Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահողները շարունակել են ելցինյան տրամաբանությամբ. ինչի՞ց պետք է զգուշանա ՀՀ իշխանությունը

Մարտ 16,2019 14:00

«Առավոտի» զրուցակիցն է 1990-1999թթ. ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը

– Վերջին իրադարձությունները՝ համանախագահների հայտարարությունը` բանակցային ֆորմատի փոփոխության անհնարինության եւ տարածքներ վերադարձնելու մասին, ՀՀ եւ Արցախի ԱԽ համատեղ նիստը, նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաստատումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, եւ, որ դա «քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը», ի՞նչ տպավորություն են ստեղծում: Հարցի կարգավորման գործընթացն ի՞նչ փուլում է:
– Այստեղ խոսք լինել չի կարող բանակցային ձեւաչափի փոփոխման մասին, քանի դեռ չի վերանայվել 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի հռչակագրի համապատասխան դրույթը, որը ճանաչել է արցախահայության իրավունքը՝ բանակցային կողմ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Այսօր խոսքը պիտի վերաբերի Քոչարյանի կողմից ինքնագլուխ, իր լիազորություններից դուրս գտնվող միջազգային կազմակերպության որոշումը չկատարելու եւ վերոհիշյալ հռչակագրի հաստատած բանակցային ձեւաչափը վերականգնելու մասին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին տարածքներ վերադարձնելուն, կարծում եմ՝ դա ներկա իրադրությունում եւ ըստ այդմ Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպման ընթացքում օրակարգային հարց դառնալ չի կարող: Կարծում եմ՝ առայժմ խոսքը կգնա այլեւայլ հարցերի, նախապատրաստական խնդիրների եւ դրանց հերթականության պայմանավորումների շուրջը: Եվ բնական է, որ նախքան այդ, Փաշինյանը պետք է խորհրդակցեր ԼՂՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ` տարբեր խնդիրների շուրջ միասնական կարծիքներ ձեւավորելու համար: Ես խորհուրդ կտայի Հայաստանի ղեկավարությանը զգուշանալ վերջին 20 տարիներին Արցախի հարցով ՀՀ-Ադրբեջան-ՌԴ տարաբնույթ ու գաղտնի պայմանավորվածություններից, որոնցից մեկը 2016-ին հանգեցրեց լայնամասշտաբ դիվերսիայի:

– Այն, որ ԱԽ համատեղ նիստը կայացավ Արցախում, որոշակի շրջանակներում տպավորություն է ստեղծել, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստանալ լեգիտիմություն` բանակցություններում Արցախը ներկայացնելու համար: Հնարավո՞ր է նման տարբերակ: Առհասարակ, ի՞նչ տվեց այդ նիստն Արցախում անցկացնելը:

– Չեմ կարծում, թե Փաշինյանը ետ կկանգնի իր բազմիցս արած հայտարարություններից այն մասին, որ ինքն իրավասու չէ բանակցություններում հանդես գալ արցախահայության անունից: Այդ կարգի հարցադրումը անհիմն է: Իսկ թե հավելյալ ի՞նչ տվեց Արցախում կայացած այդ նիստը, առայժմ դժվար է ասելը՝ համապատասխան տեղեկատվության բացակայության պայմաններում:

– Քննադատության արժանացավ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ Ադրբեջանի նախագահը «ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը»: Վարչապետն այս հիշատակմամբ սայթաքո՞ւմ է թույլ տվել:

– Եթե կտրվենք իրականությունից՝ այո, Փաշինյանի այդ արտահայտությունը կարելի է մեկնաբանել եւ այսպես, եւ այնպես: Կարելի է ենթադրել, թե Փաշինյանը հասկացնել է տալիս իրեն լսողներին, թե կա տարբերակ, որ բանակցությունների ժամանակ ինքն, ինչպես Ալիեւը, կարող է հանդես գալ նաեւ արցախահայերի անունից: Ես այդպես չեմ հասկանում նրա այդ արտահայտությունը: Ընդհակառակն, ակնհայտ է, որ նա այդ արտահայտությունով ընդգծում է իր եւ Ալիեւի լիազորությունների տարբերությունը՝ հիմնված օրինակարգության վրա: Բացի այդ, անհնար է հաշվի չառնել, որ Արցախի ադրբեջանցի նախկին բնակիչները որեւէ կարգի քաղաքական բնույթի կազմավորություն չեն ներկայացնում, իսկ ահա Արցախը, թեկուզ քաղաքական նկատառումներով չճանաչված, բայց ունի անկախ երկրի կարգավիճակ, որը թույլ տվեց նրան Բուդապեշտում հռչակվել բանակցությունների կողմ:

– Նիկոլ Փաշինյանը նաեւ տարակուսեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմք ՀՀ կառավարության համար ընդունելի լինելու կամ չլինելու առումով: Պատճառը, կողմերի միջև առկա տարընթերցումներն են: Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Ընդդիմախոսները հարցեր են հնչեցնում` այդ դեպքում ինչի՞ մասին էր կազանյան տարբերակը, կամ դրան հաջորդած մյուս տարբերակները, եթե ոչ հենց այդ սկզբունքների ու տարրերի գործնական նշանակության հստակեցման: Կամ` ինչի՞ շուրջ էին մինչ այժմ ընթանում բանակցությունները: Տեղին չե՞ն նման դիտարկումները:

– Այն քաղաքական ու դիվանագիտական ավերածությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որ կատարեցին ղարաբաղյան կլանի պարագլուխներն անցած 20 տարիներին, պայմանավորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից այդ սկզբունքների եւ տարրերի ներկայիս հիշատակումը, որոնք առանց այդ էլ հայտնի էին եւ մերժվում էին հայ հանրության մեջ: Արտառոցն այն է, որ համանախագահողները հաշվի չեն առել, որ քաղաքական իրադրություն է փոխվել տարածաշրջանում եւ շարունակել են Հայաստանի եւ հայերի հանդեպ ղեկավարվել ելցինյան տրամաբանությամբ՝ թե «куда они денутся?»: Այլ կերպ, նրանց այդ հայտարարությունն իր «սկզբունքներով» ու «տարրերով» չի կարող գնահատվել: Այստեղ կա նաեւ ՀՀ ԱԳՆ-ի մեղքը, որը հեղափոխությունից հետո անցած ժամանակամիջոցում ոչինչ չի արել գոնե ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում վերանայելու համար անցած 20 տարիներին ղարաբաղյան հակամարտության էության խեղումները, որոնք ներկայումս էլ տեղ են գտել ՄԽ համանախագահողների հայտարարության մեջ: Այդ ինչպե՞ս է, որ նրանց հարցեր չեն տրվել միջազգային կազմակերպության կողմից բանակցային կողմ ճանաչված սուբյեկտին բանակցությունների գործընթացից դուրս թողնելու մասին, առանց նրանց կողմից դրա իրավական ու քաղաքական գնահատական տալը: Կամ, այդ ինչպե՞ս է, որ համանախագահողները ընդունում են 1994-ին կրակի դադարի մասին պայմանավորվածությունը եւ Կասպերչիկի միջոցով ուզում են այդ պայմանավորվածությանը պահպանել, իսկ ահա դրա տակը ստորագրած երեք կողմերից մեկը դուրս է մղվում հետագա բանակցություններից՝ համանախագահողների իմացոթյամբ: Կամ, ո՞ւմ հայտնի չէր, որ այդ քայլով ղարաբաղյան հարցի ամբողջ բեռը դրվում էր Հայաստանի վրա այն դեպքում, երբ 90-ականների սկզբին ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերում առկա էր այն դրույթը, որ Ադրբեջանի դեմ կռվում են հակամարտության գոտու «տեղական հայերի» ռազմական կազմավորումները: Կամ, ո՞ւմ հայտնի չէ, որ պատերազմի ընթացքում ընդունված կրակի դադարի մասին բոլոր` ի վերջո ձախողված, պայմանավորվածություններն Ադրբեջանը ստորագրել է Արցախի ներկայացուցիչների հետ: Թե՞ Արեւմուտքին հայտնի չէր, որ 1998-ի եւ 1999-ի պետական հեղաշրջումներից հետո Հայաստանում իշխանությունը զավթեցին ռուսական գործակալներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ սրանց տեղական լաքեյները: Ինչեւէ, տպավորություն է առաջանում, որ Արեւմուտքը որեւէ շահագրգռվածություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործերում եւ այդ հարցի լուծումը զիջում է Ռուսաստանին, որն էլ, ելնելով իր աշխարհաքաղաքական հատուկ շահերից, հայաստանյան իր գաղտնի գործակալների միջոցով բանը հասցրել է Արցախի անվտանգության գոտու 7 շրջանների զիջման պահանջին, այն էլ առանց որեւէ փոխզիջման: Էլ չեմ խոսում այն մասին, որ ամբողջովին մթագնել է Արցախի կարգավիճակի հարցը եւ արցախցիների ապագան եւ այլն, եւ այլն: Դիվանագիտական ձեւակերպումներն, իհարկե, պարտադրաբար ուղղակի չեն լինում եւ տարընթերցումի հնարավորություններ չեն բացառում: Բայց դրանք կարդալու կարողություն ունեցողները միանշանակ հասկանում են, թե դեպի ուր են տանում դրանք: Խոսքն այստեղ, անշուշտ, չի կարող լինել համանախագահողների հայտարարության անորոշակիությունների մասին: Հարցն այն է, որ այդ հայտարարությունն իր ամբողջության մեջ է մերժելի հայկական կողմի համար: Հայաստանը պարտավոր է բաց տեքստով հայտարարել այն մասին, որ 1998-ից Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը ենթակայացվել է օտար պետության շահերին եւ իրականացվել է այդ պետության գործակալների կողմից: Այսինքն՝ նոր Հայաստանը համարում է, որ այդ հայտարարության պահանջները միակողմանի են եւ չեն կարող հիմք ծառայել հետագա բանակցությունների համար: Այսինքն, նոր բանակցություններ կարող են տեղի ունենալ միմիայն tabula raza-ի հենքի վրա:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

15.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031