Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերջին շրջանում ավելի կրեատիվ է կարճ սանրվածքը՝ տաք գույներով»

Մարտ 16,2019 12:30

Ճանաչված վարսահարդար ոճաբանը խորհուրդ է տալիս ազատվել «հայկական չոլկաներից»

Երեւանում 1990-ականների կեսերից բացվեցին գեղեցկության սրահներ, իսկ 1999թ. անցկացվեց ՀՀ վարսահարդարման արվեստի եւ դիմահարդարման առաջին չեմպիոնատը, որի պատվավոր հյուրն էր աշխարհի չեմպիոն, Եվրոպայի բացարձակ չեմպիոն, «Օվացիա» մրցույթի քառակի մրցանակակիր Սերգեյ Զվերեւը: Այն անցկացվեց Վարսահարդարների միջազգային կոնֆեդերացիայի (Փարիզ) պահանջների կանոններին համապատասխան: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Զվերեւը գոհունակություն էր հայտնել չեմպիոնատի կազմակերպչական աշխատանքներից ու հովանավորներից, մեղմ ժպիտով էլ հավելել էր. «Նույնը չեմ կարող ասել մասնակից հայ վարսահարդարների մասին»: Տարիներ են անցել ու հաճախ Հայաստանի վարսահարդարների ու դիմահարդարների միությունն անցկացնում է տարբեր միջոցառումներ: Նշենք 2016-ին Երեւանի գավաթի համար անցկացված միջոցառումը, որին մասնակցում էր շուրջ 50 մասնագետ եւ այլն: Վերջին շրջանում հայ վարսահարդարները հաջողություն են գրանցում միջազգային մրցույթներում: Այս առիթով նշենք վարսահարդար-ոճաբան Էմին Պողոսյանին, որը շուրջ 5 տարի առաջ Միլանում մասնակցելով Եվրոպայում վարսահարդարների եւ դիմահարդարների հեղինակավոր OMC Hairworld առաջնությանը, Afro Total Look անվանակարգում 56 երկրից 1100 մասնակիցների թվում արժանացավ ոսկե մեդալի եւ օլիմպիական չեմպիոնի կոչման:

Օրերս «Առավոտին» հայտնի դարձավ, որ Երեւանում առաջիկայում բացվելու է վարսահարդարման ակադեմիա, որի «հեղինակն» է լիբանանահայ մեր հայրենակից Ժակ Թեքեյանը: Նա 35 տարի այս ոլորտում է, Եվրոպայում մասնակցել է վարսահարդարների փառատոների, այդ թվում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում: Կրթությունը ստացել է Լոնդոնի հեղինակավոր TON & GUY ակադեմիայում: Այն ավարտելուց հետո վերադարձել է Բեյրութ, 1991թ. հիմնել Ժակ-Թեքեյան վարսահարդարման ակադեմիան, որը գործում է մինչ օրս: Մեզ հետ զրույցում մասնագետն ասաց, որ Բեյրութում իր ղեկավարությամբ վարպետության դասերի են մասնակցել հայաստանցի վարսահարդարներ նույնպես:

Վերջերս Ժակ Թեքեյանի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվեց շոու, որտեղ մեր մոդելները հայտնվում էին պոդիումում երեկոյան եւ ազատ ոճի, նույնիսկ, մեր զրուցակցի խոսքերով՝ «պատմական» սանրվածքներով: Հետաքրքրությանը, թե հագուստի նորաձեւության ոլորտում ընդունված է «տարվա գույներ» արտահայտությունը, նույնը գոյություն ունի՞ վարսահարդարման ոլորտում, վարսահարդար ոճաբանը պատասխանեց. «Այո, այս տարի մոդայիկ են նարնջագույն, կարճ ասած՝ տաք գույները»: Խոսելով սանրվածքի մասին, մասնագետը նախ նշեց, թե ինքը պատրաստակամ է անվճար խորհուրդ տալ, հետո էլ մանրամասնեց. «Նայած՝ ինչ առիթի համար են պատրաստվում: Սանրվածքը պետք է «համաձայնեցվի» դիմահարդարմանն ու հագուստին: Եթե «ծանր» է հագուստը, այլ սանրվածք է պետք, եթե սովորական է, առօրյա, մազերին ավելի ճոխ սանրվածք է անհրաժեշտ: Վարսահարդարին էլ պետք է դիմել արդեն դիմահարդարի ու հագուստի դիզայների մոտ լինելուց հետո»: Մասնագետը համաձայն չէ մեր այն կարծիքին, որ հայ կանայք հիմնականում դիմում են վարսահարդարներին մազերը «ֆենելու» համար, հակառակ?ը, նա հավաստիացրեց, որ կոնկրետ իրեն Հայաստանում շուրջ երկու տարվա գործունեության ընթացքում դիմում են հիմնականում այլ սանրվածքի եւ ոճը փոխելու համար: Իսկ նախընտրում է երկա՞ր, թե՞ կարճ մազերը, մեր զրուցակիցն ասաց. «Աշխարհում վերջին շրջանում կարծես ավելի կրեատիվ է ոչ դասական, կարճ սանրվածքը, բայց դա միանշանակ չէ: Յուրաքանչյուր մարդ պետք է լինի խնամված եւ սանրվածքը փոխելիս կամ ընտրելիս դիմի վարսահարդար ոճաբանի»: Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի մեր պաշտոնյաների մասին, Ժակ Թեքեյանի պատասխանը հետեւյալն է. «Վարսահարդար ոճաբանի պետք է դիմեն ոչ միայն կանայք, այլ նաեւ տղամարդիկ: Ի վերջո, թե կանայք եւ թե տղամարդիկ պետք է ազատվեն հայկական «չոլկաներից»: Հիշեցինք Սերգեյ Զվերեւի՝ ժամանակին մեզ հայտնած հետեւյալ միտքը՝ հայ տղամարդիկ առանձնապես աչքի չեն ընկնում վարսերը հարդարելու բծախնդրությամբ, լսել եմ, որ նրանք երբեմն բավարարվում են իրենց հարեւան վարսավիրների աշխատանքով: Իհարկե, ոչ Երեւանի կենտրոնում, այսօր էլ գործում են վարսավիրների «բուդկաներ»…

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

15.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031