Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության և լավ կառավարման բարեփոխումների հարցերին:
Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ՝ բարեվարքության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները՝ որպես կայուն բարեփոխումների համար կարևոր գործոններ ուսումնասիրելու նպատակով:
Քննարկման հիմնական թեման էր առաջնորդների առանցքային դերը բարեփոխումների խթանման գործում: Ներկայացվել է նաև ՀՀ ՊՆ համագործակցությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ:
Խորհրդաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև քաղաքական մակարդակում փոփոխությունների համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելու հարցին: Կարևորվել է ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում բարեվարքության սկզբունքների ներառումը, ինչը կխթանի բարեվարքության բարեփոխումները քաղաքական մակարդակում և կամրապնդի բարեվարքության մշակույթը:
Խորհրդաժողովը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի` Հայաստանում տեղի ունեցած առաջին բարձրաստիճան միջոցառումն էր 2013 թվականից՝ ծրագրին ՀՀ պաշտպանության նախարարության միանալուց ի վեր: 2016թ.-ին ՆԱՏՕ-ն, Պաշտպանության նախարարության կողմից լրացված ինքնագնահատման հարցաշարի առավել խորը և հանգամանալից ուսումնասիրության նպատակով, իրականացրեց փորձագիտական խմբի այց Հայաստան: Ինքնագնահատման գործընթացը և փորձագիտական վերանայումը Բարեվարքության ամրապնդման ծրագրի հիմնաքարն են և հիմք են ապահովում թե´ ինստիտուցիոնալ, և թե´ անհատական մակարդակներում բարեվարքության և լավ կառավարման հարցերում ՆԱՏՕ-ի հասցեական աջակցությունից օգտվելու համար: Միջոցառմանը մասնակցել են Պաշտպանության նախարարության, Անվտանգության խորհրդի, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Զինվորական դատախազության, Քննչական կոմիտեի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, Արտաքին գործերի նախարարության, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և փորձագետներ: Միջոցառման ավարտին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին է հանձնվել Բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման լրամշակված հարցաշարը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողովի ավարտին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին և միջազգային փորձագետներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն