Մինչ շատերս դժգոհում ենք քաղաքային տրանսպորտից, նեղ ու անհարմար ճանապարհներից եւ արդարացումներ փնտրում հեծանիվ չվարելու, 28-ամյա Լիգիան երթեւեկում է հեծանիվով, խուսափում խցանումներից, պահպանում առողջությունն ու աշխատում գումար. «Ես օրը 4-5 ժամ առաքումներ եմ իրականացնում, հեծանիվով արագ հասցնում պատվերը տիրոջը եւ ամսական ստանում 300-400 000 հհ դրամ»։ Բացարձակ անվտանգ ոչինչ չկա, պնդում է Լիգիան: Հիշում է` հինգ տարի առաջ էր, երբ չնայած փոքր-ինչ վախենում էր, բայց սկսեց երթեւեկել քաղաքում. «Մայթով վարելիս մարդկանց վնասելուց էի վախենում, փողոցով վարելիս` որ մեքենաներն ինձ կվնասեն»։
Երբ դեռ սկսնակ էր, հարվածել է երեք հետիոտնի, բայց չի վնասել, իսկ այ ինքը մեքենայի հարվածից բավական լուրջ վնասվածքներ է ստացել. «Պատահարներում ես իմ մեղքը գիտակցում եմ, դրանցից հետո դարձել եմ առավել զգոն: Քաղաքում վարելը մաքսիմալ ուշադրություն է պահանջում: Իմ անվտանգությունը, իմ ուշադրությունն է»։
Երթեւեկության կանոնները գիտի, բայց դրանց չի հետեւում. «Ես 5 մատիս պես ճանաչում եմ մեր վարորդների հոգեբանությունը: Մի մանեւրից հետո հստակ գիտեմ` ինչ պիտի անի: Ես, ինչպես շատ այլ հեծանվորդներ, մշակել եմ տեղաշարժման ինձ հարմար տարբերակ, ճանապարհին գտնվող մեքենաներն ինձ համար որպես վահան եմ օգտագործում»։
Հեծանիվը, ՀՀ օրենքով, տրանսպորտային միջոց է, հեծանվորդը` վարորդ, եւ հետեւաբար, նաեւ ճանապարհային երթեւեկության մասնակից, անդադար հիշեցնում են Ճանապարհային ոստիկանությունն ու Հեծանվորդների ֆեդերացիան: Ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը միշտ առաջնորդվում է «հեծանվորդի հետ, հեծանվորդի կողքին» կարգախոսով, բայց երբ հերթը հասնում է կարգապահությանը, նա դառնում է շատ պահանջկոտ. մի հեծանվորդի անկարգապահությունը չպիտի արատավորի մյուսների բարի համբավը: Կանոններն ու օրենքները հեծանվորդներին առավել հասանելի դարձնելու համար Ֆեդերացիան Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ տպագրել է մեթոդական ձեռնարկ, որը կարող է տեղավորվել յուրաքանչյուր հեծանվորդի գրպանում՝ մինչեւ հմտանալը։ «7 տարիների ընթացքում մենք ակտիվ գործել ենք, որպեսզի զարգացնենք եւ միջազգային չափանիշների հասցնենք սիրողական հեծանվային մարզաձեւը, ստեղծենք համապատասխան պայմաններ հեծանվային զբոսաշրջության զարգացման համար եւ, որ ամենաառաջնայինն է՝ խթանենք հեծանիվի` որպես տրանսպորտային միջոցի մասսայականացմանը: Հեծանվորդների թիվը քաղաքում կտրուկ աճել է, հեծանիվը դարձել է նորաոճ ու պահանջված: Քաղաքի տարբեր հատվածներում, համալսարանների բակերում տեղադրված հեծանվային կայանատեղիները դատարկ չեն մնում… Մեր անցկացրած հեծանվաշքերթները օր օրի ավելի մարդաշատ են դառնում: Աճել է նաեւ աղջիկների հոսքը դեպի մեր շարքեր: Մարզերում մեզ միանում են տարբեր տարիքի հեծանվորդներ, տեսնելով մեր խումբը, նկուղներից հանում են հին ու նոր հեծանիվներն ու գալիս քաղաքով կամ գյուղով շրջելու»,-ասում է նա։ Այնուամենայնիվ, Երեւանը հեծանվային դարձնելու համար առաջնային պայմանը ճանապարհների հարմարեցնում է: Հենց այս խնդրի բարելավման համար 2018-ին Ճանապարհային ոստիկանությունը ֆեդերացիայի առաջարկով անցկացրեց հանրային քննարկում` փողոցների առաջին երթեւեկելի գոտում կամ որոշ տեղերում` մայթերի մի մասը գծանշումով առանձնացնելու եւ հեծանվային երթուղուն հատկացնելու համար։ Քննարկմանը մասնակցածների մեծ մասը դեմ էր առանց այն էլ նեղ փողոցը կիսել հեծանվորդի հետ: Եվ չնայած հասարակությունը բաժանվեց երկու խմբի, այնուամենայնիվ, մայրաքաղաքի ամենաինտենսիվ երթեւեկություն ունեցող փողոցների եւ պողոտաների խաչմերուկներում տեղադրվեցին տեղեկատու ցուցանակներ: «Կիսիր ճանապարհը անընդհատ վարորդների աչքի առաջ է, նրանք քիչ-քիչ համակերպվում են, որ ճանապարհը միայն իրենցը չէ: Վարորդների 80%-ի մոտ ագրեսիան փոխվել է զիջողականության»,- պնդում են թե պարոն Անտոնյանը, թե Լիգիան: Իսկ մյուսների դժգոհության հիմնական պատճառը խիտ երթեւեկությունն է: Արման Անտոնյանը, որը նաեւ Երեւան քաղաքի ավագանու անդամ է, վերջապես կարողացել է իր` տարիների ընթացքում մշակած ծրագիրը հասցնել կառավարությանը: Նա ընդգրկվել է Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի բարեփոխումների հանձնաժողովում, որտեղ քննարկման դրված առաջին հարցը փոքր կենտրոնի բեռնաթափումն է: Մեր զրուցակիցը բեռնաթափման համար առաջարկել է այլընտրանքային տրանսպորտային միջոցների առկայությունը մայրաքաղաքում, օրինակ՝ հեծանիվը: «Հեծանվային երկրների օրինակը պիտի օգտագործենք, բայց ոչ թե մոդելը վերցնենք ու նույնությամբ կիրառենք, այլ հաշվի առնելով մեր քաղաքի ռելիեֆի ու ճանապարհների առանձնահատկությունները, գտնենք լուծումներ: Արդեն իսկ քննարկում ենք մի քանի տարբերակ, դրանցից որը կիրագործվի` այս պահին չեմ կարող ասել: Բայց գաղտնիք բացելով` ասեմ, որ ներդրողներ գտնվել են եւ ծրագրերն իրատեսական են»,-հայտնեց պարոն Անտոնյանը: Նա հորդորում է լավատեսությամբ լցվել եւ օր առաջ սկսել հեծանիվ վարելու հաճելի ու առողջարար պրոցեսը, քանի որ վարել իմանալը շուտով հարկավոր կլինի բոլորին։
ԱԻԴԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
15.03.2019