Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանները, կանանց և երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը՝ կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության հետ:
Կողմերը քննարկել են նաև Ֆինլանդիայի աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած նախադպրոցական, ինչպես նաև հանրակրթական, երեխայի խնամք իրականացնող հաստատություններում ջրի հասանելիության և սանիտարական պայմանների մշտադիտարկման արդյունքները:
Դեսպան Արյա Մակոնեն շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ