Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, կան տասնյակ վիրավորներ: BBC-ն ամփոփել է՝ ինչ է հայտնի ահաբեկչության մասին:
Ե՞րբ և ինչպե՞ս է դա տեղի ունեցել
Նոր Զելանդիայի արևելքում՝ Քրայսթչերչ քաղաքում, անհայտ անձիք կրակ են բացել երկու մզկիթներում գտնվող մարդկանց վրա:
Զինված անձիք տեղի ժամանակով 13:45-ին ներխուժել են քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «Ալ-Նուր» և Լինվուդ արվարձանում գտնվող մզկիթները և կրակ բացել այնտեղ գտնվող հավատացյալների վրա:
Հարձակման պահին երկու մզկիթներում, ընդհանուր առմամբ եղել է մոտ 500 մարդ:
Ավելի ուշ ոստիկանությունը մզկիթների մոտ կայանած ավտոմեքենաներում հայտնաբերել է մի քանի չգործարկված ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
Հրաձգությունը Նոր Զելանդիայի պատմության ամենաարյունալի իրադարձությունն է:
Ի՞նչ է հայտնի հարձակման զոհերի մասին
Վերջին տեղեկություններով՝ հարձակումների զոհ է դարձել 49 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ ծանր վիրավորվել են: Զոհերի թվում, ըստ երկրի իշխանությունների, կամ մեծ թվով ներգաղթյալներ, այդ թվում փախստականներ:
«Քրայսթչերչը նրանց համար տուն էր դարձել: Շատերի համար այն ծննդավայր չէր: Նոր Զելանդիան շատերի համար դարձել էր ընտրություն: Վայր, որտեղ եկել էին և որին նվիրվել»,- ասել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը:
Զոհերի և վիրավորների թվում կան տարբեր երկրների քաղաքացիներ:
Ըստ 2013թ. մարդահամարի՝ Նոր Զելանդիայում իսլամ դավանում է երկրի բնակչության 1%-ից մի փոքր ավելին:
Ի՞նչ է հայտնի հարձակում իրականացողների մասին
Առայժմ հայտնի չէ՝ քանի մարդ է մասնակցել հարձակմանը: Ձերբակալվել է երեք մարդ:
Ըստ ոստիկանության՝ սպանության մեղադրանք է առաջադրվել երեք ձերբակալվածներից մեկին՝ 26-29 տարեկան մի տղամարդու: Հաղորդվում է, որ նա դատարանի առաջ կկանգնի մարտի 16-ին: Սկզբնապես ձերբակալվել էր չորս մարդ, բայց ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ նրանցից մեկը մասնակից չէ հարձակմանը:
Ոստիկանական խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազենային զենք և զինամթերք: Դատելով հայտնաբերված զենքի քանակից՝ հարձակումները մանրամասն ծրագրված են եղել:
Ականատեսները տեղի ԶԼՄ-ներին պատմել են, որ «Ալ-Նուր» մզկիթում կրակ է բացել զինվորական համազգեստով և սաղավարտով մի տղամարդ՝ զինված հրազենով: Ըստ ամենայնի՝ նա միայնակ է եղել:
Մյուս մզկիթում տեղի ունեցած հարձակման մասնակիցների կամ նրանց դրդապատճառների մասին տեղեկություն չկա:
Ի՞նչը կարող էր լինել հարձակման նպատակը և դրդապատճառը
Երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը հարձակումն անվանել է ահաբեկչություն և բռնության աննախադեպ գործողություն երկրի պատմության մեջ:
Հաղորդվում է, որ հարձակման մասնակիցներից մեկն ավստրալացի է, որը հարձակումից առաջ հռչակագիր է տարածել՝ դրանում արտահայտելով ուլտրաաջ ծայրահեղական, հականերգաղթային հայացքներ: Հռչակագրի հեղինակը պնդում է, որ ինքը 28 տարեկան է և ծննդով Ավստրալիայից է:
«Սա ահաբեկչական գործողություն է»,- ասվում է հռչակագրի տեքստում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ