Լրահոս
Օրվա լրահոսը

Մի պահ պատկերացրեք, որ շունը կարող է խոսել. ի՞նչ կպատմի նա ձեզ. Aravot-ի նոր շարքը՝ «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»

Մարտ 15,2019 23:54

Aravot.am-ն, ի թիվս այլ շարքերի, այսուհետեւ յուրաքանչյուր ուրբաթ ներկայացնելու է «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» խորագրով պատմությունների շարքը: Անվանումը հուշում է, թե ինչի մասին է լինելու խոսքը, սակայն նախագծի մեկնարկը ցանկանում ենք ոչ սովորական կերպով տալ: Անկախ նրանից՝ սիրո՞ւմ եք մեր շրջապատող չորքոտանի բարեկամներին, թե ոչ, այս պատմվածքը, որը մի շան մենախոսություն է հիշեցնում, կարծում ենք՝ Ձեզ կստիպի մտածել…

ՎԵՐՋԻՆ՝ 3-ՐԴ ԱՆԳԱՄ…

Առաջին աստղերը, որ տեսել եմ, մորս աչքերն էին՝ ամենամաքուր ու բարի աչքերն աշխարհում…այդ աչքերն ամեն ինչ արեցին, որ ես ցավ չտեսնեմ, մեծանամ տանիքի տակ, սոված չմնամ, բայց…մենք դեռ չենք սովորել մարդ լինել, ուր մնաց՝ մեր երեխաներին սովորեցնենք…Այդպես, մի պատանու ոտքի ուժգին հարվածների պատճառով ես կորցրի մորս…հազիվ իրեն քարշ տալով եկավ մեր մոտ, ընկավ խոնավ գետնին, լացեց, լացեց, իսկ ժամեր անց՝ լռություն էր…արցունքներս գլորվում էին անձրեւի կաթիլներին զուգահեռ. գիտեի, որ մենակ ենք մնացել: Մի քանի որ քույրերս ու եղբայրներս սովից լաց էին լինում մորս ՄԱՐՄՆԻ կողքին, երբ, ի վերջո, կողքիս եւս չորս դի ավելացավ…սովից էլ ոչինչ չէի զգում, երբ աղջկա ձայն լսեցի: Մի քանի րոպե կռացած մեր վրա՝ իր քիթը փակելով թաշկինակով՝ ուշադիր զննեց ու շոյեց գլուխս: Հետո ոչինչ չեմ հիշում: Արթնացա, երբ ավտոտնակում էի՝ շորերի վրա պառկած, դիմացս էլ՝ տարայով կաթ:

Երբեք կաթն այդքան համեղ չէր եղել: Ագահի պես կերա ու երկրորդ անգամ բերածի հարցերն էլ վայրկյանների ընթացքում լուծեցի: Իմիջիայլոց, աղջկա անունն Աննա էր: Ի տարբերություն մյուս մարդկանց, նա ինձ հետ խոսում էր՝ առանց ակնկալելու, որ ես նրան կպատասխանեմ: Կարծես գիտեր, որ ամեն ինչ հասկանում եմ, պարզապես չեմ կարող իր պես խոսել: Պատմեց, որ 12 տարեկան է, ապրում է ծնողների հետ, ու խնդրեց, որ ձայն չհանեմ, այլապես նրանք կբարկանան իր վրա: Ցավոք, այդպես էլ եղավ…Աննան ինձ իրենց տուն էր տարել առանց ծնողներին զգուշացնելու, նրանք էլ ցանկացան ինձ դուրս նետել: Աննան այնքան լաց եղավ, որ ծնողները ստիպված էին ինձ հանդուրժել: Այդպես, աննայենց բակում ես դարձա մեկ տարեկան: Հայրն ու մայրն ինձ կարծես չէին նկատում: Միայն Աննան էր ինձ կերակրում, միասին զբոսնում էինք, խաղում, եւ ինձ թվում էր, թե երջանկությունը հենց դա է, որ կա…

Ես, սակայն, մեծանում էի…գուցե Աննայի ծնողների համար դա սպասելի չէր: Բակում զբոսնելիս հաճախ էի լսում նրանց վեճերն այն մասին, որ չեն ցանկանում ինձ բժշկի տանել, կերակրել, բակը մաքրել: Ի վերջո, մի երեկո, երբ Աննան ընկերուհու ծննդյան խնջույքին էր, ինձ մոտեցավ նրա հայրը՝ փայտե երկարավուն ինչ-որ առարկա ձեռքին…բակով մեկ րոպեներ շարունակ իմ ոռնոցն էր՝ հարվածում էր ու հարվածում…ինձ հաջողվում էր փախչել երկոտանի դաժանությունից, բայց, երեք հարված, այնուամենայնիվ, կերա…մարմինս դողում էր ցավի մեջ, կյանքիս ընթացքում երկրորդ անգամ ուշագնաց եղա…արթնացա Աննայի լացից. ինձ դրել էր ծնկներին ու չէր հանգստանում: Հայրն էլ գլխավերեւում կանգնած, թե՝ «հարձակվում էր վրաս, ի՞նչ անեի՝ ձեռքերս ծալած նստեի՞»…Աննան ճչում էր, ինձ գրկից բաց չէր թողնում, բայց հայրն անդրդվելի էր: Նրա մեքենայի բեռնախցիկում ցավերից տանջվելուց հետո նետվեցի աղբանոցը…օրեր շարունակ մի կերպ քայլում էի երկու ոտքից կաղալով, ուտում՝ ինչ պատահի, որ կարողանամ տուն հասնել, բայց հետդարձի ճանապարհն այդպես էլ չգտա…քայլում էի անծանոթ փողոցներում, տեսնում անտարբեր մարդկային դեմքեր ու հիշում միայն Աննային: Աչքիս առաջ պտտվում էին մեր երջանիկ օրերը, մեր խաղերն ու զբոսանքները: Երեւի երջանկությունը հենց սերն է՝ անշահախնդիր ու հոգատար սերը…

Իմ տունը կրկին դարձավ փողոցը՝ լի վտանգներով ու սոված օրերով: Թե հաջողվում էր աղբանոցներից մի երկու կտոր ուտելիք գտնել, երեխայի պես ուրախանում էի: Վաղուց երեխա չէի, բայց հաճախ էի կարոտում քույրերիս ու եղբայրներիս մարմնի ջերմությունը, հատկապես, երբ ցուրտ էր լինում: Ինձ հաճախ էին երեխաներ մոտենում՝ մի հացի կտոր կամ քացի տալիս…Թափառում էի փողոցից փողոց, բակից բակ, բայց ինձ գրեթե միշտ քշում էին…երբ հանգիստ պառկած էի լինում, կամ լսում էի՝ «չմոտենաս՝ կկծի», կամ՝ «տես, բալես, ինչ սիրուն շունիկ ա, արի սիրի շունիկին», մտածում էի՝ ինչո՞ւ են մարդիկ այդքան տարբեր: Ճիշտ է, բոլորն ինձ պես խելոք չեն, բայց ի՞նչ անես, երբ մարդն անհարկի հարվածում է քեզ: Կամ պետք է փախչես, կամ՝ պաշտպանվես: Ես, ամեն դեպքում, պաշտպանվողներից չէի: Սիրում էի երեխաներին, հատկապես՝ նայել, թե ինչպես են խաղում. չէ՞ որ իմ մանկությունը կիսատ էր մնացել…Երազում էի, որ բոլոր մարդիկ սիրեն իրար ու…ինձ, չէ՞ որ ես ոչ մեկին չէի խանգարում:

Ի վերջո, ինձ սիրողն էլ հայտնվեց…նրան Սեւո էին ասում: Սեւոյին մի քանի անգամ եմ տեսել, բայց շնորհակալ եմ, որ ինձ պարգեւեց մայր լինելու երջանկությունը: Գարնանային մի զովաշունչ երեկո ես հինգ սեւուկ գեղեցկուհի ունեցա: Ստիպված էի բակերից հեռու մի տեղ՝ աղբանոցին մոտ մի մեքենայի ջարդոնի մեջ պատսպարվել: Այդպես ապահով էր եւ ինձ, եւ սեւուկներիս համար: Մեծ դժվարությամբ էի ինձ համար սնունդ գտնում, որպեսզի նրանք կաթ ունենան: Մի օր փողոցում, երբ ուտելիքի հերթական փնտրտուքի մեջ էի, մի կնոջ ձեռք իջավ գլխիս: Մարետա տատիկն էր՝ մթերային փոքրիկ խանութի մաքրուհին: Օրը մեկ անգամ ես գնում էի խանութի մոտ եւ կերակրվում: Ճիշտ է, խանութպանն ինձ ավելով քշում էր, բայց տիկին Մարետան ուտելիքով ափսեն միշտ պահում էր ինձ համար: Մի օր էլ երկար սպասեցի տատիկին…չեկավ…խանութպանը կրկին դուրս եկավ ավելը ձեռքին՝ բղավելով. «պառավը մեռավ, սրանից պրծում չունե՜նք»: Դա նրա ավելի վերջին հարվածն էր ինձ…

Օրեր շարունակ սեւուկներիս համար կեր էի փնտրում աղբանոցներում, հետո ստիպված լքեցինք օրորոց դարձած մեքենայի ջարդոնը…Մի հին գործարան էր՝ առանց դուռ ու պատուհանի, այդտեղ գիշերեցինք: Ապահով էր՝ մարդկանցից հեռու, բայց ես ամեն օր նրանց մոտ էի շտապում՝ ուտելիք գտնելու: Հինգ գեղեցկուհիներս արդեն ինձ հետ էին զբոսնում, բայց ինձ էլ վիճակված չէր նրանց երջանիկ մեծացնել: Փողոցում աչքիս առաջ երեք աղջիկներիս վզին երկաթե պարան հագցրին ու նետեցին ինչ-որ մեքենա՝ պատուհաններին սեւուկներիս պես գեղեցիկ բալիկների նկարներով: Մնացինք երեքով…ստիպված էի թաքնվել ու թփուտների արանքից լսել երեխաներիս կաղկանձը…հարձակվեցի նրանց առեւանգողներից մեկի վրա, վնասեցի թեւը, բայց՝ ապարդյուն: Եթե չփախչեի, ինձ էլ կբռնեին, մյուս երեխաներս էլ անտեր կմնային: Չգիտեմ՝ ինչո՞ւ տարան նրանց, բայց երբ մեքենան հեռանում էր, երեխաներիս թողեցի մի թաքստոցում ու հետեւեցի մեքենային: Երբեք այդքան չէի վազել…իհարկե, փորձում էի աննկատ մնալ: Մեքենան կանգնեց մի շինության մոտ, ու դարպասներից վանդակներով ներս տարվեցին երեխաներս: Մեքենայի մեջ այլ երեխաներ էլ կային՝ մայրերի հետ: Ցանկապատի մի անկյունում փոս փորեցի ու ներս սողոսկեցի…թփուտներից այն կողմ միայն կարողացա տեսնել վանդակներում փակված մայրերի, հայրերի, երեխաների՝ անհաղորդ դեմքերով…ոչ-ոքի ձայնը դուրս չէր գալիս, կարծես բոլորը ժամանակի մեջ քարացած լինեին: Չեմ հիշում, թե քանի ժամ նստեցի թփերի մեջ, վազելուց հոգնել էի ու փոքր-ինչ քնեցի: Արթնացա երեխաներիս ձայնից: Պատուհանից ներս աղիողորմ կաղկանձ լսվեց ու…լռություն…այլեւս ոչինչ չլսեցի…

Ցանկապատի տակով հետ սողոսկեցի ու քայլերս հազիվ ուղղեցի դեպի ճանապարհը: Երբեք ինձ այդքան հուսալքված ու անպիտան չէի զգացել: Միայն մտածում էի՝ շուտ հասնեմ մյուս սեւուկներիս, երբ ճանապարհից հեռու՝ դաշտի մեջ, անսովոր հոտ զգացի…այն, ինչ տեսա մոտենալուն պես՝ ոչ մի ցավի հետ չի համեմատվի՝ փոսի մեջ լցված մայրեր, հայրեր, քույրեր ու եղբայրներ, բոլորը՝ անշունչ…

Գարնանային զովաշունչ առավոտ էր. բակերից մեկում մի կին ինձ ոսկոր էր հյուրասիրել: Կերա, մի մեծ կտոր էլ առա բերանս ու շտապեցի թաքստոց: Երբ փողոցն էի անցնում՝ ձագուկներիս սպասված ուտելիքը հասցնելու, ուշագնաց եղա՝ վերջին՝ երրորդ անգամ…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ. Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը միայն ֆինանսական լուծում չէ, որ պահանջում է: Երեխաներիս սովորեցնելու եմ, որ շունը կենդանի էակ է, որը եւս մարդկային  վերաբերմունքի է արժանի: Նրանք իմանալու են, թե ինչպես պետք է շանը խնամել, պատասխանատու լինել նրա վարքի եւ հիվանդությունների բուժման համար, եւ, իհարկե, նրանք գիտենալու են, թե ինչպես տարբերել ագրեսիվ շանը: Ագրեսիվությունն էլ, իհարկե, իր հիմնավոր պատճառներն ունի: Մեզանում ծնողներն են պատասխանատու երեխայի՝ կենդանու հանդեպ վերաբերմունքի համար, եւ այդ վերաբերմունքից է, որ կարելի է հստակ պատկերացում կազմել մարդկային որոշ կարեւոր որակների մասին: Իսկ կենդանուն տանջամահ անելը կամ կրակելով սպանելը մարդ-տեսակի մեջ տեղավորվելու ոչ մի հիմքեր չունեն:

Հեղինակ՝ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ի ՀԱՎԵԼՈՒՄՆ «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ

Եթե դու ունես՝

կենդանի, որի մասին կցանկանաս պատմել,

-կենդանիների խնամքի փորձ եւ խորհուրդներդ մեծ սիրով կծառայեցնես ընթերցողներին,

-կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ,

-զավեշտալի կամ հետաքրքիր պատմություն քո խնամքի ներքո գտնվող կենդանու մասին,

կենդանիների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ առաջարկելու պատրաստակամություն,

կամ՝ անասնաբույժ ես եւ կկամենաս ներկայացնել քո ձեռամբ փրկված կյանքերի պատմությունը, ապա «Կենդանապատումը» սպասում է քո զանգին(095 85 99 06):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031