Այս հայտարարությամբ ԿԲ-ը ըստ էության, հաստատել է իմ ասածը:
Աշխատանքային խմբի ստեղծումից տասնհինգ օր անց «կոնվեցիայախեղդ» հայտարարություն հրապարակելով եւ դրանք, Կենտրոնական բանկի շարքային աշխատակիցների մեկնաբանություններով համեմված, տարածելով՝ Կենտրոնական բանկը փորձում էր «անկախ» պատասխան ներկայացնել իմ այսօրվա հրապարակմանը
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ այն ինչ ասել եմ` չենք պնդել, որ չկա առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտ, սակայն դեմ ենք ինստիտուտը արդի իշխանությունների համար մուտացիայի ենթարկելուն:
Մեզ համար նվազագույնը զարմանալի է, որ Կենտրոնական բանկի հետազոտությունները «Google» որոնողական համակարգի առաջին բերած աղբյուրի խորությունը չեն գերազանցում։
Ինչ գրել եմ, ինչպես նա տասնապատիկ շատ դիտարկումներս կներկայացնեմ առաջիկա վերլուծության մեջ:
Ու այս պարագայում չի փրկում նաեւ այսօրվա հայտարարությունը, որովհետեւ միայն կոնվեցիաների անունը վկայակոչելը չի նշանակում, որ հայտարարությունը արժեքավոր եւ հիմնավորված է։ Հատկապես, որ դրանք ոչ ոք չէր վիճարկել:
Կենտրոնական բանկը ավելի լավ է զբաղվի նրանով ինչով մասնագիտացված է՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինասնավորման դեմ պայքարով, ոչ թե «non-conviction based forfeiture»-ի մասին իր աշխատակիցների ընկալումները տարածելով։
Այդ իսկ պատճառով հորդոր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝
Հ.Գ. Նախ կոչ արեք Ձեր աշխատակիցներին՝ հանգիստ նստեն տեղները, ոչ թե մի կողմից մասնագիտական պատասխանների մասին հորջորջեն, մյուս կողմից կոռեկտության, ծառայամտության եւ ամբոխահաճության վերաբերյալ քաղաքական հայտարարություններ տարածեն։ Բան ունեիք ասելու հայտարարության մեջ զետեղեիք:
Կարդացեք` ձեր հայտարարության մասնագիտական մեկնաբանությունը:
15.03.2017 թվականին ԿԲ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Խումբ, որը պետք է քննարկի ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրումը։
Առաջին ինստիտուտի (այդ թվում՝ դրա կապակցությամբ ԿԲ-ի կողմից վկայակոչված Վարշավայի կոնվենցիայի, դրա համապատասխանության գնահատման հաշվետվության, միջազգային փորձի և այլնի) մասով այս պահին որևէ դիրքորոշում չունենք։
Ինչ վերաբերում է երկրորդ ինստիտուտին (առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում), ապա դրա վերաբերյալ կատարել ենք հրապարակում, որում նշել ենք, որ ԿԲ-ի կողմից մշակված հայեցակարգը խիստ թերի է և խնդրահարույց։ Հրապարակումը նորից պնդում ենք։
«Ի՞նչ է վկայակոչվել ԿԲ-ի այսօրվա հայտարարության մեջ այս ինստիտուտի վերաբերյալ։
1.«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (UNCAC) – Մինչդեռ այն շատ քիչ ուղղակի կարգավորումներ ունի առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ։ Այդ քիչ կարգավորումներն էլ վերաբերում են «պետություն – պետություն» հարաբերություններին (միջազգային համագործակցությանը)։ Ավելին, UNCAC-ը այս ինստիտուտի ներդրման հնարավորությունը քննարկում է այն դեպքերի համար, երբ հանցավորն օբյեկտիվ պատճառով չի կարող դատապարտվել։
2.ՖԱԹՖ-ի 4-րդ և 38-րդ հանձնարարականներ – 4-րդ հանձնարարականը ոչ թե սահմանում է այս ինստիտուտի ներդրման պահանջ, այլ՝ խորհուրդ է տալիս ինստիտուտը ներդնել այնքանով, որքանով դա համապատասխանում է ներպետական իրավունքի սկզբունքներին։ 38-րդ հանձնարարականը ինստիտուտի մասին խոսում է միայն միջազգային համագործակցության շրջանակներում և կրկին այնքանով, որքանով որ դա չի հակասում ներպետական իրավունքի սկզբունքներին։
3.ՏՀԶԿ 2018թ. հաշվետվություն – Դրա մեջ ընդամենը նշվել է, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը «նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ»։ Մինչդեռ ԿԲ-ն նշել է, իբր թե այս հաշվետվությամբ ամրագրվել է, որ Հայաստանում այս ինստիտուտը «չի ներդրվել» (կարծես թե՝ «պետք է ներդրվեր, բայց չի ներդրվել»)։ Ինչ վերաբերում է UNCAC-ի գործիքները ներդնելու կոչին, ապա արդեն նշել ենք, որ UNCAC-ը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին անդրադառնում է միջազգային համագործակցության լույսի ներքո։
4.ՄԱՆԻՎԱԼ-ի հաշվետվություն – Սրա մեջ Հայաստանին ընդամենը խորհուրդ է տրվել ներդնել այս ինստիտուտը (Armenia should consider …), այլ ոչ թե ասվել է, որ Հայաստանը պետք է դիտարկի ինստիտուտի ներդրման հարցը (Armenia must consider …):
Ինչո՞ւ ենք խորամուխ լինում բառերի և ձևակերպումների մեջ։ Որպեսզի որևէ մեկի մոտ չստեղծվի այնպիսի թյուր տպավորություն, իբրև թե Հայաստանը, այս ինստիտուտը չներդնելով, առ այսօր խախտել և խախտում է իր միջազգային պարտավորությունները։ Նման բան չկա և չի կարող լինել։
Ավելին, վերը նշված փաստաթղթերն ընդհանուր առմամբ խոսում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի մասին՝ առանց կոնկրետ մոտեցումներ առաջարկելու։Այդ հայեցակարգային մոտեցումները չեն հիմնավորվում վերը նշված փաստաթղթերից որևէ մեկով։
Ինչ վերաբերում է վկայակոչված բազմաթիվ երկրներին։ Նորից նշենք, որ ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության մասով միջազգային փորձի վերաբերյալ դեռևս ուսումնասիրություն և ասելիք չունենք։ Իսկ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի մասով մենք մանրամասն ուսումնասիրել ենք ԿԲ-ի հայեցակարգում մեջբերված փորձը և պնդում ենք, որ այդ փորձը պատշաճ չի ուսումնասիրվել, հիմնականում վերաբերելի չէ Հայաստանին և չի հանդիսանում լավագույն փորձի ամփոփում»:
Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ