«Փաստաթուղթը մենք պատրաստվում ենք կոնցեպտուալ առումով վերանայել»,- այսօր «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թթ-ի ռազմավարության քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ժաննա Անդրեասյանը (լուսանկարում): Վերջինիս խոսքով՝ ակնհայտ է, որ ռազմավարությունը պետք է վերաբերի շատ տարբեր ոլորտների, այսինքն՝ որ ոլորտում, մենք ինչպե՞ս ենք տեսնում խնդիրների կարգավորումը: Տիկին Անդրեասյանը նշեց, որ նախարարությունում ռազմավարության տարբերակ արդեն առկա է, ավելին՝ այն տևական ժամանակ դրված է եղել edraft.am հարթակում քննարկման համար, և ստացվել են որոշ առաջարկներ:
«Իհարկե, զգալի է այն հսկայական աշխատանքը, որն արվել է , բայց երբ արդեն կարիք ունեինք մոտենալու փաստաթղթին որոշումների կայացման և հետագա ընթացք տալու տեսանկյունից, ակնհայտ էր, որ կարիք կա ունենալու շատ կիրառելի և գործնական առաջարկություններ, որոնք թույլ կտան 2023 թ-ին, երբ ռազմավարության ժամկետը լրանա, իրապես ասել, թե ինչ է փոխվել, չի լինի ռազմավարության արդյունքի այնպիսի մի ցուցիչ, որը միշտ կարելի է ունենալ և միևնույն ժամանակ չհասկանալ, թե ինչի համար»,- իր խոսքում նշեց տիկին Անդրեասյանը:
Տիկին Անդրեասյանը ընդգծեց, որ այն ռազմավարությունը, որն ինքը պատկերացնում է, կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ գործիքներով է, որովհետև, ըստ նրա՝ բոլոր այդ խնդիրները իրականում մեր խնդիրներն են՝ շոշափելի, նյութական, առնչվում են յուրաքանչյուրիս, հետևաբար, լուծումները պետք է լինեն նույնքան շոշափելի:
Քննարկման ժամանակ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ Ալինա Հովհաննիսյանը, խոսելով ռազմավարության ներկա տարբերակի մասին, նկատեց, որ կանանց տարբեր խմբերը տեսանելի չեն նաև այս ռազմավարության մեջ: Նա նշեց, որ ռազմավարության երրորդ տարբերակում հաշմանդումություն ունեցող և ՄԻԱՎ-ով ապրող կանանց վերաբերյալ որոշակի դրույթներ տեսանելի են, «բայց միևնույն ժամանակ մյուս խմբերը ուղղակի դուրս են մնացել այս ռազմավարությունից: Եվ հենց այն, որ մենք մշակելուց մտքներումս չենք ունենում սահմանամերձ գյուղում ապրող կնոջը և իր կյանքում որոշակի փոփոխություն մտցնելու գաղափարը, շատ կարևոր է, որի շուրջ արժի մտածել»:
Տիկին Հովհաննիսյանը իր խոսքում ընդգծեց, որ այս ռազմավարության մեջ առողջապահություն հատվածը գենդերային տեսանկյունից կույր է:
«Այսինքն՝ «Կյանքի ստենդ» ծրագրի ներդրումը բացարձակ այս ռազմավարության մեջ տեղ գտնելու բան չէ, կամ շաքարային դիաբետով ապրողների կյանքի որակի մասին, ինչը շատ կարևոր է անշուշտ, բայց գենդերային հավասարության ռազմավարության շրջանակներում ինձ թվում՝ չպետք է անդրադարձ կատարվի դրանց: Կանանց սեռական և վերարտադրողական առողջության հատվածը ամբողջովին բաց է մնացել նաև այս ռազմավարության մեջ»,- ասաց նա:
Տիկին Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ընտանեկան բռնություններին. «Իրականում գիտեմ, որ քննարկվում է այս մասով առանձին ռազմավարություն ունենալը, և ուզում եմ հիշեցնել, որ մեզ սպասում է նաև այդ ռազմավարությունը, որովհետև ինչքան էլ մենք ասում ենք՝ ունենք օրենք, բայց փաստացի դեռևս ունենում ենք կնասպանության դեպքեր, ինչի վառ ապացույցն է մի քանի օր առաջ որդու կողմից սպանված կինը: Այսինքն՝ այստեղ ևս շատ անելիքներ ունենք»:
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի» ներկայացուցիչ Նվարդ Փիլիպոսյանը ընդգծեց, որ երբ խոսում ենք իրավահավասարության կամ հավասար հնարավորությունների մասին, նաև պետք է խտրականության դեմ պայքարի գործուն մեխանիզմների մասին մտածենք:
«Այս պահին քննարկվում է նա Խտրականության դեմ կամ իրավահավասարության մասին օրենքի նախագիծը: Կարծում եմ՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության օրենքի աշխատանքի թերացումները կախված են նաև այդ մեխանիզմների բացակայության հետ: Իմ կարծիքով՝ այս ռազմավարությունը պետք է որոշ չափով անդրադառնա խտրականության դեմ պայքարի մեխանիզմների, և դա արվի հենց Խտրականության դեմ պայքարի օրենքի համատեքստում»,- հավելեց նա:
Ռոզա Հակոբյան