ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը. սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին:
2019թ. մարտի 15-ին՝ ժամը 11:40-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել՝ 88-ամյա կնոջ սպանության վերաբերյալ:
Նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, կացնով հարվածել է իր՝ 1930 թվականին ծնված մոր գլխի շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տարեց կինը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ: 62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մորն սպանելու կասկածանքով:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Պարզվել է, որ 62-ամյա տղամարդը 14.05.2007թ. «ասթենո-դեպրեսիվ համախտանիշ» ախտորոշմամբ հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին