Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմի օրերին տարածքներ է վաճառել» արտահայտությունը վերաբերել է Խաչատուրովին եւ բնույթով արատավորող է». փաստաբան

Մարտ 15,2019 18:05

Դատավոր Տաթեւիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր «Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» քաղաքացիական հայցով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դատի է տվել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին՝ 2018թ.-ի ասուլիսներից մեկում իր հասցեին ապրիլյան ռազմական գործողությունների առնչությամբ հնչեցրած որոշակի արտահայտությունների (մանրամասն՝ հաջորդիվ) համար: Նա պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում՝ երկու միլիոն դրամի չափով եւ հրապարակային հերքում: Այսօրվա նիստում Յուրի Խաչատուրովի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանն անդրադարձավ նախորդ նիստում Ստեփան Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկուհի Հարությունյանի այն պնդմանը, թե Գրիգորյանի արտահայտությունները եղել են գնահատողական՝ կարծիք հայտնող, ուստի այդ հիմքով Խաչատուրովի հայցը ենթակա է մերժման:

Բեքմեզյանը նախ նկատեց՝ Ստեփան Գրիգորյանին ուղղված լրագրողի հարցը չի վերաբերել ապրիլյան ռազմական գործողություններին, այլ առնչվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, սակայն Ստեփան Գրիգորյանն է անդրադարձել դրանց եւ Յուրի Խաչատուրովին վերագրել գործողություններ, որոնք, ըստ Բեքմեզյանի, չեն համապատասխանում իրականությանը. «Դրանք ոչ թե կարծիք են, այլ արտահայտում են տվյալներ: Օրինակ, Ստեփան Գրիգորյանն ասել է՝ «ԱԱԾ-ին կառաջարկեմ ստուգել Խաչատուրովի հաշիվները», կամ՝ «տարածքները ձրի չեն հանձնվում»: Այսինքն, նա ասում է, որ Խաչատուրովն է դրանում մեղադրվում: Նա չի էլ փորձել գնահատական տալ, այլ համոզված է եղել իր պնդումներում եւ ԱԱԾ-ին դրդել է որոշ գործողություններ իրականացնելուն: Ուստի այստեղ գնահատողական դատողություններ չկան»:

Ստեփան Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանն էլ իր հերթին պնդեց, որ Գրիգորյանը զրպարտության միտում չի ունեցել. «Նրա արտահայտություններում զրպարտող բնույթի փաստացի տվյալներ չկան, եթե նախադասություններն անգամ հատ-հատ վերլուծենք: Նրա ասածները կասկած-կարծիք են: Որպես մասնագիտացված քաղաքագետ՝ նա իր կարծքին է ներկայացրել՝ կասկած արտահայտելով: Նա այլ հարցերի վերաբերյալ էլ է մեկնաբանություններ արել»:

Գրիգոր Բեքմեզյանը հարցրեց՝ «կասկած-կարծիքն ինչի՞ վրա է ձեւավորվել»: Հայկուհի Հարությունյանը պատասխանեց. «Կարծիքի ազատության իմաստն այն է, որ այն քննության չի ենթարկվում: Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ անձը (նկատի ունի Խաչատուրովը) իրականացրել է որոշակի թերի գործառույթներ»:

Խաչատուրովի շահերի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանն ամփոփեց՝ ասելով, որ Ստեփան Գրիգորյանի՝ «ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է հողերի վաճառքին», «ապրիլյան պատերազմի օրերին տարածքներ է վաճառել» արտահայտությունները վերաբերել են Յուրի Խաչատուրովին եւ բնույթով արատավորող են:

Ստեփան Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը չհամաձայնեց՝ պնդելով, որ իր ասուլիսում Ստեփան Գրիգորյանը հրապարակային ձեւով դիմել է իրավասու կառույցին (նկատի ունի ԱԱԾին), քանի որ ունեցել է կասկած, եւ նման տեղեկատվության պարագայում հայցվորի՝ Յուրի Խաչատուրովի պահանջները ողջամիտ չեն. «Ընդ որում, այդ արտահայտությունը պաշտոնական արձագանք՝ հերքում, չի ստացել»: Հավելենք, որ այս բողոքի քննության հաջորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին՝ 16:00-ին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1987369414904216/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031