ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Համաշխարհային Բանկն իր գործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Բանկը մեծ աջակցություն է ցուցաբերել այնպիսի հավակնոտ բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպիսիք են հարկաբյուջետային ոլորտի և տնտեսական կարողությունների հզորացման հարցերը:
Արթուր Ջավադյանն անդրադարձել է կապիտալի շուկայի զարգացման և տեղական արժույթով ֆինանսավորման հարցերին, շեշտելով, որ դրանք ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման կարևոր քայլերից են: Այս առումով միջազգային ֆինանսական կառույցները հետաքրքրության մասին են վկայում վերջիններիս կողմից հայաստանյան բանկերին տեղային արժույթով բաժնետոմսերի թողարկման հարցում ցուցաբերվող օժանդակությունը: Նա հույս է հայտնել, որ Բանկը կարգավորման և մասնավոր հատվածի ոլորտների իր բարձրակարգ փորձագիտական աջակցությունը կցուցաբերի ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությանը:
Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալը նույնպես բարձր գնահատեց գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ առանձնահատուկ ընդգծելով ԿԲ և ՀԲ երկարատև արդյունավետ գործընկերության փաստը: Նա փոխանցեց Համաշխարհային բանկի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրին:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև այն ծրագրերը, որոնցում ազդեցիկ դերակատարում կարող է ունենալ Համաշխարհային Բանկը:
ՀՀ կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրություն