավորված զանգվածային կրճատումներ, օպերայի հարակից տարածքում ընտրանքային կարգով սրճարանների ապամոնտաժում և այլ համանման նախաձեռնություններ: Այսօր, առավել քան երբևէ, իշխանություններին անհրաժեշտ է առավելագույնս նպաստել ներքին կյանքում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը:

«Առավոտ» օրաթերթ,

15.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատ Կուսակցությունը քանի անդամ ունի? Ինչքան անդամ ունի Ձեր կուսակցությունը ,այդքան մարդու էլ կհետաքրքրի Ձեր ասածները

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031