Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ևս հետաձգեց անցած տարվա դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Անդրեևիչ Ռազգելդիևին ռուսական 102-րդ ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի քննությունը:
Դատախազ Մարտիրոսյանը, որը նոր էր ներգրավված գործում․ նախորդ դատախազը գտնվում էր արձակուրդում, ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը բավարարեց նրա խնդրանքը՝ դատը հետաձգելով մարտի 19-ին։ Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արայիկ Զալյանը սակայն առարկում էր՝ նշելով, որ բողոքի նյութը մի քանի թերթ է և կարելի է ծանոթանալ երկու ժամվա ընթացքում։ Փաստաբանը դատախազության կողմից գործը ձգձգելու միտում է տեսնում, նա նշում է, որ դատախազը պատրաստված պիտի գար այսօրվա դատական նիստին։
Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը, որին դատավոր Միսակյանը նախազգուշացրեց խոսել առանց դժգոհությունների, դատարանին դիմելիս ասել՝ «հարգելի դատարան», խոսելիս ոտքի կանգնել։
Վայրկյաններ տևած նիստից հետո, Անահիտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն երեք անգամ քննիչն է կանչել, բայց այդպես էլ սպանության հանգամանքներից ոչինչ պարզ չէ։
«Կսեն ինչ օր ռուսն է, բայց ես ի՞նչ գիտեմ, հաստատ ռո՞ւսն է, կարող է ռուսին խրատ են տվել, կամ միգուցե հայն է, կամերաները լրիվ ցույց չեն տա, թե մամայիս իսկական ով է զարկողը․․․ Կամերայի նկարած մի դրվագ ցույց տվեցին, պատի կողմից երիտասարդ ինչ-որ մի տղա կուգա, մամայիս հետևից, երկու ոտ կերթա ու կամերան կանջատեն։ Հարյուր հատ կամերա կա էդտեղ, էդ մի կամերա՞ն է ֆիքսել, զարկելը ցույց չեն տվել։
Մենք ռուսի հետ բացարձակ ոչ մի կապ չունինք, իսկ նախաքննական մարմինը ոչ մի պատճառ մեզ չի ասել, կսեն դատի ժամանակ պատճառը պարզ կեղնի։ Ես չեմ էլ հավատա, էս քաղաքը ծուռ եկել է, ծուռ էլ կերթա, մանավանդ մենք, որ թիկունք չունինք, ոչ էլ գումար։
Անմեղ զոհ էղավ մայրս, գոնե իսկական մեղավորին պատժեն, ինչղ օր մեր տան ճրագը, ըդպես էլ իրանց տան ճրագը թող մարի։ Տատս առաջին կարգի ինվալիդ է, ինչի՞ պիտի վիզը ծուռ դռանը նայե, գիտե, թե իր աղջիկը ներս պտի մտնի, ինչի՞, ի՞նչ մեղք էին գործել, մայրս խղճով, կենդանիներին կպահեր, եղել են օրեր, ինքը հաց չի կերել, կենդանիներն է տվել․․․
Էդ օրը տնից 7-ին էր դուրս եկել, հիմի նոր 8-ին են դարձրել հավաքարարների աշխատանքը, էդ ժամանակ լրիվ մութ էր։ Ես եղա դեպքի վայրում, էդտեղի կինն ասաց, թե մայրս դեպքից հետո խոսացել է, քայելելով գնացել, նստել է աստիճաններին։ Էդ կինը մորս ասել է՝ շտապօգնության եմ զանգել, մամաս էլ շնորհակալություն է հայտնել, ուղղակի ծնոտը որ կոտրված է եղել, հազիվ է խոսացել, բայց թե ինչի՞ միլիցիան ու բժիշկները թաքցրեցին, որ խոսացել է, էդպես էլ չհասկացանք։ Բժիշկն ասում էր՝ մամադ շոկի մեջ է եղել, չթողեցին, որ մի րոպե մտնեի մոտը։ Քննիչը մեզանից առաջ մտավ վերակենդանացման բաժանմունք, չգիտեմ ինչ խոսացին, ինչ արեց, մինչև մենք մտանք, բժիշկն ասաց՝ աղջիկ ջան ՝ մամադ էլ չկա, գլխի ուժեղ հարվածներից մահացավ: Բայց հետո իմացանք, որ էդ ժամանակ դեռ կենդանի է եղել, կես ժամ հետո է մահացել։ Մամայիս հետի աշխատողը մտել էր մոտը, ինքը գիտեր։ Հարազատը որ չմտնի ծնողի մոտ, բա ո՞վ մտներ, օտարն ինչի՞ պտի մտներ, ուրա՞ բժիշկ, ուրա՞ միլիցիա․․․ Կարող է ինքը իր հարազատին ասեր ինչ էր եղել, ոչ թե օտարին։ Միակ հույսս դատարանն է, որ գոնե իսկական մեղավորին գտնի»,-ասաց Անահիտ Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ